HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ դեսպանությունը հայտարարում է Երերույքի տաճարի պահպանության ծրագրի մեկնարկը

Նոյեմբերի 20-ին դեսպանությունում կազմակերպված միջոցառման ընթացքում դեսպան Քրիստինա Քվինը հայտարարեց ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» նոր ծրագրի մեկնարկի մասին։ Հիմնադրամը հատկացնում է 175000 ԱՄՆ դոլար կոնսերվացման դրամաշնորհ՝ Շիրակի մարզում գտնվող Երերույքի տաճարում (4-5-րդ դար) պահպանության աշխատանքների իրականացման նպատակով։ Այս մասին հայտնում է ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը;

««Մեզ համար պատիվ է ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» միջոցով մեր ներդրումն ունենալ Երերույքի բազիլիկ տաճարի պահպանության հարցում և պահպանել հայկական մշակութային ժառանգության այս անգնահատելի գանձը՝ հասանելի դարձնելով ողջ աշխարհին և ապագա սերունդներին», - ասաց դեսպան Քվինը։ 

ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» ֆինանսավորմամբ Հայաստանում 2005թ սկսած իրականացվել է մշակութային պահպանության 13 ծրագիր, որոնց ուղղվել է ընդհանուր առմամբ 14 միլիոն ԱՄՆ դոլար։ Երերույքի ծրագրով նախատեսված են պատերի ամրացումներ, քայքայված քարերի փոխարինում, ջրահեռացման համակարգի ապահովում, հուշարձանի տարածքի բարելավում և մոնումենտալ քարերի ցուցադրավայրի ձևավորում։  

Ծրագրի մեկնարկն ազդարարելու նպատակով դեսպանատանը կազմակերպված միջոցառմանը ներկա էին մշակութային և կրթական ոլորտները ներկայացնող շուրջ 50 հյուրեր։ ՀՀ կառավարության անունից ներկաներին իր խոսքն ուղղեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Հիմնադրամի ֆինանսավորմամբ Հայաստանում վերջերս իրականացված ծրագրերից են Սանահին վանական համալիրի պահպանության աշխատանքները Լոռու մարզում,  Մեղրու Սբ Հովհաննես եկեղեցու վտանգված որմնանկարների վերականգնումը Սյունիքի մարզում և Արենի 1 քարանձավի  պահպանությունը Վայոց Ձորի մարզում։ Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիտարկել Հայաստանում Հիմնադրամի կողմից իրականացված ծրագրերի ցանկը և ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի էջը։

MVF բենդի «Արթնացում» երաժշտական հոլովակի պրեմիերան

Միջոցառման ընթացքում նաև տեղի ունեցավ MVF նվագախմբի «Արթնացում»  երաժշտական հոլովակի պրեմիերան։ Հոլովակը պատրաստվել է ԱՄՆ դեսպանության  աջակցությամբ՝ նվագախմբի ամերիկյան շրջագայությունից հետո, որը կազմակերպվել  էր ԱՄՆ պետքարտուղարության «Սենթեր սթեյջ» մշակութային փոխանակման ծրագրի շրջանակում։ Հոլովակում տեղ են գտնել դրվագներ Երերույքի բազիլիկ տաճարում և նվագախմբի ամերիկյան շրջագայության ընթացքում կատարված նկարահանումներից։ Հոլովակը կարող եք դիտել այստեղ։ 

«Հպարտ ենք թողարկել այս հոլովակը՝ նշանավորելու MVF  նվագախմբի ամերիկյան շրջագայությունը և հայտնելու մեր գնահատանքը հայ-ամերիկյան մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված նրանց ջանքերի համար», - ասաց դեսպան Քվինը», - նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter