HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապօրինի ընդերքօգտագործմամբ Արաքս գետի հունը փոխվել է. ՔԿ

Արարատի մարզի Եղեգնավան և Լուսառատ գյուղերի տարածքներում՝ Արաքս գետի ավազանում իրականացված չափագրման արդյունքում պարզվել են օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության տեղամասից դուրս ավազակոպիճի ապօրինի արդյունահանման հանգամանքները. ՍՊ ընկերության տնօրենը խախտել է ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները, ինչպես նաև՝ փչացրել հողը։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։  

«Մասնավորապես, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ընկերության տնօրենը, 2020թ․ դեկտեմբերի 21-ից մինչև 2022թ․ օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում, չունենալով իրավունք, որոշակի աշխարհագրական սահմանանշում պարունակող ընդերքի տեղամասում շեղվել է 2012թ․ տրամադրված, ապա՝ 2014թ․ փոփոխությունների ենթարկված թույլտվությամբ նախատեսված կոորդինատներից և դուրս եկել լեռնահատկացման ակտով տրամադրված սահմաններից։

Լուսառատ գյուղի տարածքում, առանց ընդերքօգտագործման իրավունքի, տեխնիկաների օգտագործման միջոցով, ընկերության կողմից արդյունահանվել է ընդհանուրը՝ 2748մ3 ծավալով լեռնային զանգված, այդ թվում՝  վճարման ենթակա 146.156 ՀՀ դրամի չափով բնօգտագործման վճար առաջացնող 716,1մ3  ծավալով ավազակոպիճ՝ միաժամանակ չվճարելով 500.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքը։ 

Արդյունքում՝ պետությանը պատճառվել է խոշոր չափերի գույքային վնաս։ Հիշյալ գործողությունները հանգեցրել են նաև հողի որակի վատթարացման, մեծածավալ չափերի ընդերքից արդյունահանված օգտակար հանածոների կորստի, որն առաջացրել է տվյալ վայրում առկա օգտակար հանածոների հետագա շահագործման դժվարացումը, ինչպես նաև խախտվել է Արաքս գետի հունը:

 Բացի այդ, ընկերության տնօրենի վերոնշյալ գործողությունների հետևանքով դեգրադացիայի է ենթարկվել  համայնքային սեփականության՝ 1379մ2 մակերեսով ջրային ֆոնդի և 11953մ2 մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածքները։ Արդյունքում՝ 13332մ2 մակերեսով հողային ռեսուրսներին պատճառվել է խոշոր չափերի գույքային վնաս, ինչպես նաև տեղի է ունեցել հողի բերրի շերտի ոչնչացում և վնասում։

Միևնույն ժամանակ, ՍՊ ընկերության տնօրենը, շրջանցելով ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված պահանջները, առանց լիցենզիայի ընդերքն օգտագործելով, չի վճարել գանձման ենթակա 5.000.000 ՀՀ դրամի չափով տուգանքը:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ընկերության տնօրենին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 383-րդ հոդվածի 1-ին մասով և 381-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված ամբողջ վնասը՝ 6․500․000 ՀՀ դրամի չափով, վերականգնվել է։ 

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար»,- նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter