HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուծում կստանան ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքներն իրացնելիս առաջացած մի շարք խնդիրներ

Վարչապետի պաշտոնական կայքի հաղորդագրության համաձայն՝ չզեկուցվող հարցերի փաթեթով, գործադիրի որոշմամբ, փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հայաստանի կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի «2023 թվականի սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1763-Լ որոշման մեջ:

Առաջարկվում է որոշումների շրջանակներում շահառու չհամարել մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը բնակչության պետական ռեգիստրում Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անձանց, ինչպես նաև վճարումներն ամբողջությամբ կազմակերպել անկանխիկ եղանակով: Որոշմամբ կարգավորվում են 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու և նրանց առաջնային սպառողական կարիքները հոգալու համար սոցիալական աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները։ Իրավական ակտի կիրառման դեպքում լուծում կստանան Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքներն իրացնելիս առաջացած մի շարք խնդիրներ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, զեկուցելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրների լուծմանն ուղղված «Հումանիտար կենտրոնի» աշխատանքների վերաբերյալ` նշել է. «Նախ ներկայացնեմ, որ 100 հազար դրամ միանվագ աջակցության մասով այս պահի դրությամբ արդեն իսկ 104 200 մարդու վճարվել է, որից` 75 725-ը չափահաս, 28 475-ը` անչափահաս։ Այսօր նաև մենք 500 մլն դրամ հատկացում ենք անում վճարումները շարունակելու համար։ Մշակված ունենք 3800 դիմում, բացի այդ նաև 800 անձի տվյալ ենք ստացել ԿԳՄՍ և Առողջապահության նախարարության գործընկերներից։ Նրանք Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումից հետո բուժառության և կրթության նպատակով Հայաստան տեղափոխված Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներն են, որոնց տվյալները նույնպես կմշակենք և կտրամադրենք։ Ըստ էության, այս վճարմամբ շուրջ 108 800 անձի վճարում առաջիկա օրերի ընթացքում կիրականացնենք։ Վճարումները նաև շարունակվելու են 40 հազար և պլյուս 10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում` կոմունալ և բնակվարձի ծախսերը հոգալու համար։ 99 820 անձի արդեն իսկ վճարում իրականացվել է։

Նաև սկսել ենք ստանալ նոյեմբեր ամսվա դիմումները։ Այս պահի դրությամբ ունենք 68 475 դիմումներ, բացի այդ այսօրվանից գործարկվում է 50 հազար դրամ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների սպառողական ծախսերի համար աջակցության էլեկտրոնային հարթակը։ Մենք քննարկումներ ենք ունեցել նաև Կենտրոնական բանկի և բանկերի միության մեր գործընկերների հետ, և նախնական պայմանավորվածությամբ` արդեն 2 բանկ կա, որ պատրաստակամություն է հայտնել 75 պլյուս և առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց կանխիկով վճարումներն անկանխիկ դարձնել։ Այսինքն` քարտերը թողարկել և առաքել բնակության հասցեներ։ Առցանց հարթակում արդեն իսկ, երբ քաղաքացիները դիմում ներկայացնեն, այնտեղ կլինի, եթե ունի բանկային քարտ` կնշի, որ ունի, եթե չունի` պատուհանը կբացի այն գործընկերներ բանկերի տվյալները, որ բանկից ուզում է անձը ստանալ, և մենք արդեն տվյալները կփոխանցենք բանկերին, որից հետո կթողարկվի։ Այսինքն` 50 հազարներն ամբողջությամբ անկանխիկ եղանակով կտրամադրենք, և դեկտեմբեր ամսից սկսած նաև 40+10-ի դիմումները, երբ կստանանք արդեն ամբողջությամբ` կրկին կանցնենք անկանխիկի»:

Քննարկում է ծավալվել աջակցության ծրագրերի ցուցակներում շահառու չհանդիսացող անձանց հետ կապված: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս առնչությամբ նշել է. «Մեր խնդիրը հետևյալն է՝ րոպե առաջ գումարը հասցնել կարիքավորներին: Եթե այդ կարիքավորների մեջ ոչ կարիքավոր երեք մարդ էլ է ստացել, մենք մեր խնդրից չենք շեղվել, որովհետև հազարավոր կարիքավորներին օգնելն է մեր նպատակը: Մնացած ամեն ինչն արձանագրված է, անկանխիկ է, և կարելի է հանգիստ առանց շտապելու այդ հարցերը պարզաբանել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter