HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատունը նորից հանվել է անշարժ գույքի շուկայից

Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատունը, որը վաճառքի էր հանվել 2022 թ. ապրիլին, արդեն երկրորդ անգամ հանվել է շուկայից:

Հիշեցնենք, որ 2011-ին Լոս Անջելեսի Վեսթվուդ շրջանի Հոլմբի Հիլզ թանկարժեք թաղամասում (հասցեն՝ 530 South Mapleton Drive) Գ. Խաչատրյանի ավագ որդին՝ Գուրգենը, եւ նրա կառավարած «Veto Trust»-ը 14,4 մլն դոլարով առանձնատուն էին ձեռք բերել, որը կառուցվել էր դեռ 1927-ին:

2016-ին «Veto Trust»-ը եւ դրա կառավարիչներից Թեդ Թադեւոս Խաչատրյանը առանձնատունը փոխանցել էին վերջինիս ղեկավարած «WRH» ընկերությանը, որը գրանցված է Լոս Անջելեսում։ Ընկերության գործադիր ու ֆինանսական ղեկավարը, ինչպես նաեւ քարտուղարը Թեդ Խաչատրյանն է, տնօրենները՝ Արտյոմ եւ Գուրգեն Խաչատրյանները։ Չնայած փաստաթղթերով տան սեփականատերը «WRH»-ն է, իրական տերերը Գագիկ Խաչատրյանի որդիներն են:

Քանդելով 1927-ին կառուցված տունը՝ 2017-ին Խաչատրյաններն այս հասցեում նոր տուն են կառուցել, որը շատ ավելի մեծ է՝ տան տարածքը 3126 քմ է, իսկ ընդհանուր անշարժ գույքի մակերեսը՝ 5224 քմ։

Երկհարկանի այս վիլլան ունի 11 ննջասենյակ, 27 լոգասենյակ/զուգարան, ճաշասենյակ, ընտանեկան սենյակ, սպասավորների սենյակներ, տնային կինոթատրոն, գրադարան, մեդիա/երաժշտական սենյակ, հանգստի սենյակ, գրասենյակ, գինու մառան, նկուղ, ավտոտնակ, լվացքատուն, բակում կա լողազավան։

Չնայած տունն անավարտ վիճակում է, ներքին հարդարման աշխատանքներ չեն արվել, Խաչատրյանները 2022-ի ապրիլին այս տունը վաճառքի են հանել 63,5 մլն դոլարով:

Տունը վաճառքի հանելուց շատ չանցած՝ 2022-ի մայիսին, ԱՄՆ արդարադատության նախարարությունը (դեպարտամենտը), որը ղեկավարում է այդ երկրի գլխավոր դատախազը, Խաչատրյանների գույքը բռնագանձելու հայց է ներկայացրել Կալիֆոռնիայի Կենտրոնական շրջանի դատարան, հայցը պաշտպանում են ամերիկացի դատախազները։ Ամերիկյան կողմը գտնում է, որ Խաչատրյանները 2011-ին գույքը ձեռք են բերել անօրինական միջոցներով: Խոսքը գործարար Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի կողմից 2011 թ․ Խաչատրյաններին տրված 22.401.000 դոլարի մասին է, որը հայ ու ամերիկացի իրավապահները համարում են կաշառք (այն ժամանակ Գագիկ Խաչատրյանի գլխավորած ՊԵԿ-ի կողմից բարեհաճ վերաբերմունք ստանալու համար), իսկ Առուստամյանն ու Խաչատրյանները դա անվանում են փոխառություն։

Դատախազները Կալիֆոռնիայի Լոս Անջելես շրջանի (Los Angeles County) պաշտոնական գրառումների գրասենյակում գրանցել են տվել ծանուցում այն մասին, որ վաճառքի հանված առանձնատան վերաբերյալ կա դատական գործ։ Սա նշանակում է, որ Խաչատրյանները կարող են վաճառել իրենց տունը, այսինքն՝ այն արգելանքի տակ չէ, բայց եթե դատարանը վերջնարդյունքում որոշի բավարարել դատախազների հայցն ու բռնագանձի տունը, ապա Խաչատրյաններից տունը ձեռք բերած գնորդը կանգնելու է փաստի առաջ:

Ու չնայած դատական հայցին եւ դատախազների ծանուցմանը՝ 2022 թ. հունիսին գնորդ հայտնվեց, ինչի մասին հուշում էր անշարժ գույքի գործակալությունների կայքում հայտնված ինֆորմացիան: Խաչատրյանների՝ վաճառքի հանված տան վերաբերյալ այդուհետ նշվում էր «under contract», «active under contract» կամ «accepting backup offers», ինչը նշանակում է, որ ֆինանսների նախկին նախարարի որդիները համաձայնություն են ձեռք բերել հավանական գնորդի հետ, սակայն այն վերջնական չէ, այսինքն՝ տվյալ գույքը գնել ցանկացողները կարող էին ներկայացնել իրենց գնային առաջարկները:

Այդուհանդերձ, 2022-ի նոյեմբերի սկզբին տունը հանվեց վաճառքի շուկայից, բայց նույն ամսվա վերջում նորից հայտնվեց շուկայում: Այս անգամ Խաչատրյանները գինն իջեցրել էին 7,5 մլն դոլարով՝ դարձնելով 56 մլն դոլար: Սակայն այդպես էլ գնորդ չհայտնվեց:  

2023 թ. օգոստոսին երկրորդ անգամ տան գինն իջեցվեց, այս անգամ՝ 9,5 մլն դոլարով՝ դառնալով 46,5 մլն դոլար: Բայց այս անգամ եւս գույքը գնորդ չունեցավ:

Եվ ահա տակավին վերջերս՝ նոյեմբերի 13-ին, ինչպես տեղեկանում ենք անշարժ գույքի ամերիկյան գործակալությունների կայքերից, Խաչատրյանների տունը երկրորդ անգամ հանվել է շուկայից: Թե որն է պատճառը, հայտնի չէ:

Նկատենք, որ 2023 թ. Խաչատրյանների այս անշարժ գույքը ընդհանուր գնահատվել է 35,1 մլն դոլար, որից 17,4 մլն-ը հողի արժեքն է, իսկ 17,7-ը՝ դրա վրա կառուցված շենք-շինությունների: Ըստ այդմ՝ 2023 թ. համար հաշվարկվել է 424.305 դոլար գույքահարկ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter