HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտանեկան բռնության պատճառով Ինգուշեթիայից փախած կնոջը ոստիկանությունը բերման է ենթարկել նրա բարեկամի դիմումով

2023թ․ նոյեմբերի 10-ին ոստիկանությունը հաղորդել էր, որ 2002 թվականին ծնված Ֆաթիմա Զուրաբովան որոնվում է որպես անհետ կորած: Մի քանի օր անց համացանցում տարածվել էր Զուրաբովայի տեսաուղերձը, որում նա ասում է, թե ինքնակամ է հեռացել տնից ընտանիքի անդամների կողմից բռնության ենթարկվելու պատճառով։

«Ես հեռացել եմ իմ տնից, որովհետև հոգնել եմ ընտանիքիս կողմից ծեծն ու նվաստացումները հանդուրժելուց։ Չեմ ուզում ապրել այն տանը, որտեղ ինձ չեն սիրում, չեն հարգում։ Ուզում եմ ապրել լիարժեք ազատ մարդու կյանքով։ Տնից արժեքավոր որևէ բան չեմ վերցրել։ Խնդրում եմ՝ ինձ մի՛ փնտրեք, ինձ հետ ամեն ինչ լավ է»,- ասում է Զուրաբովան։

Այսօր հայտնի դարձավ, որ ոստիկանությունը երեկ երեկոյան Աշտարակում հայտնաբերել է Զուրաբովային և տեղափոխել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։

Վտանգի տակ գտնվող կանանց աջակցող «Մարեմ» շարժման ղեկավար Սվետլանա Անոխինան Kavkaz.Realii-ին պատմել է որոշ մանրամասներ։

Ըստ իրավապաշտպանի՝ ոստիկանության բաժնում Զուրաբովային փակել են կնոջ բարեկամ Յուսուպի և նրա ընկերոջ հետ նույն սենյակում։ Տղամարդիկ սպառնացել են Զուրաբովային և պահանջել են, որ նա տուն վերադառնա։ Հենց Յուսուպ Զուրաբովն է դիմում ներկայացրել ոստիկանություն՝ զարմուհու անհետ կորելու վերաբերյալ։

Զուրաբովան ոստիկանության աշխատակիցներին բացատրել է, որ Հայաստան է եկել որպես ընտանեկան բռնության զոհ և օգնություն խնդրել, սակայն նրանք պատասխանել են, որ չեն կարող օգնել կնոջը, քանի որ հանցագործությունը կատարվել է Ռուսաստանի տարածքում։

Ոստիկանությունում Զուրաբովային հայտնել են, որ ապաստարանում տեղ ստանալու համար նա պետք է փախստականի կարգավիճակ պահանջի միգրացիոն ծառայությունից:

Իրավապաշտպանի տեղեկություններով՝ Զուրաբովան մնում է ոստիկանական բաժանմունքում, քանի որ նրա համար միակ ապահով տեղը ոստիկանությունն է։ Իրավապաշտպանները մտավախություն ունեն, որ Զուրաբովային կարող են բռնի ուժով տանել Ինգուշեթիա։ 

«Նրա իրավունքները կոպտորեն խախտվել են՝ նրան փակել են հորեղբոր հետ, թեև նա խնդրել է դա չանել, խլել են հեռախոսը, թույլ չեն տվել տեսակցել փաստաբանի հետ։ Զուրաբովայի բարեկամը ազդեցիկ ընկերներ ունի Հայաստանի ՆԳՆ-ում, վախենում ենք, որ նա կօգտվի իր կապերից։ Քեռին սպառնացել է, որ իր մատանու գողության մտացածին մեղադրանք կներկայացնի, որպեսզի Ֆաթիման կալանավորվի»,-Kavkaz.realii կայքին հայտնել է իրավապաշտպանը։

Սեպտեմբերի վերջին Ֆաթիմա Զուրաբովան դիմել է ինգուշ իրավապաշտպաններին և պատմել է իր ընտանիքում սիստեմատիկ ծեծի մասին։ Ըստ Զուրաբովայի՝ նրան տանը ծեծել են ինգուշ հասարակությանը ոչ հարիր պահվածքի և կանխարգելիչ նպատակներով, օրինակ՝ ընտանիքի այլ անդամների կարծիքների հետ չհամաձայնելու համար:

Նոյեմբերի 8-ին նա կարողացել է աշխատանքի գնալու պատրվակով հեռանալ տնից և «Մարեմ» խմբի աջակցությամբ Մինվոդի քաղաքից ինքնաթիռով հեռացել է Հայաստան։ Յուսուպ Զուրաբովը խոստացել է հաշվեհարդար տեսնել այն իրավապաշտպանների հետ, որոնք օգնել են կնոջը։

Ռուսական իրավապաշտպան կազմակերպությունները տարիներ շարունակ բարձրաձայնել են Հյուսիսային Կովկասի՝ Ինգուշեթիայի, Չեչնիայի և Դաղստանի կանանց նկատմամբ ընտանեկան բռնության խնդիրների մասին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter