Կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Բաց սահմաններ, ապաշրջափակված ենթակառուցվածքներ, ակտիվ տնտեսական, քաղաքական և մշակութային կապեր. սրանք այն պայմաններն են, որոնք, ըստ ՀՀ կառավարության, անհրաժեշտ են մեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար։ Կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
Նախագիծը վերաբերում է նոր ենթակառուցվածքների ստեղծմանը կամ գոյություն ունեցողների որակի բարելավմանը: Հայաստանը պատրաստ է ճանապարհային ենթակառուցվածքների համար հինգ անցակետ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ Կայանի, Սոթքի, Քարահունջի, Անգեղակոթի և Երասխի մոտ, երկու անցակետ էլ՝ Հայաստանի և Թուրքիայի սահմանին՝ Ախուրիկում և Մարգարայում։
Կառավարությունն ասում է՝ Հայաստանը պատրաստ է ապահովել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև հաղորդակցությունը՝ վերականգնելով Հայաստանի Հանրապետության տարածքում երկաթուղային չորս հատվածները, ինչը նոր կապեր կստեղծի տարածաշրջանի բոլոր երկրների միջև։
Նախագծի համաձայն՝ յուրաքանչյուր երկիր իր պետական կառույցների միջոցով պետք է ապահովի սահմանային մաքսային հսկողությունն ու բոլոր ենթակառուցվածքների անվտանգությունը, ներառյալ իր տարածքով տրանսպորտային միջոցների, բեռների և մարդկանց փոխադրումը:
Բոլոր ենթակառուցվածքները կարող են օգտագործվել ինչպես միջազգային, այնպես էլ ներքին փոխադրումների համար: Նախագծի համաձայն՝ երկրները պետք է օգտագործեն բոլոր ենթակառուցվածքները՝ հավասարության սկզբունքով։
Կառավարության պնդմամբ՝ «Խաղաղության խաչմերուկը» հնարավորություն կտա անխափան կապ հաստատել Պարսից ծոցի, Օմանի ծոցի, Սև, Կասպից և Միջերկրական ծովերի միջև՝ միավորված տարածաշրջանային երկաթուղային ցանցի միջոցով և հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք ճանապարհներով:
Կառավարության տարածած տեսանյութի մեջ նշվում է՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերահաստատում է իր հանձնառությունը՝ իր բաժինը ներդնելու տարածաշրջանի խաղաղության ու կայունության ապահովման գործում և գործնական քայլեր ձեռնարկելու խաղաղության խաչմերուկը կառուցելու համար։
Նախագծի մանրամասները՝ տեսանյութում
Նկարները՝ կից տեսանյութից
Մեկնաբանել