HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանի վարչապետի փոփոխությունը կարող է անդրադառնալ Ջավախքի վրա. Շիրակ Թորոսյան

Աշնանը Վրաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություննե, և այդ ընտրություններին ընդառաջ որոշակի քաղաքական ակտիվություն է նկատվում Վրաստանում, որը այս կամ այն չափով անդրադառնում է Ջավախքի հասարակական-քաղաքական կյանքի վրա: Այսպես է կարծում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը: Նա ստեղծված իրավիճակում նոր սրացում է նկատում Ջավախքում և տեղի ունեցած ձերբակալությունն ու Մելիք Ռաիսյանի նկատմամբ հետապնդումը կապում ներքաղաքական խնդիրների հետ: 

Շիրակ Թորոսյանը հիշեցնում է վերջին երկու դեպքը. Մ. Ռաիսյանը Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու կուսակցության կազմում երկու անգամ պատգամավոր է ընտրվել, սակայն վերջին շրջանում կողմնորոշվել է դեպի վրացական ընդդիմությունը: Ավելին` պատրաստվում էր ղեկավարել ընդդիմության Ջավախքի շտաբը: Մելիք Ռաիսյանն այսուհետ չի կարող մուտք գործել Ջավախք, որովհետև, պատգամավորի բնորոշմամբ, դամոկլյան սրի նման նրա գլխին կախված է ձերբակալման վտանգը: Գեորգի Մխչյանին ու Մելիք Ռաիսյանին նույն գործի շրջանակներում են հետապնդում` 2002թ.-ին Կենցաղի տան մասնավորեցման համար: 

«Մտահոգիչն այն է, որ 2000-ականների սկզբներին տեղի ունեցած գործարքները բարձրաձայնվում են հենց այսօր, հենց այն պահին, երբ այդ մարդիկ ընդդիմադիր կեցվածք են դրսևորել, և այդ շենքը տրամադրել են վրացական ընդդիմությանը որպես շտաբ, որպես գրասենյակ»,- ասաց Շիրակ Թորոսյանը:   

Լրագրողներից մեկի «ինչ պետք է անել» հարցին Շիրակ Թորոսյանը պատասխանեց: «Պետք է լուրջ քայլեր ձեռնարկել' ընդդիմանալու վրացական իշխանությունների նմանատիպ վարքագծին, այլապես եթե մենք չենք բարձրաձայնում, չենք ընդվզում, չենք բողոքում, կարող են դրանք շարունակական լինել, ինչն ավելի է սրելու վիճակը Ջավախքում և ավելի է խորացնելու անվստահության մթնոլորտը Ջավախի ժողովրդի և իշխանությունների միջև»:

Իսկ անձամբ ինքն ու իր համախոհները հորդորոլու են վրացական իշխանություններին ձեռնպահ մնալ նմանատիպ քայլերից, հորդորելու են ջավախքցիներին, որպեսզի խելամտություն և կամք ցուցաբերեն և իրենց վարքագծով կարողանան հասնել նրան, որ նմանատիպ երևույնթեր տեղի չունենան Ջավախքում, հորդորելու են նաև Հայաստանի իշխանություններին, որպեսզի բանակցային գործընթացներում անդրադարձ կատարեն այս խնդիրներին և առաջարկեն ավելի կառուցողական դաշտում հարաբերվել, հորդորելու են նաև միջազգային կառույցներին, որպեսզի նրանք ճնշում գործադրեն Վրաստանի իշխանությունների վրա' ձեռնպահ մնալու ազգային փոքրամասնություններով բնակեցված տարածքներում քաղաքական հետապնդումներից:

Շիրակ Թորոսյանի գնահատմամբ, Վրաստանի վարչապետի փոփոխությունը կարող է անդրադառնալ Ջավախքի հիմնախնդիրների վրա, քանզի նոր վարչապետ Վանո Մերաբիշվիլին ուժեղ անձնավորություն է, Վրաստանում հաջողված բարեփոխումները հենց նրա հետ են կապում: 

«Իհարկե ես չէի ասի, որ նա աչքի է ընկել Ջավախքի հիմնախդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկած կոնկրետ քայլերով, ես կասեի` նույնիսկ հակառակը, բայց քանի որ նա ուժեղ անձնավորություն է և բարեփոխումների մեծ փորձ ունի, հատկապես, եթե քաղաքական կամք է պատրաստվում կիրառել, ապա կարծում եմ, որ Ջավախքի համար ևս նպաստավոր պայմաններ կարող են ստեղծվել, եթե նա ցանկանա քաղաքական կամք կիրառել և փորձել նպաստել առկա հիմնախնդիրների լուծմանը»,- ասաց Շ. Թորոսյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter