
Պատգամավորն ահազանգում է` կապիտալ ծախսերը թերակատարվել են 51.5 տոկոսով
Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադևոս Ավետիսյանը բարձրաձայնեց, որ կապիտալ ծախսերը հունվար-հոկտեմբեր ամիսների կտրվածքով թերակատարվել են 51.5 տոկոսով: Այսինքն՝ նախատեսված 565 միլիարդից կատարվել է 274 միլիարդը: Նշեց՝ օրինակ՝ փոքր ջրամբարների կառուցման կապիտալ ծախսերը թերակատրվել են 76 տոկոսով:
«Նորից հույսը դրել ենք Սևանա լճից լրացուցիչ ջրառի վրա, որը հղի է խորացող բնապահպանական հետևանքներով»,-ասաց պատգամավոր Ավետիսյանը:
Նա նշեց նաև այլ ոլորտների կապիտալ ծախսերը: Մասնավորապես ասաց, որ անընդհատ խոսում են կրթությունից, սակայն այս տարվա 10 ամիսների կտրվածքով կապիտալ ծախսերը թերակատարվել են 80 տոկոսով: Պաշտպանության նախարարության կապիտալ ծախսերը նույնպես թերակատարվել են 49 տոկոսով, իսկ բարձր տեխնոլոգիաների ոլորտում` 60 տոկոսով, քաղաքաշինությանը` 75 տոկոսով:
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասաց, որ հարցը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, և ամեն ամիս հետևում են կատարողականներին: Ըստ նախարարի` ընդհանուր առմամբ որոշ ուղղություններով թերակատարում առկա է: Դրանց մի մասը պայմանավորված են նրանով, որ աշխատանքները կատարված են, սակայն վճարումներն արված չեն:
Նախարարը նշեց, որ կապիտալ ծախսերը վերջին տարիներին ավելացել են: Օրինակ` իրականացվել են նախատեսվածից շատ, ինչն էլ կարող է որոշ շեղումներ առաջացնել:
Պատգամավոր Թադևոս Ավետիսյանն ասաց, որ այս պատասխանը պարբերաբար լսում են: Մինչդեռ ամեն տարի հաստատում են կապիտալ ծախսերի ծրագիր` նպաստ-թոշակ բարձրացնելու փոխարեն տալով երկարաժամկետ ծրագրերի իրականացման խոստումներ, մինչդեռ դրանք տարիներով չեն իրականանում:
Մեկնաբանել