
Վահե Ղազարյանը հայտարարեց, որ թմրանյութի ապօրինի շրջանառության դեպքերը 102,2 տոկոսով ավելացել են
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի համար շարունակում է խիստ մտահոգիչ մնալ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի աճը: Միայն այս տարվա 9 ամիսների տվյալները 3 անգամ գերազանցում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները: Նկատվում է նաև թմրանյութ օգտագործողների երիտասարդացում:
Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավորը ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանից հետաքրքրվեց` արդյոք իր նշած 3 անգամ աճը ենթադրու՞մ է նաև օգտագործողների թվի 3 անգամ աճ:
Նախարար Ղազարյանն ասաց, որ իրոք թվերն աճել են: 2023թ. 10 ամիսների կտրվածքով գրանցվել է 3934 դեպք, որը նախորդ տարվա համեմատ ավել է 102,2 տոկոսով: Նախարարն ասաց, որ այդ թվերը մտահոգիչ են, սակայն բացահայտվել է 2118 դեպք, նախորդ տարվա 572-ի համեմատ:
Ասաց, որ համացանցի միջոցով թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում ունեն դրական արդյունքներ: Նշված ժամանակահատվածում գրանցվել է 414 դեպք, որից 114-ը եղել է իրացման դեպք:
Վահե Ղազարյանն ասաց, որ ունեն նաև տարիքային վերլուծություն, և մտահոգիչ է, որ 4 անչափահաս է ներգրավված եղել թմրանյութերի ապօրինի շրջանառության գործերում: Ամենաշատը` 30-49 տարիքային խումբն է ներգրավված: Կան նաև ներգրավված կանայք` 17 հոգի: Մեղադրյալի կարգավիճակ ունի 658 անձ:
Մեկնաբանել