HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թեղուտում կրքերը հանդարտվել են (վիդեո)

«Թեղուտ» ՓԲԸ-ի անվտանգության աշխատողների և Թեղուտ գյուղի երիտասարդների բախումից անցել է 2,5 ամիս: Թեղուտում կրքերը հանդարտվել են. «Ջահելությունը խելոքացել ա, աշխատում են ամենքն իրանց համար: Հա, դե գիտես ինչ կա, միջոց չկա, ապրելու ձև չկա»,- ասաց գյուղամիջում նստած թեղուտեցի Արտաշը:

«Ինձ այլևս հետաքրքիր չի. իմ երեխեն վեր է կացել, սաղ սլամաթ եկել ա ինձ հասել: Տղայիս բուժումը «Թեղուտ» ՓԲԸ-ի միջոցներով եղավ»,- ասաց Ալվարդ Շախկյանը, ում տղայի` Հրաչիկ Ղորխմազյանի ոտքը կռվի ժամանակ կոտրել էին «Թեղուտ» ՓԲԸ-ի անվտանգության աշխատողները: Ալվարդ Շախկյանն ասաց, որ կռվից հետո անվտանգության ծառայության պետ Սամվել Դավթյանին և ծառայության աշխատակից Արթուր Գիգոլյանին գյուղում չի տեսել. «Իմ գիտենալով նրանք չեն աշխատում: Ընկերությունը բարիացել ա գյուղացիների նկատմամբ: Ծեծողներն էլ եկել ներողություն են խնդրել»:

Միջադեպի մասին խուսափեց մեզ հետ խոսել Ալվարդի որդին`Հրաչիկը: Անվտանգության աշխատողների կողմից թեղուտցիներին ծեծի ենթարկելը դատապարտեց «Թեղուտ» ՓԲԸ-ի «Գազ-66» ավտոմեքենայի վարորդ Անդրանիկ Շախկյանը, ով սակայն չթաքցրեց իր գոհունակությունը գյուղի ապրելակերպի ու հանքի աշխատանքների կապակցությամբ. «Գյուղում շատ լավ վիճակ ա, աշխատում ենք, փողը շատ լավ տալիս են: Մի 130 հազար մանեթ փող եմ ստանում»:

Անդրանիկն իր վարելահողերը վաճառել է «Թեղուտ» ՓԲԸ-ին: Ասաց՝ խոտհարք ունի, եթե դա էլ ուզեին, էլի կտար. «Է՜,  զզվել եմ գյուղի կյանքից: Ես վարորդ եմ, գնամ հողի՞ վրա աշխատեմ: Չեմ սիրում հողը: Ավելի լավ ա գնամ մեքենայի տակին մազութոտ ըլիմ, քան գնամ հողումը աշխատեմ: Հողումն էլ աշխատում ես կարկուտը գալիս ա, սրբում ա, ու էդ տարին սոված ես մնում»:

Բաց հանքի վտանգների մասին էլ Անդրանիկն ասաց. «Ասենք թե վտանգավոր ա, հմի ծուռը նստենք, դուզը զրից անենք, ասենք թե հանքը չի աշխատում, թեղուտեցին ինչո՞վ ապրի»:

Անդրանիկ Շախկյանը հանքի վտանգների մասին մտահոգվելն իր խնդիրը չի համարում. «Էդ մասին թող հաջորդ սերունդը մտածի»:

«Անվտանգության աշխատողների գործը դատաքննչական օրգաններում ա, ում է պետք՝ մենք համաձա՞յն ենք, թե՞ չէ: Ժողովրդի բարոյական վնասը պետք է վերականգնեն: Բարոյականն այն է, որ անվտանգության աշխատողը գեղամիջումը կանգնում ա ու սաղ գյուղին հայհոյում ա: Այ, բարոյականն այդ է»,- նեղսրտած ասաց Գագիկ Մելքոնյանը, ում թեղուտցիները Գինու Գագո են ասում: Թե ինչպես է տեսնում խնդրի լուծումը, Գագիկն ասաց, որ դա իր «ներքին գաղտնիքն է»: Գագիկ Մելքոնյանը դեմ է Թեղուտի հանքի բացմանը. «Գյուղացուն հմի նաղդի դա ձեռք է տալիս, որովհետև սոված ա: Հմի կարողանում ա ապրի»:

Միջադեպի մասին Թեղուտի գյուղապետ Հարություն Մելիքսեթյանն էլ «Հետքին»  ասաց, որ «հակասությունը դեռ չի վերջացել»:

«Ճիշտ է՝ ծեծողները Թեղոտ չեն գալիս, բայց չգիտեմ՝ նրանք ազատվե՞լ են, թե՞ չեն ազատվել աշխատանքից»,- ասաց գյուղապետը: Նա ասաց նաև, որ դեռևս քիչ թեղուտցիներ են ընկերությունում ընդունվում աշխատանքի. «Միջադեպից հետո հազիվ 8 մարդ են ընդունել աշխատանքի»:

«Թեղուտ» ՓԲԸ-ի վարչության անդամ Ռուբեն Պապոյանը, ով վերահսկում է Թեղուտի հանքավայրի աշխատանքները, այս տարվա ապրիլի 16-ի միջադեպի հետ կապված «Հետքին» հայտնեց, որ ընկերության անվտանգության ծառայության պետ Սամվել Դավթյանը և անվտանգության ծառայության աշխատակից Արթուր Գիգոլյանն առայժմ աշխատանքից հեռացված են: «Դեպքի առթիվ ոստիկանության Ալավերդու քննչական բաժանմունքի կողմից քրեական գործ է հարուցված: Նախաքննության ավարտից հետո մենք կձեռնարկենք մեր հետագա քայլերը»,- ասաց Ռ. Պապոյանը: 

«Հետքը» հետևել է նաեւ Թեղուտի հանքավայրի մակաբացման, ֆաբրիկայի տեղամասերի շինարական աշխատանքներին և դրանց մասին հարցեր ուղղել «Թեղուտ» ՓԲԸ-ի վարչության անդամ Ռուբեն Պապոյանին: Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Իր հայրենիքը սիրողը կթողե՞ր,որ այդ կուսական բնաշխարհը ՀՈՇՈՏԵԻՆ: Խավարասեր խլուրդների պես իրենց երկրի «ապագան» փնտրում են ստորգետնյա ՄՈՒԹ ԽՈՐՇԵՐՈՒՄ: Ուրեմն այդ ԱՄԲՈՂՋ բռնաբարված անտառը մի 40-50 ԾՈՒՅԼ ու ԷԳՈԻՍՏ գյուղացու ստամոքս էլ չարժե՞ր: Հանքարդյունաբերական ՄԱՖԻԱՆ «ոսկի» մանտրա է գտել. «գյուղացիներին աշխատատեղեր են ապահովում»: Իսկ այդ 40-50 գյուղացիները Ի՞ՆՉ են հետ տալիս Հային/Հայաստանին: Ստամոքսները լցնում ու սաղ օրը ծույլի պես վեր չե՞ն ընգած գյուղամեջի նստարանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter