HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բաքուն հրաժարվել է Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից

Ադրբեջանի իշխանությունները հնարավոր չեն համարում իրենց մասնակցությունը նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։ Պատճառը, ըստ ադրբեջանական կողմի, Միացյալ Նահանգների միակողմանի դիրքորոշումն է։ Այդ մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։ 

ԱՄՆ Կոնգրեսում լսումներն ու դրանց ժամանակ հնչած հայտարարությունները, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենի խոսքը, Բաքվում անվանում են «հարված Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հարաբերություններին»։

«ԱՄՆ-ի՝ նման միակողմանի մոտեցումը կարող է հանգեցնել միջնորդի դերի կորստին: Կարևոր է նշել, որ նման պայմաններում մենք հնարավոր չենք համարում 2023 թվականի նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով առաջարկված հանդիպման անցկացումը»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Անդրադառնալով փոխպետքարուղար Օ'Բրայենի հայտարարություններին՝ Բաքվում նշել են, որ տարիներ շարունակ Ադրբեջանը օգնել է ԱՄՆ-ին ահաբեկչության դեմ պայքարի հարցում։ 

«Հենց Ադրբեջանն է օգնության ձեռք մեկնել ԱՄՆ-ին՝ ամերիկյան կողմի համար բացելով իր օդային տարածքի երթուղիները և լոգիստիկ հնարավորությունները<...>։ Ադրբեջանը գործընկեր երկիր էր, որը վերջինը լքեց Աֆղանստանը։ Ստացվում է, որ ԱՄՆ-ն միշտ էլ ժամանակավոր է համարել Ադրբեջանին աջակցելը, սակայն չպետք է մոռանալ, որ պատմությունը կարող է կրկնվել»,- նշել են Բաքվում։

Հիշեցնենք, որ նախօրեին Ջեյմս Օ’Բրայենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն դադարեցրել է ռազմական և այլ բնույթի աջակցությունը Ադրբեջանին, չեղարկել բարձր մակարդակի մի քանի այց՝ այդպիսով ազդանշան տալով Բաքվին, որ երկկողմ հարաբերությունները չեն կարգավորվի, քանի դեռ առաջընթաց չի գրանցվել Հայաստանի հետ բանակցություններում։ 

«Մենք պարզորոշ կերպով հասկացրել ենք, որ Ադրբեջանի հետ ոչինչ նորմալ չի լինի սեպտեմբերի 19-ի իրադարձություններից հետո (Արցախի վրա ադրբեջանական հարձակումը-խմբ), մինչև առաջընթաց չտեսնենք խաղաղության ճանապարհին։ Այնպես որ, մենք չեղարկել ենք բարձր մակարդակի որոշ այցեր, դատապարտել ենք Բաքվի գործողությունները, և (աջակցության հետագա տրամադրման) պայմաններից չենք հրաժարվի, մինչև չտեսնենք իրավիճակի իսկական բարելավում»,- հայտարարել էր դիվանագետը։

Լուսանկարը՝ APA գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter