HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպայի հարցերով նախարարը այսօր կժամանի Հայաստան

ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին Հայաստան, Վրաստան և Ադրբեջան այցի ընթացքում, որը կմեկնարկի այսօր (նոյեմբերի 20-ին), կընդգծի Միացյալ Թագավորության ակտիվացող աջակցությունն ու համագործակցությունը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Բրիտանական դեսպանատան մամուլի ծառայությունը։

«Ռուսաստանի հարավային սահմանին գտնվող տարածաշրջանը շարունակում է խոցելի մնալ արտաքին միջամտության նկատմամբ, մինչ վերականգնվում է հակամարտության հետևանքներից և փորձում է առաջ մղել բարեփոխումների օրակարգերը՝ ի նպաստ ազատության ու անկախության ժողովրդավարական ընտրության։ 

Հիմնվելով այս տարի երեք երկրների հետ կայացած պաշտոնական ռազմավարական երկխոսությունների վրա՝ նախարար Դոքերթին կառաջարկի ընդլայնել առևտրի և անվտանգության ոլորտներում համագործակցության շրջանակը՝ տնտեսությունների դիվերսիֆիկացմանը և Ռուսաստանից Եվրոպայի կախվածության նվազեցմանը նպաստելու համար:

Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին Երեւան ժամանելուց առաջ ասել է.

«Հարավային Կովկասն առերեսվում է տարածաշրջանի կայունությանը սպառնացող անվտանգային զգալի մարտահրավերների՝ ինչպես ներքին, այնպես էլ հարևան երկրների կողմից։

Անկայուն տարածաշրջանում Միացյալ Թագավորությունը հուսալի գործընկեր է բարեփոխումների, խաղաղության և կայունության համար»: 

Եվրոպայի հարցերով նախարարը ժամանում է Երևան՝ նոր թափ հաղորդելու անցյալ շաբաթ Լոնդոնում կայացած ՄԹ-Հայաստան ռազմավարական երկխոսությանը, որի ընթացքում երկու կողմերը պայմանավորվեցին ընդլայնել համագործակցությունն առևտրի, անվտանգության և օրենքի գերակայության ոլորտներում։

Թբիլիսիում նա կհաստատի ՄԹ աներկբա աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և կաջակցի նրա եվրաատլանտյան ձգտումներին՝ Վրաստանի կառավարության և ժողովրդի կամքին համահունչ:

Միացյալ Թագավորությունն աշխատում է Վրաստանի կառավարության հետ՝ ռուսական ագրեսիայի դեմ իր դիմակայունությունն ամրապնդելու նպատակով, այդ թվում 2022 թվականի ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովում համաձայնեցված՝ Վրաստանի կարիքներին համապատասխան աջակցության փաթեթի միջոցով: 

Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձություններին անդրադառնալով՝ նախարար Դոքերթին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կհորդորի արդյունավետ ներգրավվածություն ունենալ միջազգային միջնորդությամբ ընթացող բանակցություններում՝ խաղաղության պատմական համաձայնագրի հասնելու և տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համար։ 

Սեպտեմբերին Միացյալ Թագավորությունը 1 մլն ֆունտ ստեռլինգ է տրամադրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ)՝ սատարելու Լեռնային Ղարաբաղում և ավելի լայն տարածաշրջանում ստեղծված իրավիճակին հումանիտար աջակցությանը:

Միացյալ Թագավորությունն առաջին երկրներից էր, որն աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանին ականազերծման գործում՝ տրամադրելով սարքավորումներ և տեղական իշխանությունների համար դասընթացներ ականազերծման վերաբերյալ։ Նախարար Դոքերթին Բաքու է ժամանում հենց այն ընթացում, երբ ՄԹ-ն շարունակում է գործակցությունը՝ իր աջակցությունը տրամադրելով պայթուցիկ զինամթերքի ոչնչացման մասնագիտացված դասընթացների անցկացման համար, որոնք անհրաժեշտ հմտություններ կապահովեն բարձր վտանգավորության միջավայրում աշխատելու համար»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter