Հրանտ Դինքի սպանության համար դատապարտված Օգյուն Սամասթը վաղաժամկետ ազատ է արձակվել
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակոս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության համար դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 15-ին վաղաժամկետ ազատ է արձակվել։ Այդ մասին փոխանցում է Turkish Minute-ը։
16 տարի և 10 ամիս բանտարկության մեջ գտնվելուց հետո Սամասթն ազատ է արձակվել Թուրքիայի արևմուտքում գտնվող Բոլու նահանգի բանտերից մեկից։ Դատարանը նման որոշումը հիմնավորել է «Օգյուն Սամասթի լավ վարքագծով»։
52-ամյա Հրանտ Դինքը, որը Ստամբուլում տպագրվող «Ակոս» պարբերականի գլխավոր խմբագիրն էր, սպանվել էր 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի կենտրոնում՝ «Ակոս»-ի խմբագրության դիմաց։ Ինչպես պնդում էր թուրքական կողմը, մարդասպանը` 17-ամյա Սամասթը, հարել էր թուրքական աջ ծայրահեղական ուժերին։ Հաջորդ օրը նա ձերբակալվել էր։
Ավելի ուշ նա ընդունել էր մեղքը և 2011 թվականին դատապարտվել 23 տարվա ազատազրկման։
Հրանտ Դինքը մշտապես հանդես է եկել հայ և թուրք ժողովուրդների երկխոսության կոչերով՝ նշելով, որ երկու ժողովուրդների երկխոսությունը կհանգեցնի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման։ Հրանտ Դինքը քննադատում էր թուրքական կառավարության գործողությունները էթնիկ փոքրամասնությունների ճնշման և մարդու իրավունքների ոտնահարման համար։ Սպանությունից առաջ նա դատապարտվել էր Թուրքիայի ՔՕ 301 հոդվածով՝ «թուրք ազգին վիրավորելու համար»։ Նրա սպանությունից հետո Թուրքիայի ողջ տարածքում տեղի ունեցան բազմահազարանոց ցույցեր՝ «Ես հայ եմ, ես Դինք եմ» գրություններով։
Լուսանկարը՝ yetkinreport.com-ից
Մեկնաբանել