HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

SOS. Արփայի հունը փակվում է (վիդեո)

Թեհմինե Ենոքյան

Առավոտյան ահազանգ ստացվեց Ջերմուկից, որ կիրակի օրը ՀԷԿ կառուցող մարդիկ ծանր տեխնիկա են բերել և արդեն Արփայի հունը փակել են: Երկու շաբաթ առաջ «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ն պաշտոնապես գրել է բնապահպանության նախարարությանը և ոչ մի պատասխան մինչ այս պահը չի ստացվել: Ես որպես լրագրող ահազանգեցի բնապահպանության նախարարության թեժ գծին: Պատասխանը հետևյալն էր` դիմեք ջրային ռեսուրսների կադաստր:

Հարցերս հետևյալն էին` ի՞նչ ընկերություն է այդ տարածքում գործունեություն ծավալում, Կեչուտի ջրամբարից վերև գտնվող Արփա գետի տարածքը մտնո՞ւմ է ջրաբանական արգելավայրի տարածքի մեջ, որը կազմում է 17 հազար հեկտար, որտե՞ղ են իրավական հիմքերը, իրականացվե՞լ են հասարակական լսումներ, ջերմուկցիներն այս մասին ոչինչ չգիտեն:

Ջրային ռեսուրսների կադաստրում ասեցին` «պաշտոնապես դիմեք, մենք կպատասխանենք, դե, երևի ունեն իրավունք ու թույլտվություն, որ նման գործունեություն են ծավալում»:

Հարցը մնաց «դե, երևի» մակարդակում:

Կրկին զանգահարեցի բնապահապանության նախարարության թեժ գիծ ու խնդրեցի ահազանգ գրանցել: Ահազանգն ընդունվեց. «Մենք հիմա կտեղեկացնենք Վայոց Ձորի բնապահապանության տեսչությանը, թող իրենք պարզեն»:

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Վայոց Ձորի տարածքային բաժնի պետ` Վահիկ Գրիգորյանն ասաց. «Կազմակերպության անունը չեմ հիշում. այնքան շատ են: Իրենք 5 տարի առաջ են այս ծրագիրն ունեցել, պարզապես հիմա են իրականացնում: Իսկ ջրաբանական արգելոցի տարածքում դա չի գտնվում. ջրաբանական արգելոցի տարածքը դրանից վերև ավարտվում է»:

Նույն հարցերս ուղղեցի նաև վերջինիս. «Դա ի՞նչ կազմակերպություն է, որտե՞ղ են իրավական հիմքերը, կատարվե՞լ են հասարակական լսումներ և որտե՞ղ է արձանագրությունը, ովքե՞ր են մասնակցել հանրային լսումներին»:

Խոստացավ զանգահարել և այս հարցերին պատասխանել: Սպասենք պատասխաններին: Իսկ մինչ այդ Արփայի հունը փակվում է:

Մեկնաբանություններ (1)

Թեհմինե
Անանուն ՀԷկ... Նախարարության պատասխանը` Հարգելի պարոն Գալստյան Ի պատասխան ՀՀ բնապահպանության նախարարին ուղղված Ձեր 22.06.2012թ NԵՕ17/12 գրության` կապված Կեչուտի ջրամբար թափվող հատվածում ՓՀԷԿ-ի շինարարության հետ, հայտնում եմ, որ ձեռնարկողի և ՓՀԷԿ-ի անվանումնների բացակայության պատճառով, հնարավոր չէ անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել: Հարգանքով՝ Է. Փիրումյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter