
Որոշ դատարանների համար «Դատալեքսն» անհասանելի է
«Դատալեքս» տեղեկատվական համակարգը, որտեղ հրապարակվում են դատական գործերի վերաբերյալ տեղեկություններ, դատական ակտեր, պարբերաբար խափանվում է: Եռօրյա խափանումից հետո, նախօրեին կայքը վերականգնվեց, սակայն, պարզվում է՝ արտաքուստ:
Դատական դեպարտամենտը հայտարարություն տարածեց, որ «արդեն իսկ հաջողվել է կայքէջերը վերագործարկել, իսկ առկա որոշ թերություններ առաջիկայում կվերացվեն»։
Պարզվում է, որոշ թերությունները վերաբերում են դատարաններին: Մի քանի դատարաններում կամ նստավայրերում դատավորների աշխատակազմերը չեն կարողանում օգտվել համակարգից և հրապարակել վճիռները կամ կատարել գործի վերաբերյալ որևէ թարմացում: Համակարգը նրանց համար փակ է:
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Լիլիթ Շաբոյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ այդ տեխնիկական խնդիրն առկա է ոչ բոլոր դատարաններում: Ըստ նրա՝ աշխատանքներ են տարվում, և վաղը բոլոր դատարանները հասանելիություն կունենան «Դատալեքս»-ին:
Մեկնաբանել