HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Այսօր՝ Հայաստան-Ուելս. վիճակագրությունը մերոնց օգտին է

Այսօր՝ 18:00-ին, Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կմեկնարկի «Եվրո-2024»-ի ընտրական փուլի Հայաստան-Ուելս հանդիպումը: Թիմերն ընդգրկված են ընտրական 4-րդ խմբում, որտեղ նրանց մրցակիցներն են նաեւ Խորվաթիան, Թուրքիան, Լատվիան: 

Խմբում այս պահին առաջատարը Թուրքիան է, որը 7 խաղից հետո վաստակել է 16 միավոր: Թուրքերն արդեն ապահովել են Եվրոպայի 2024 թ. առաջնության եզրափակիչ փուլում իրենց մասնակցությունը: 6-ական խաղից հետո 10-ական միավոր են վաստակել Խորվաթիան եւ Ուելսը, Հայաստանը նույնքան խաղից հետո ունի 7 միավոր, իսկ խմբի հետնապահ Լատվիան 7 խաղից հետո վաստակել է 3 միավոր:

Մարզական հավաքին հրավիրված ֆուտբոլիստներից այսօրվա խաղի հայտացուցակից դուրս են մնացել Ժիրայր Շաղոյանն ու Ալբերտ Խաչումյանը: 

Հայաստան-Ուելս հանդիպման մրցավարական բրիգադը Ֆրանսիայից է: Գլխավոր մրցավար է նշանակվել Բենուա Բաստիենը, մրցավարի օգնականներ՝ Հիշամ Զակրանին եւ Օրելիեն Բերտոմեուն: Չորրորդ պաշտոնյան կլինի Ժերեմի Պինյարը:

Հիշեցնենք, որ մինչ այս Ուելսին հանդիպել ենք 3 անգամ: Աշխարհի 2002 թ․ առաջնության ընտրական փուլում՝ 2001 թ․ մարտի 24-ին, Երեւանում գրանցվեց 2-2։ Մեր թիմից աչքի ընկան Արտակ Մինասյանն ու Անդրեյ Մովսեսյանը։ Չնայած Մինասյանը բացեց հաշիվը, հետո հյուրերը երկու գոլ խփեցին, սակայն Մովսեսյանը գեղեցիկ հարվածով կարողացավ մեր թիմին միավոր պարգեւել։ Քարդիֆում պատասխան խաղը կայացավ նույն տարվա սեպտեմբերի 1-ին ու ավարտվեց 0-0։ Երրորդ խաղը կայացել է այս տարվա հունիսի 16-ին: Քարդիֆում մերոնք առավելության հասան 4-2 հաշվով: Երկուական գոլ խփեցին Լուկաս Սելարայանն ու Հրանտ-Լեոն Ռանոսը: Այսպիսով՝ վիճակագրությունը Հայաստանի օգտին է. 1 հաղթանակ, 2 ոչ-ոքի, խփած ու բաց թողած գոլերի տարբերությունը՝ 6-4: 

Այս պահին Հայաստանը ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում 95-րդն է, իսկ Ուելսը՝ 28-րդը: 

Թե՛ Ուելսը, թե՛ Խորվաթիան, թե՛ Հայաստանը «Եվրո-2024»-ի եզրափակիչ փուլի երկրորդ ուղեգրի համար պայքարելու հնարավորություն ունեն, սակայն մերոնց շանսերը համեմատաբար ավելի փոքր են: 

Այսօր՝ Երեւանի ժամանակով 21:00-ին, կսկսվի Լատվիա-Խորվաթիա հանդիպումը: 

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter