HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության հիմնադիրների հայտարարությունը

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության հիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Արթուր Ալավերդյանը և Ռիչարդ Ազարնիան տարածել են հայտարարություն՝ անդրադառնալով հայրենիքի և սփյուռքի առջև ծառացած այսօրվա ծանր մարտահրավերներին:

Նախաձեռնության հիմնադիրներն ընդգծել են այս դժվար ժամանակներում լուծումներ որոնելու, փոխըմբռնման հասնելու և հավաքական ձևով մեր ապագայի տեսլականը ձևավորելու հրատապությունը: Հայտարարության տեքստը ստորև՝

Հարգելի հայրենակիցներ,  

Հայաստանում և Արցախում վերջին զարգացումները ևս մեկ անգամ ի ցույց դրեցին համահայկական միասնական տեսլականի և գործողությունների կարևորությունը:  

Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների վայրի ու հետևողական քաղաքականության արդյունքում Արցախի ամբողջ բնակչությունը ստիպված էր լքել իր հայրենիքը մի քանի օրում: Արցախի պետական ու հանրային հայտնի գործիչները, այդ թվում՝ նախկին նախագահներն ու նախկին պետնախարար, «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել ու տեղափոխվել են Բաքու: Հայկական քաղաքակրթության հնագույն բնօրրաններից մեկը 2.5 հազարամյակում առաջին անգամ մնացել է առանց իր բնիկ ժողովրդի:  

Այսօր Հայաստանի ինքնիշխանությունը, անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը լրջորեն վտանգված են: Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները շարունակում են մնալ անտեսված: Նույնչափ վտանգավոր է Հայաստանի հասարակության և սփյուռքահայության շրջանում անտարբերության գերիշխող զգացումը, ինչը խոչընդոտում է ազգային համախմբմանը: Հայաստանի գործող վարչակազմի այս մարտահրավերներին դիմակայելու անկարողությունն ավելի է սրում իրավիճակը:  

Այս և մեր առջև ծառացած բազմաթիվ այլ ճգնաժամային խնդիրներն արդյունավետորեն լուծելու համար վճռորոշ նշանակություն ունի ապագայի միասնական տեսլականի ձևավորումը, պատասխանատու ղեկավարումը, Հայաստանում և սփյուռքում կարող մասնագետների և ռեսուրսների ներգրավման արդյունավետ մեխանիզմների հարցում առկա բացի լրացումը:  

Մենք հավատարիմ ենք ապագան միասին կերտելու մեր հռչակած առաքելությանը: Կարևորում ենք ջանքերի համակարգումը և մնայուն լուծումների համատեղ որոնման մեջ հայերի ու աշխարհում մեր բարեկամների ավելի խորը և ավելի լայն ներգրավումը:  

Հայաստանի առումով մենք հրատապ ենք համարում հավաքական դիմադրողականության ուժեղացումը, առկա բոլոր ռեսուրսների մոբիլիզացիան, պատասխանատու կառավարման հաստատումը, պարտվողականության և խուճապային կեցվածքի մերժումը, ուժեղ և վստահելի գործընկերությունների ձևավորումը:  

Արցախի առումով մենք շարունակելու ենք ձգտել այնպիսի լուծմանը, որը Արցախի ժողովրդին թույլ կտա անվտանգ ու արժանապատիվ կերպով վերադառնալ իրենց տները և կերաշխավորի նրանց ազգային, կրոնական, կրթական ու մշակութային իրավունքները՝ ներառյալ հայկական ժառանգության պահպանումը:  

Սփյուռքի առումով ճակատագրական նշանակություն ունի մեր հավաքական ուժի օգտագործումը և ամբողջ աշխարհում սփյուռքի քայլերի համար ընդհանուր օրակարգի հաստատումը՝ կենտրոնանալով Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության և Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության վրա:  

Մենք հանդես ենք եկել «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնությամբ 2020թ. ավերիչ պատերազմից հետո՝ զարգացնելով մի երկխոսություն, որը կհանգեցներ փոխըմբռնման  և Հայաստանի ու հայության ապագա տեսլականի ընդհանուր շրջանակի ձևավորման: Մեր կոչին արձագանքել է ավելի քան 110,000 մարդ աշխարհի 108 երկրից: Մեր նպատակներն ի սկզբանե պարզ էին. հաղթահարել բևեռացումը, վերացնել գերիշխող հուսահատությունը, ձևակերպել համակարգային լուծումներ, վերակտիվացնել հասարակությունը և զարգացնել պատասխանատվության ընդհանուր զգացում երկրի և դրա ապագայի հանդեպ:   

Հայաստանի ու սփյուռքի կազմակերպությունների ու մասնագետների հետ ընդարձակ քննարկումների արդյունքում նախաձեռնությունը սահմանել է 15 նպատակներ՝ ձգտելով անդրադառնալ մեր առջև ծառացած մարտահրավերների ամբողջական շրջանակին և համայն հայության կայուն զարգացմանը:   

Այս տարվա գարնանը մենք անցկացրինք առաջին քաղաքացիական ասամբլեան հայկական աշխարհում՝ Ապագա Հայկականի Համաժողովը, որտեղ հայրենիքից ու սփյուռքից մասնակիցները քննարկեցին 15 նպատակներից 3-ը (Պատմական պատասխանատվություն, Հայաստան-Սփյուռք միասնականություն և Բնակչության աճ) և ընդունեցին քաղաքականություն ու ծրագրային առաջարկներ: Համաժողովին նախորդել էր ավելի քան 100 հայ փորձագետների նախապատրաստական լայնածավալ աշխատանքը, որի արդյունքում երեք նպատակների շրջանակում կազմվել էին հնարավոր սցենարներ ու նախագծերի գաղափարներ: Համաժողովի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:  

Մենք երախտագիտություն ենք հայտնում մեր նախաձեռնությանը միացածներին այս ճակատագրական ժամանակներում իրենց անսասան աջակցության համար:  

Մենք՝ հայերս, բոլոր մակարդակներում՝ անձնական, հասարակական և պետական, պետք է հաղթահարենք հուսահատությունը և պառակտվածությունը, դիմադրենք մեր ժողովրդի առջև ծառացած շարունակական մարտահրավերներին ու դժվարություններին և հավաքականորեն կերտենք պայծառ ապագա բոլոր հայերի համար:

Մեկնաբանություններ (1)

Արարատ
Ախր ինչպե՞ս կարելի է 100 տարի(և ավել) անել նույն բանը և սպասել տարբեր արդյունք։ Առանզ ազգային գաղափարախոսության-աշխարհայացքի չի լինելու հայոց համախմբում։ Ազգովի շնորհակալություն է պետք ասել Ալեքսանդր Վապետյանին «Արիականք» հայ ազգային գաղափարախոսությունը երկնելու համար, իսկ հայոց ջոջերի մասին(թե՜ հայրենիքում, և թե՜ սփյուռքում) միայն մեջբերել մեծն Սևակը թևավոր խոսքերը.« ցավս զսպեմ ու ձեր ցավը տանեմ, ձիեր…»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter