HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բյուջեն ստեղծում է երկարաժամկետ ու կայուն աճը շարունակելու հիմք. Բաբկեն Թունյան

Եկող տարվա բյուջեն նախատեսվում է մոտ 3 տրիլիոն դրամի չափով, եկամուտները՝ մոտավորապես 1,6 տրիլիոն դրամի չափով եւ պակասուրդը՝ մոտավորապես 340 մլրդ դրամ: Պակասուրդը կազմում է ՀՆԱ-ի 3,2 տոկոսը: Ըստ անհրաժեշտության՝ հնարավոր է պակասուրդի ծավալն ավելանա: Գալիք տարվա ֆինանսական գլխավոր փաստաթղթով բյուջետային հատկացումների ու խնդիրների վերաբերյալ ՀՀ ԱԺ հերթական նիստում խոսելիս նշել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: Հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Անդրադառնալով կապիտալ ծախսերի կարեւորությանը՝ նա նշել է, որ եկող տարվա բյուջեով նախատեսվում է կատարել մոտավորապես 700 մլրդ դրամի կապիտալ ծախսեր, որոնք ուղղված են երկարաժամկետ տնտեսական աճի ապահովմանը: «Կապիտալ ծախսերի գումարը 2018 թվականի համեմատ ավելացել է 6-7 անգամ: Դա կազմելու է մեր ՀՆԱ-ի 6,6 տոկոսը, ինչը բավականին լուրջ ցուցանիշ է»,- ասել է Բաբկեն Թունյանը: Այս համատեքստում պատգամավորը կարծիք է հայտնել, որ Կառավարությունն իր հավակնություններով եւ ֆինանսական հնարավորություններով շատ ավելի հավակնոտ է, քան մասնավոր ոլորտի ներուժը: 

Բաբկեն Թունյանի խոսքով եթե ժամանակին միայն մեր ռեսուրսներով հնարավոր էր տարեկան մի քանի տասնյակ կիլոմետր վերանորոգման աշխատանքներ իրականացնել, ապա հիմա այդ ներուժն ավելացել է: Այդ ծախսերի հրատապության դեպքում պատգամավորը կարեւորել է միջազգային գործընկերների մասնակցությունն ու որպես օրինակ նշել վերջերս իրանական կողմի հետ ստորագրված համաձայնագիրը, որով կկառուցվի Հյուսիս-հարավ ճանապարհի հարավային հատվածի 32 կիլոմետրը՝ թունելներով եւ կամուրջներով: Նա հույս է հայտնել, որ այս տեմպը կհանգեցնի այն իրողությանը, որ մեր տեղական կազմակերպությունները եւս կկարողանան նույն որակի, արագության ու ծավալի աշխատանքներ կատարել: 

Անդրադառնալով ընդդիմադիր գործընկերների այն հայտարարությանը, թե բյուջեում ԼՂ-ից բռնի տեղահանվածների մասով ընդամենը 10 մլրդ դրամ է գրված՝ Բաբկեն Թունյանը շեշտել է, որ դա իրականությանը չի համապատասխանում. դա պայմանական թիվ է, այս պահին ընդունված որոշումներով արդեն իսկ մի քանի տասնյակ մլրդ դրամի մասին է խոսքը: Նա հիշեցրել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աջակցության ծրագրերի ծախսերի մի մասը դեռեւս արտացոլված չէ, որոշ ծրագրեր մշակման փուլում են: 

Հանձնաժողովի փոխնախագահն անդրադարձել է նաեւ հաջորդ տարվա բյուջեում կրթության եւ առողջապահության ոլորտների ծախսերի առաջանցիկ աճին: 

Կարեւորելով արդյունքային ցուցանիշները՝ նա ընդգծել է. «Oրինակ՝ գիտության ֆինանսավորումը զգալի ավելացրել ենք: Այլ հարց է, թե դրա դիմաց ի՞նչ արդյունք ենք ստանալու. գիտության ծախսերը կրկնապատկելուց կամ եռապատկելուց հետո քանի՞ տոկոսի աշխատություններն են հրապարակվում, օրինակ, հայտնի գիտական ամսագրերում կամ իրենք համաշխարհային գիտության մեջ ի՞նչ նոր ավելացված արժեք են ստեղծում: Կարող է պարզենք, որ այդ գումարների ծախսումն այդքան էլ արդյունավետ չէ: Այստեղ, իմ կարծիքով, բավականին խորքային վերլուծություններ են պետք»: 

Հանձնաժողովի նախագահի տեղակալն ուշադրության է արժանացրել այն հանգամանքը, որ բյուջեով նախատեսվել է աննախադեպ մեծ չափի պահուստային ֆոնդ՝ 94 մլրդ դրամ: Ըստ նրա՝ դա նշանակում է, որ մենք մեզ համար ապահովելու ենք անվտանգության բարձիկ, որը մեզ կպաշտպանի անկանխատեսելի իրավիճակներից եւ թույլ կտա արագ լուծել խնդիրները: 

Պատգամավորն անդրադարձել է նաեւ տարբեր գերատեսչությունների ոլորտային ռազմավարությունների եւ բյուջեների միջեւ կապի խզմանը, կարեւորել համակցված աշխատանքը, խոսել հարկային վարչարարության օրենսդրության բարելավման մասին: «Հարկեր հավաքելը ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ պետության առջեւ դրված խնդիրները լուծելու համար: Հարկային մարմինը, թեպետ, ամեն տարի իր առջեւ ավելի բարձր նշաձող է դնում եւ փորձում է դա ապահովել ու ապահովում է, բայց սա պետք է լինի բալանսավորված, որ մենք հարկային տեռորի տպավորություն չթողնենք»,- փաստել է Բաբկեն Թունյանը: 

Պատգամավորն առաջարկել է կողմ քվեարկել փաստաթղթին՝ նշելով որ բյուջեն ստեղծում է հիմք երկարաժամկետ, կայուն աճը շարունակելու համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter