HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

«Տեխնոլոգիաները հասել են պատրաստ վիճակի, կրթության ոլորտը պետք է արձագանքի»

Արտասահմանյան բուհերը հայ ուսանողներին «գողանալու» նորաձև տարբերակ ունեն՝ էլեկտրոնային ուսուցումը. կրթվելու համար պետք չէ տարածություն կտրել, բավարար են լավ ինտերնետ կապն ու համապատասխան գիտելիքները: Թեև «Կրթության մասին» ՀՀ օրենքը ևս նախատեսում է հեռահար ուսուցում, բայց Հայաստանը ոչ միայն չունի էլեկտրոնային որևէ համալսարան, այլև դեռևս չի մշակել էլեկտրոնային ուսուցման ռազմավարություն, ինչը, էլեկտրոնային ուսուցման փորձագետ Յուլիա Ստակյանի խոսքով, «ցանկացած իրեն հարգող երկիր ունի»:

Օրինակ` Ռուսաստանը մշակել է էլեկտրոնային ուսուցման իր ռազմավարությունը մինչև 2020 թվականը, նրանք հստակ գիտեն` որտեղից են սկսում, ուր են գնում և ուր են հասնելու: Մենք էլեկտրոնային ուսուցման ռազմավարություն դեռ չունենք՝ որպես ամփոփ փաստաթուղթ, որտեղ որ նշված կլինեն այդ ուսուցման նպատակները, խնդիրները, իրականացման ուղիներն ու գործիքները, իրականացնող կազմակերպությունները, թիրախային խմբերը և այլն:

Մենք արդեն երկխոսություն պետք է սկսենք կրթության նախարարության մեր աշխատակիցների հետ: Քայլեր պետք է ձեռնարկենք էլեկտրոնային ուսուցման ոլորտում օրենսդրական դաշտի բարելավման համար: Նախատեսում ենք, որ կլինի քննարկում, թե ինչպիսի փաստաթղթեր են անհրաժեշտ էլեկտրոնային ուսուցման համակարգը ամբողջացնելու համար և երևի թե ամենամեծ խնդիրը, որ մենք պետք է քննարկենք, էլեկտրոնային ուսուցման զարգացման ռազմավարությունը մշակելն է:

Շատ չե՞նք ուշացել:

Չեմ կարող ասել, որ մենք ուշացել ենք, համահունչ գործընթաց է ընթանում: Եթե ինտերնետի կապը վատն է, կամ թանկ է, դա նույնպես անդրադառնում է էլեկտրոնային ուսուցման վրա: Լավ է, որ հիմա ինտերնետ կապից կարելի է չդժգոհել, բայց 2006թ. դա լուրջ խնդիր էր: Հիմա տեխնոլոգիաները եկել հասել են պատրաստ վիճակի, կրթության ոլորտը պետք է արձագանքի: Նույնիսկ 2000թ. եզակի դեպքեր ունեինք, երբ էլեկտրոնային ուսուցման այս կամ այն տարրը ներդրվում էր որևէ կազմակերպությունում, բայց դրանք համակարգի զարգացումը չէին ապահովում: Մեր նպատակն է էլեկտրոնային ուսուցման համակարգի ձևավորումը ընդհանրապես: Այսինքն՝ ոչ թե որևէ բուհ կամ քոլեջ իրականացնի էլեկտրոնային ուսուցում, այլ ձևավորվի կրթության այս տեսակի համակարգը: Կան բուհեր և քոլեջներ, որոնք ներդրել են էլեկտրոնային կուրսեր, բայց մենք դեռ պատրաստ չենք, որ դրանք դառնան մասնագիտություններ: Չունենք համապատասխան նորմատիվային դաշտ: Առաջին հարցն այն է, թե պետական նմուշի դիպլոմ էլեկտրոնային կրթություն ստացած մարդուն տալու են, թե ոչ:

Իսկ լիցենզիայի խնդիրը կարգավորելը բա՞րդ է:

Լիցենզիա տալու համար պետք է հստակ ձևավորված լինեն այն չափանիշները, որոնք կարգավորում և համապատասխան մարմիններին թույլ են տալիս վերահսկել էլեկտրոնային ուսուցման դաշտը: Մենք այդ դաշտը դեռ չունենք: Բայց հուսով եմ, որ շատ շուտով կունենանք: Ես էլեկտրոնային ուսուցման փորձագետ եմ 2000թ.-ից: Եթե մինչև 2008թ. այս հարցը ոչ ոք չէր բարձրացնում, ապա 2008թ. սկսեցինք խոսել էլեկտրոնային ուսուցման մասին: Հիմա փորձում ենք ինչ-որ քայլեր անել, և դա շատ լավ է:

Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում:

2009-2011թթ. Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ, ի դեմս GIZ(Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն-Մ.Մ.) կազմակերպության, Հայաստանում իրականացվեց «Դեպի զբաղվածությունը կողմնորոշված որակավորումը Հայաստանի տնտեսական զարգացման առանցքային ոլորտներում» ծրագիրը: Ես այդ ծրագրի համակարգողն եմ Հայաստանում: Ծրագրի առաջնային նպատակը ինքնազբաղվածություն ապահովելն էր, այսինքն՝ պատրաստել որակյալ մասնագետներ, որոնք կկարողանան իրենց տեղը գտնել աշխատաշուկայում:

Բայց ինքնազբաղվածությանը տանող առաջին միջոցը որակյալ ուսուցման տրամադրումն է ուսանողներին: Էլեկտրոնային ուսուցումը այն հիմնական գործիքն է, որի միջոցով մենք իրականացնում ենք ծրագրում ընդգրկված մասնակիցների վերապատրաստումները: Այն շատ հարմար գործիք է միջազգային ընկերության համար, որը վերապատրաստումներ պետք է իրականացնի միաժամանակ աշխարհի տարբեր կետերում: Բազմաթիվ ծրագրեր են եղել, որոնք փորձել են խոսել էլեկտրոնային ուսուցման մասին, բայց այս նախագիծը հաջողված էր այն առումով, որ մեր առաջարկած ուսուցման մեթոդը համահունչ է մեր կրթական համակարգին:

«Համահունչ» ասելով՝ ի՞նչ նկատի ունեք:

Մենք առաջարկում ենք խառը ուսուցում` դեմառդեմ հանդիպումների և առցանց ուսուցման համադրություն: Մենք ազգային խառնվածքով պատրաստ չենք առցանց ուսուցման և երբեք էլ պատրաստ չենք լինելու, որովհետև սիրում ենք դեմառդեմ շփվել իրար հետ, այդ շփումը չի կարող բացակայել: Ի դեպ, մենք որոշ չափով սխալ ենք իրազեկված. թեև միջազգային տարբեր համալսարաններ ներկայացնում են էլեկտրոնային ուսուցումը որպես զուտ առցանց կրթություն, բայց որպես փորձագետ կարող եմ նշել, որ այն չի մերժում ուսանող-դասախոս դեմառդեմ շփումը: Հենց այդ լրիվ առցանց ուսուցումն է առաջացնում մերժում մեր ուսումնական հասատությունների կողմից, որովհետև նրանք անընդհատ շահագրգռված են շփվել իրենց թիրախային խմբի հետ:

Ծրագրի առջև նախ կանգնեց կրթական հաստատություններում էլեկտրոնային ուսուցման նկատմամբ բացասական մոտեցումը հանելու խնդիրը, հետո մասնակիցներին փորձեցինք բացատրել, որ այն շատ արդյունավետ է: Որպես ծրագրի արդյունք, կարելի է նշել այն, որ մասնակիցները պետք է պիլոտային ծրագրեր պատրաստեն ուսուցման ընթացքում, որոնք գերմանական կողմի աջակցությամբ պատրաստ կլինեն ներդրմանը: Ստեղծվեց էլեկտրոնային ուսուցման պորտալ, որում մասնակիցները շարունակելու են իրենց վերապատրաստումը: Ցանցի ներսում ստորագրել են համագործակցության հուշագիր:

Դրա նպատակը ռեսուրսների փոխանակումն է, այսինքն՝ եթե մի կազմակերպություն տեխնիկապես ավելի ուժեղ է, ցանցին տրամադրում է էլեկտրոնային ուսուցման հարթակը, մյուսը կարող է մասնագետներին տրամադրել և այլ. փոխօգնություն` էլեկտրոնային ուսուցումը ընդհանուր առմամբ զարգացնելու նպատակով: Հայաստանում էլեկտրոնային ուսուցում իրականացնում է Մոսկվայի տնտեսության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանի հայատանյան մասնաճյուղը, բայց մենք ընդամենը կարող ենք փորձի փոխանակում անել նրանց հետ, «ՄԷՍԻ» –ն ռուսական համալսարանի մասնաճյուղ է:

Երևանի պետական համալսարանը ինչքանո՞վ է ներգրավված այդ ծրագրում:

ԵՊՀ-ն մեր ծրագրում ներգրավված չէ, բայց նրանք էլ այս ոլորտում ունեն որոշակի գործողություններ: Մեր ծրագրում Բրյուսովի համալսարանն էր ներգրավված, որը նաև էլեկտրոնային ուսուցման ազգային ցանցի անդամ է: Ծրագրի շրջանակներում պարոն Զոլյանը այնքանով կարևորեց էլեկտրոնային ուսուցումը, որ բուհում ստեղծեց էլեկտրոնային ուսուցման կենտրոն` որպես առանձին ստորաբաժանում: Եվ կենտրոնի առջև հիմա դրված են լուրջ նպատակներ, որոնք պետք է զարգացվեն: Ցանկացած միջազգային ծրագրի համար մեծ նվաճում է, երբ ստեղծվում է մի կենտրոն, որը կարող է ինքուրույն գործել, զարգանալ: Այդ կենտրոնը կարգավորում է էլեկտրոնային ուսուցման ռազմավարությունը բուհի համար և իրականացնում է այն սկսած տեխնիկական խնդիրներից, վերջացրած դասախոսական կազմի վերապատրաստումներով:

Որոնք են էլեկտրոնային ուսուցման առավելությունները, բացի նրանից, որ տարածությունը հաղթահարելու ուժ ունի:

Տարածությունը հաղթահարելու և ժամանակը խնայելու: Եթե ուսումնասիրենք մարդու հոգեբանությունը, ուսուցումը կարող է լինել ոչ արդյունավետ, եթե ձեռնարկել եք կրթվելու` ձեր օրգանիզմին ոչ հմապատասխան ժամ: Անձամբ ես տրամաբանորեն ճիշտ եմ մտածում, եթե գիշերն եմ աշխատում: Ցերեկը կարող ես ինֆորմացիա ստանալ, բայց ավելի լավ ընկալես գիշերը: Էլեկտրոնային կրթությունը ազատ է թողնում մարդուն: Յուրաքնաչյուրի համար կան ժամեր, որոնք ուսուցման համար ավելի արդյունավետ են, համընկնում են քո օրգանիզի բիոռիթմերին: Եթե քեզ ավելի դուր է գալիս գիշերը սովորել, էլեկտրոնային կրթությունը լավագույն տարբերակ է , որովհետև գիշերը բուհ չես կարող գնալ:

Ես տարբեր մասնագիտություններով ավարտել եմ երեք համալսարան: Բայց հետո որոշեցի դառնալ նաև էլեկտրոնային ուսուցման շրջանավարտ: Եվ ամենից դժվարն ինձ համար այդ ինը ամսվա ընթացքում առցանց կրթություն ստանալն էր: Հայաստանում գերմանական “InVent” կազմակերպությունն այդ ժամանակ ուներ էլեկտրոնային ուսուցման դասընթացներ, որոնք վերաբերում էին էլեկտրոնային ուսուցման ներդրմանն ու կիրառմանը, մի ամփոփ կուրս էր, որը ես ավարտեցի: Դժվար էր, որովհետև այս պարագայում ուսանողը պետք է ինքն իր վրա շատ աշխատի: Այս կրթության ժամանակ ձևավորվում են ինքնուրույնության կոմպիտենցիաներ:

Ես ինքս եմ պարտավոր գտնել իմ ստացած գիտելիքի պրակտիկ կիրառության ոլորտները, ինչն այդպես չէ մեր ավանդական դասավանդման ժամանակ: Բացի այդ ավանդական կրթության ժամանակ ունես ինֆորմացիայի մեկ աղբյուր, որը դասախոսն է, այս դեպքում դասախոսը ընդամենը քեզ ուղորդում է, թե ինչ տեղեկատվություն կա համացանցում: Քեզ վրա է ամենօրյա վերլուծություն կատարելը, բայց, իհարկե, արդյունքն է շատ մեծ, երբ իսկապես դառնում ես ոլորտի մասնագետ:

Հասո՞ւն տարիքի կրթություն է, եթե հաշվի առնենք, որ կրթության որակի պատասխանատվությունը քեզ վրա է:

Չեմ կարող ասել: Կրթության համակարգը եկող սերնդի պահանջներին պետք է համապատասխան լինի, մենք հիմա պետք է հիմք պատրաստենք, որովհետև դա մեկ օրում անելու գործ չէ: Իմ երեխան երրորդ դասարանում է, բայց երբ խոսում եմ ինչ-որ կազմակերպության մասին, ասում է՝ գնամ վեբ-կայքը նայեմ: Նրանք թերագնահատում են իրենց ստացած ինֆորմացիան, չեն վստահում ճշտությանը, ինչը պահանջում է, որ մեր մանկավարժությունն էլ տրանսֆորմացիայի ենթարկվի, նրանք պետք է հասկանան, որ, որպես դասավանդող, այնքան ինֆորմացիայի պետք է տիրապետեն, որ կարողանան ստանձնել ճիշտ ուղորդողի դեր:

Կա՞ն տվյալներ, թե Հայաստանից քանի հոգի են էլեկտրոնային տարբերակով սովորել արտասահմանյան բուհերում:

Հստակ թվեր չկան, բայց դեպքերը շատ են սկսած միջին մասնագիտական կրթություն ստանալուց մինչև PHD անելը: Կան հզոր միջազգային միջազգային կառույցներ, որոնք միայն առցանց եղանակով են PHD անում: Վիճաբանությունները շատ են կրթության որակի մասին, բայց կարծում եմ` որակն իր համար ապահովում է ուսանողը: Եթե ուսաողի խնդիրն այն է, որ դիպլոմ ունենա պարզապես որպես փաստաթուղթ, միևնույն է, ոչ մի գործատու այդ թղթի հիման վրա նրան չի ընդունելու աշխատանքի: Ստուգելու է գիտելիքները, տեսնի` կարող եք աշխատել, թե ոչ:

Եթե,օրինակ, որևէ նախարարությունում աշխատանքի ընդունվելիս ասես, որ դիպլոմդ ստացել ես էլեկտրոնային եղանակով, սովորակա՞ն կընդունեն, խոչընդոտներ չե՞ս ունենա:

Դա նրանց իրազեկվածությունից է կախված: Մենք պետք է աշխատենք, որ այդ իրազեկվածության մակարդակը բարձրանա: Ներկայացնենք, որ էլեկտրոնային ուսուցման փորձ կա, մարդիկ կան, որ ստացել են այդ կրթությունը, ունեն նվաճումներ: Դա է նաև մեր ստեղծած էլեկտրոնային ուսուցման պորտալի խնդիրը: Եթե այդ մարդիկ իրազեկված չեն, չի կարելի մեղադրել նրանց, պետք է իրազեկել:

Եթե ունենայինք էլեկտրոնային համալսարան, դիմորդի դերում ո՞ւմ եք տեսնում:

Հայերի մեծ մասը ապրում է դրսում, այս պարագայում էլեկտրոնային ուսուցման համատեքստը կրթության ոլորտում դառնում է առաջնահերթ: Ամեն դեպքում իրենք գերադասում են հայկական կրթությունը: Շատ սփյուռքաահյեր ուզում են, որ իրենց երեխաներն էստեղ սովորեն:

Հ.Գ. Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ-GIZ) հայաստանյան գրասենյակը հունիսի 20-ին կազմակերպել էր «Մասանգիտական կրթության հեռանկարները Հայաստանում» խորհրդաժողովը, որի ընթացքում ամփոփվեցին «Դեպի զբաղվածությունը կողմնորոշված որակավորումը Հայաստանի տնտեսական զարգացման առանցքային ոլորտներում» եռամյա ծրագրի արդյունքները (2009-2012): Ծրագիրը ֆինանսավորվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից. նպատակ ունի ապահովել ինքնազբաղվածություն կարողությունների զարգացման, որակյալ կրթության միջոցով: Վերապատրաստված մասնագետները շարունակելու են համագործակցել էլեկտրոնային ուսուցման միջոցով՝ փորձի փոխանակում կատարելով ծրագրի շրջանակներում ստեղծված էլեկտրոնային պորտալում:

Մեկնաբանություններ (1)

Hovo
Dra hamar Zolyanin hanecin, vor krtutyuny zargacnum er , e-learningic erevi menak inqn er haskanum hima ed kentrony inch a anum?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter