
OpenAI-ը գործադիր տնօրեն Սեմ Ալթմանին հեռացնելուց հետո բանակցում է նրա վերադարձի շուրջ
ChatGPT-ն ստեղծած OpenAI տեխնոլոգիական ընկերությունում վերջին օրերին փոփոխություններ են։ Ընկերությունը աշխատանքից հեռացրել է համահիմնադիր, գործադիր տնօրեն Սեմ Ալթմանին։ Որոշման մասին OpenAI-ը հայտարարել էր նոյեմբերի 17-ին՝ պատճառաբանելով, որ Ալթմանը «ոչ միշտ է անկեղծ եղել խորհրդի հետ շփումներում, ինչը խանգարել է նրան կատարել իր պարտականությունները»։ Տնօրենների խորհուրդը, հայտարարության համաձայն, այլևս վստահ չէ, որ Ալթմանը կարող է ղեկավարել OpenAI-ը:
«Մենք երախտապարտ ենք Սեմի բազմաթիվ ներդրումների համար OpenAI-ի հիմնադրման և զարգացման գործում: Միևնույն ժամանակ մենք կարծում ենք, որ առաջ շարժվելու համար անհրաժեշտ է նոր ղեկավարություն»,- ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ։
X-ի իր միկրոբլոգում Ալթմանը գրել է, որ OpenAI-ում անցկացրած ժամանակը անձամբ իր համար հեղաշրջող է եղել, հուսով է՝ մի փոքր էլ աշխարհի համար։
«Հետո ավելի շատ բան կունենամ ասելու, թե ինչ է սպասվում հաջորդիվ»,- գրել է նա։
i loved my time at openai. it was transformative for me personally, and hopefully the world a little bit. most of all i loved working with such talented people.
— Sam Altman (@sama) November 17, 2023
will have more to say about what’s next later.
🫡
Սեմ Ալթմանի հեռանալուց ժամեր անց OpenAI-ի նախագահ և խորհրդի նախկին նախագահ Գրեգ Բրոքմանը հրաժարական է տվել։ Նույն օրը մի շարք ավագ հետազոտողներ ևս դուրս են եկել ընկերությունից:
The New York Times-ի փոխանցմամբ՝ Ալթմանը նախատեսում է տեխնոլոգիական նոր ընկերություն հիմնել, ինչի մասին արդեն տեղեկացրել է ներդրողներին։ Ասվում է, որ նրան կմիանա նաև հին գործընկեր Գրեգ Բրոքմանը։
OpenAI-ը, սակայն, կարծես այլ ծրագրեր ունի։ Ալթմանին պաշտոնանկ անելուց մեկ օր անց, ըստ ամերիկյան The Verge տեխնոլոգիական կայքի՝ OpenAI-ի տնօրենների խորհուրդը բանակցություններ է սկսել նախկին ղեկավարի վերադարձի շուրջ։ Քննարկումների ընթացքից մանրամասներ հայտնի չեն։
Ալթմանը 2015 թվականին համահիմնադրել էր տեխնոլոգիական այս ընկերությունը։ Նրա ղեկավարման տարիներին է ստեղծվել ChatGPT լեզվական մոդելը, որն արդեն շաբաթական մոտ 100 միլիոն ակտիվ օգտատեր ունի։ Նրան OpenAI-ի ղեկավարի պաշտոնում այս պահին փոխարինում է Միրա Մուրատին։
Գլխավոր լուսանկարում՝ Սեմ Ալթմանը
Լուսանկարը՝ Justin Sullivan/Getty Images
Մեկնաբանել