
«Մայր Հայաստան» խմբակցությունը պնդում է՝ Տիգրան Ավինյանը օրենքի համապատասխան կարգով չի ստանձնել լիազորությունները
«Մայր Հայաստան» խմբակցությունը վարչական դատարան է դիմել, քանի որ Տիգրան Ավինյանը օրենքի համապատասխան կարգով չի ստանձնել իր լիազորությունները։ Այս մասին ավագանու նոյեմբերի 21-ի նիստում իր ելույթի ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։
Ըստ նրա՝ նախորդ 3 քաղաքապետները ապահովել են քվորում երդմնակալության նիստին, սակայն Տիգրան Ավինյանը պնդում է, որ դա արարողակարգային նիստ է, և քվորում չի պահանջվում։
«Նույն նախադեպով Թալինում 2022թ. մայիսին ընտրվել է քաղաքապետ, քվորումը նիստի ժամանակ ապահովվել է, երբ ավագանին ընտրել է քաղաքապետին, սակայն երդմնակալության արարողության նիստին քվորումը չի ապահովվել, ինչի հետևանքով 3 ամիս հետո դրվել են արտահերթ ընտրություններ։
Կառավարության հարցուպատասխանի ժամանակ Ավինյանի թիմակից Գնել Սանոսյանն ու իր տեղակալն այն հարցին, թե ինչ են կարծում՝ օրենքով սահմանված նիստն ինչպիսի՞ն պետք է լինի, կարո՞ղ է լինել նիստ, որի ժամանակ քվորում չի պահանջվում, Ավինյանի գործընկերները հաստատել են մեր թեզը, որ օրենքով սահմանված նիստը պարտավոր է ունենալ քվորում։ Մենք օրենքով սահմանված կարգով ենք ստանձնել մեր ավագանու մանդատը, պաշտպանելու ենք երևանցու շահերը։ Սակայն զգուշացնում եմ բոլոր երևանցիներին, որ ցանկացած որոշում, ցանկացած հրամայական, ցանկացած աշխատանք և հարաբերություն, որ ունենալու եք այս քաղաքապետարանի հետ, այս քաղաքապետի հետ, այդքան վստահ մի եղեք, որ հետագայում դա չի վիճարկվի»,- նշեց նա։
Սամվել Հակոբյանի խոսքով՝ օրենքով արարողակարգային նիստ ձևակերպում գոյություն չունի, երդմնակալության արարողակարգային նիստը միևնույն է նիստ է, որը պահանջում է քվորում։
«Այդ նիստը քվորում չի ունեցել, մեր օրինական պահանջը դատարանում այն է, որ անցկացվի նոր երդմնակալության արարողակարգային նիստ։ Եթե ընդդիմադիր ուժերը գան, մասնակցեն, ապահովեն քվորում, ապա ուղղակի ամսի 13-ից ի վեր ինչ որոշում կատարվել է, նորից կարվի, իսկ եթե չապահովվի քվորում, տրամաբանական կլինի ունենալ նոր արտահերթ ընտրություններ»,- նշեց նա։
Տիգրան Ավինյանը Հակոբյանի ելությի ավարտից հետո հաջողություն մաղթեց դատական գործում։
Մեկնաբանել