HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարկաբյուջետային քաղաքականությունը 2024 թ. շարունակելու է առաջնորդվել 7 % տնտեսական աճի ապահովման նպատակով. ԿԲ նախագահ

Կառավարության հնգամյա ծրագրի նպատակային թիրախների ապահովման սկզբունքի, ինչպես նաեւ ՀՀ տնտեսության համար ձեւավորված դրական զարգացումների պահպանման պայմաններում հարկաբյուջետային քաղաքականությունը 2024 թվականին շարունակելու է առաջնորդվել 7 տոկոս տնտեսական աճի  ապահովման նպատակով՝ շեշտադրելով հարկաբյուջետային կայունության պահպանումն ու տնտեսական ներուժի աճին ուղղված պետական ներդրումների էական ավելացումը: Նշված տնտեսական քաղաքականության հիմքում ընկած է արտադրողականության եւ մրցունակության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը, որտեղ կարեւոր նշանակություն ունեն ներդրումային միջավայրի բարելավումն ու ներդրումների խրախուսմանն ուղղված միջոցառումների իրականացումը, պետական ներդրումների մասնաբաժնի էական աճը, ինչպես նաեւ կարողությունների զարգացման միջոցով արտադրողականության աճին նպաստումը: Այս մասին ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ ԱԺ հերթական նիստում ներկայացնելով ԿԲ եզրակացությունը 2024 թվականի «Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

ՀՀ կառավարության նպատակադրված բարձր տնտեսական աճի ապահովումն էապես կախված կլինի արտահանման խթանման եւ ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված, ինչպես նաեւ ենթակառուցվածքներում խոշոր ներդրումային ծրագրերի ամբողջական ծավալով եւ սահմանված ժամկետներում իրականացման կարողություններից եւ արդյունքներից: Ըստ ԿԲ նախագահի՝ 2024 թվականի հարկաբյուջետային հատվածը համախառն պահանջարկի վրա կունենա ընդլայնող ազդեցություն: 2024 թվականին հարկաբյուջետային քաղաքականությամբ թիրախավորվել է էապես բարձրացնել պետական ներդրումների մակարդակը եւ միաժամանակ ապահովել ՀՀ կառավարության պարտքի բեռի նվազող միտումը:

Նախանշված բարձր տնտեսական աճի, օրենսդրական բարեփոխումների, ինչպես նաեւ հարկային վարչարարության բարելավման արդյունքում 2024 թվականի համար նախանշվել է հարկեր/ՀՆԱ ցուցանիշի էական՝ 0,75 տոկոսային կետ աճ:

2024 թվականին ՀՀ պետական բյուջեի եկամուտները համախառն պահանջարկի վրա կունենան զսպող ազդեցություն: Կարեւորվել են 2024 թվականին նախատեսված վարչարարության եւ համապատասխան օրենսդրական նախաձեռնությունների շրջանակում հարկերի հավաքագրումը բարելավող կայուն լծակների ձեւավորումը եւ արդյունավետության ապահովումը:

Մարտին Գալստյանի խոսքով ԿԲ-ն կշարունակի վերջին տարիներին որդեգրած պահանջարկի կարգավորման եւ գնաճային սպասումների կայունացման քաղաքականության հետեւողական իրականացումը: Ամփոփելով՝ ԿԲ նախագահը նշել է, որ գնահատվում է՝ 2024 թվականի պետական բյուջեի նախագծով նախանշված ընդլայնող հարկաբյուջետային քաղաքականությունը, թեեւ պահպանվող բարձր պահանջարկի պայմաններում կարող է պարունակել որոշակի ռիսկեր մակրոկայունության ապահովման տեսանկյունից, սակայն շեշտադրում է Կառավարության հետեւողականությունը տնտեսական ներուժի խթանմանն ուղղված պետական ներդրումների աճի նպատակադրումներում: Վերջինս հիմքեր կստեղծի նաեւ առաջանցիկ պահանջարկի աստիճանական ճշգրտման եւ ՀՆԱ-ի ներուժի մակարդակի բարձրացման համար:

ԿԲ նախագահը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով անվտանգային աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում տնտեսական անվտանգությանը, ներդրումներին, հարկային մուտքերին, ՀՆԱ/պարտք հարաբերակցությանը, ազգային արժույթի փոխարժեքի հնարավոր արժեզրկման ռիսկերին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter