HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարության անդամները ելույթներ են ունեցել գալիք տարվա պետական բյուջեի քննարկման շրջանակում

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման շրջանակում անդրադարձել է միջազգային գործընկերների հետ Հայաստանի ընթացիկ համագործակցությանն ու իրականացվելիք այն ծրագրերին, որոնք ուղղակի կամ անուղղակի կապված են բյուջետային գործընթացների եւ թիրախների հետ: Հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

«Կցանկանայի եւս մեկ անգամ շեշտել, որ միջազգային գործընկերների հետ համատեղ իրականացվող ծրագրերը, իհարկե, կարեւոր են իրենց ֆինանսական բաղադրիչով, բայց շատ ավելի առանցքային նշանակություն ունեն բովանդակային իմաստով՝ մեր երկրի ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման եւ միջազգային լավագույն ստանդարտների ներդրման տեսանկյունից: Սրանք ծրագրեր եւ միջոցառումներ են, որոնք ուղղակիորեն ազդում են եւ պետք է դրական ազդեցություն ունենան մեր քաղաքացիների կյանքի որակի վրա»,- ասել է փոխվարչապետը: Նա, մասնավորապես, ներկայացրել է Արժութային միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, Եվրամիության, ԵԱՏՄ-ի, ՕՊԵԿ-ի հետ իրականացվող ծրագրերն ու միջոցառումները:

«Վստահ եմ, որ 2023 թվականի բյուջեի կատարման արդյունքները եւ 2024 թվականի հաստատվելիք բյուջեն կնպաստեն մեր երկրի միջազգային վարկանիշի աճին, եւ կշարունակվի ամրապնդվել մեր երկրի՝ կայուն եւ հուսալի գործընկերոջ հեղինակությունը»,- ելույթը եզրափակել է փոխվարչապետը: 

ՀՀ 2024 թվականի պետական բյուջեով ԿԳՄՍ բնագավառին նախատեսվում է հատկացնել 345 մլրդ 417 մլն դրամ, որն ընթացիկ տարվա ծախսերի համեմատ աճել է 95 մլրդ 148 մլն դրամով կամ 38 տոկոսով: 

«ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ քննարկմանը ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը փաստել է, որ 122 մանկապարտեզներում արդեն ավարտվել են աշխատանքները, ուր հաճախում են հազարավոր երեխաներ: Այդ նախադպրոցական հաստատությունները կառուցվել են գյուղական համայնքներում, որտեղ երբեւիցե չեն եղել մանկապարտեզներ: Եկող տարի եւս հարյուր մանկապարտեզ կհանձնվի շահագործման: 

Նշվել է, որ 26 դպրոցներում ավարտվել են շինարարական աշխատանքները, մինչեւ տարեվերջ կհանձնվի շահագործման եւս 8 դպրոց: Նախատեսվում է 2024 թվականին ավարտել 21 դպրոցի շինարարություն:

Արմավիրի մարզի բոլոր դպրոցներն ունեն լաբորատորիաներ՝ իրենց սարքավորումներով: Եկող տարվա ծրագրով Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու եւ Շիրակի մարզերը կունենան ժամանակակից սարքավորումներով հագեցած բնագիտական առարկաների եւ ՏՏ լաբորատորիաներ: 

Ըստ նախարարի՝ դասագրքերի տպագրման ոլորտում աղմուկը շատ է մի պարզ պատճառով՝ տարիների մենաշնորհ է կոտրվել: Մի դասագրքի տպագրման համար տարիներ շարունակ պետբյուջեից վճարվել է 1044 դրամ: Այս տարի դասագրքի ստեղծման, փորձաքննության, տպագրության համար վճարվել է ընդամենը 741 դրամ: 

Անդրադառնալով ուսուցիչների ատեստավորմանը՝ նա նշել է, որ այս պահին կան ավելի քան 5000 ատեստավորված ուսուցիչներ, որոնք ունեն աշխատավարձի բարձրացում եւ հավելավճարի ստացման հնարավորություն: Կարեւոր է համարվել նաեւ կամավոր ատեստավորման համակարգի ներդրումը: Ըստ նախարարի՝ այս տարի արդեն սկսվել է հավելավճարի նոր ծրագրի իրականացում: 

Նշվել է նաեւ, որ 2024 թվականին հուշարձանների վերականգնման համար կհատկացվի 1 մլրդ 159 մլն դրամ, ինչը կրկնակի ավելի է ընթացիկ տարվա հատկացումից: Ամրակայվելու եւ վերականգնվելու է 13 հուշարձան, իսկ 9-ի համար սկսվելու է համապատասխան փաստաթղթերի մշակումը:

Ըստ ԿԳՄՍ նախարարի՝ նախորդ շաբաթ Կառավարությունը հաստատել է «Մշակույթի զարգացման եւ պահպանման» ռազմավարությունը, որը բազմաթիվ հարցերի պատասխաններ է տալիս:

2024 թվականին կստեղծվի մշակույթի զարգացման հիմնադրամը, կներդրվի էլեկտրոնային տոմսերի համակարգը:

Սպորտի վերաբերյալ նշվել է, որ այս տարի միայն ունենք 400 տարբեր հարգի մեդալ: Այս ոլորտում եւս բազմաթիվ են կապիտալ ծախսերն ու դրամական խրախուսումները:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն արտահերթ ելույթում խոսել է 2024 թվականի բյուջեի նախագծով հաստատման ներկայացված կապիտալ ծախսերի եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող աջակցության մասին: Նա նշել է, որ Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրով կարեւորվել է ենթակառուցվածքներին ուղղվող կապիտալ ծախսերի մակարդակի բարձրացումը տնտեսական ներուժի ավելացման նպատակով: «2021-2023 թվականներին փաստացի, ինչպես նաեւ 2024 թվականին նախատեսված կապիտալ ծախսերի աճը հաստատում են Կառավարության հանձնառության իրագործման նկատելի առաջընթացը»,- ասել է փոխվարչապետը՝ տեղեկացնելով, որ 2024 թվականի տեսական բյուջեի կապիտալ ծախսերը 695,3 մլրդ դրամ են, ինչը ՀՆԱ-ի 6,6 տոկոսն է: 2023 թվականի կապիտալ  ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 5,9 տոկոսը: Ծրագրային երեք տարիների ընթացքում ՀՆԱ-ի նկատմամբ կապիտալ ծախսերը 2024 թվականին կրկնապատկված կլինեն:

«Սեպտեմբերի վերջին, երբ ցավալի իրողություն դարձավ ավելի քան 100 հազար մեր հայրենակիցների բռնի տեղահանումը, Կառավարությունը ջանքեր է գործադրել, որպեսզի տեղահանված մեր հայրենակիցներն ապահովված լինեն կեցության պատշաճ պայմաններով»,- նշել է Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ կարելի է արձանագրել, որ լուծումներ են տրվել մի շարք հրատապ հարցերի: Հայաստանի տարբեր մարզերի եւ Երեւանի հանրակրթական ուսումնական հաստատություններում այսօր հաշվառված է եւ կրթություն է ստանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 16 հազար 936 աշակերտ, միջին մասնագիտական կրթական հաստատություններում կրթությունն են շարունակում 1014-ը, իսկ բուհերում՝ 1797-ը: Բռնի տեղահանված մեր հայրենակիցներից 145-ը դիմել է ԿԳՄՍՆ՝ ուսուցչական աշխատանքի անցնելու համար, որոնցից 105-ն արդեն գործուղվել է համապատասխան աշխատանքի: Պոլիկլինիկաներում եւ ամբուլատորիաներում հաշվառվել են 56.440-ը, ավելի քան 100 բուժաշխատողներ աշխատանքի են անցել տարբեր առողջապահական կազմակերպություններում:

Երկրի բյուջեի կարեւորության մասին է խոսել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Գերատեսչության ներկայացուցիչը հայտնել է, որ այն առաջնահերթ մարդու մասին է, թե ինչպես կիրագործվի նրա ծնվելու, առողջ մեծանալու, կրթվելու, արարելու եւ երջանիկ ապրելու իրավունքն ու նշել, որ այս իրավունքների իրացումն է վկայում 2018 թվականից հետո տարեցտարի ավելացող բյուջեն:

Նախարարն անդրադարձել է Առողջապահության նախարարության 2024 թվականի բյուջետային հայտի թվային ցուցանիշներին:

«2024 թվականին ԱՆ-ին ուղղվելու է 168 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ աճը կազմում է 18,4 տոկոս, 2018 թվականի համեմատ բյուջեն կրկնապատկվել է: Կառավարությունը հետեւողականորեն իրացնում է իր խոստումը՝ պահպանել եւ վերականգնել քաղաքացիների առողջությունը, կանգնել մարդու կողքին, երբ բուժման անհրաժեշություն կա, փրկել կյանքեր, նպաստել ծնելիության աճին, ապահովել արժանապատիվ խնամք, երբ բուժման հնարավորությունները սպառվել են»,- ասել է գերատեսչության ղեկավարը: 

Զեկույցի ընթացքում նշվել է, որ 2018 թվականի համեմատ 2023 թվականի 10 ամիսների ընթացքում 232.832-ով ավելի դեպք է սպասարկվել, դեպքերի փոխհատուցման չափն էականորեն աճել է, ներառվել են թանկարժեք նոր տեխնոլոգիաներ ենթադրող վիրահատություններ: Կարեւորվել է համակարգային բարեփոխումների իրականացումը: Այս համատեքստում Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ ՀՀ-ն անցում կկատարի առողջության պահպանումը, կանխարգելումը խթանող, ժամանակին եւ հիվանդության պահին պացիենտի վճարունակությունից անկախ, անհրաժեշտ բուժօգնություն ստանալու հնարավորություն ապահովող առաջադեմ առողջապահական համակարգի:

«Ապահովագրության ներդրումն իրականացվելու է փուլային տարբերակով: Այն կմեկնարկի 2024 թվականին: Կառավարությունն արդեն իսկ ընդունել է հայեցակարգը: Շուտով օրենսդրական մեծ փաթեթ կուղարկվի ԱԺ՝ քննարկումների: 2025 թվականին, պետության հոգածության շրջանակում, կընդգրկվեն կենսաթոշակ ստացող քաղաքացիները: 2027 թվականին ամբողջովին գործարկված, համապարփակ, համընդհանուր ապահովագրական համակարգ կունենանք»,- տեղեկացրել է Անահիտ Ավանեսյանն ու հավելել, որ որեւէ ապահովագրական փաթեթ բոլոր հիվանդությունների ցանկը չի փակում, բայց նախատեսվող ապահովագրական փաթեթը բավական ընդգրկուն է ու հիմնված ՀՀ-ում առկա հիվանդացության բեռի ամբողջ ծավալի վրա:

Անդրադարձ է կատարվել նաեւ կապիտալ աշխատանքներին: Այս համատեքստում նախարարը նշել է, որ 2024 թվականին եւս շարունակվելու են 12 ԲԿ-ների շինարարական աշխատանքները ու հայտնել, որ հաջորդ տարի մեր երկրում 8 նոր ԲԿ շահագործման կհանձնվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter