HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Քիչ հավանական է, որ կողմերից մեկը առավելություն կունենա. ինչ են արևմտյան փորձագետները տեսել ուկրաինական ռազմաճակատում

Արևմտյան առաջատար մի շարք փորձագետներ, որոնք եղել են ուկրաինական ռազմաճակատում և զրուցել զինծառայողների հետ, կարծում են, որ առաջիկայում ո՛չ Ուկրաինան, և ո՛չ էլ Ռուսաստանը չեն կարողանա որևէ էական առաջընթաց ունենալ։ BBC-ն ընդարձակ հոդված է հրապարակել վերլուծաբանների ուկրաինական այցի վերաբերյալ, որտեղ նշվում է, որ պատերազմում գնալով ավելի մեծ դեր է ունենում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, ինչպես, օրինակ, FPV-դրոնները։

BBC-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայից վերջերս վերադարձած խմբում եղել է չորս վերլուծաբան, որոնց թվում են Քարնեգի կենտրոնից Մայքլ Քոֆմանը, Արտաքին քաղաքական հետազոտությունների ինստիտուտի (ԱՄՆ) ավագ գիտաշխատող Ռոբ Լին, Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆրանց Սթեֆան Գեդին և լեհական Rochan Consulting ընկերության ղեկավար և ռազմական վերլուծաբան Քոնրադ Մուզիկան։

Հակամարտության ներկա փուլի մասին գլխավոր եզրակացությունը, որն անում են վերլուծաբանները, հետևյալն է. ուկրաինական բանակի լայնածավալ հակահարձակումը, որն Ուկրաինայի հարավում սկսվել էր ամռանը, հիմնականում ավարտվել է, ու այժմ պատերազմը դիրքային է դարձել:

Զապորոժիեի մերձակայքում և Դոնեցկի մարզի հարավում հարձակողական գործողությունների արդյունքում Ուկրաինայի զինված ուժերին հաջողվել է մի քանի վայրերում ճեղքել լավ ամրացված ռուսական պաշտպանական գծերը և գրավել մի քանի բնակավայրեր։

Այնուամենայնիվ, նրանք չեն կարողացել ազատագրել զգալի տարածքներ և լուծել հակահարձակման հիմնական խնդիրը՝ դուրս գալ կամ մոտենալ Ազովի ծովին՝ ռուսական զորքերին Զապորոժիեի մարզի գրավյալ տարածքներից դուրս մղելու և դեպի Ղրիմ ռուսական ցամաքային միջանցքը կտրելու համար։

«Ուկրաինական հարձակողական ներուժը հիմնականում սպառված է։ Հարձակողական գործողություններ իրականացնելու հնարավորություններն արդեն ոչ միայն հարավում, այլև արևելքում շատ սահմանափակ են։ Եվ այստեղ խոսքը և՛ միջոցների մասին է, այսինքն՝ հրետանու, և՛ մարդկային ներուժի»,- լեհական TOK FM ռադիոկայանի եթերում հայտարարել է Մուզիկան։ 

Իր War On The Rocks փոդքասթի եթերում էլ Մայքլ Քոֆմանը նշել է, որ երկու կողմերն էլ զորակոչում են առավել տարիքով զինվորականների։ «Դրանք այլևս 18-20 տարեկանները չեն։ Այդ մարդիկ քառասունն անց են կամ էլ քառասուն-հիսուն միջակայքում»,- նշել է նա։

Արդյունքում, ռազմական գործողություններն այլևս չեն ընթանում խոշոր զորամիավորումների մակարդակով, այլ վերածվել են համեմատաբար փոքր ստորաբաժանումների դիմակայության, որոնք պայքարում են տարածքների առանձին կտորների համար։ «Խնդիրն այն է, որ մոտ ապագայում կողմերից ոչ մեկը չի կարողանա հասնել զգալի առաջընթացի»,- հավելել է նա։

Իր փոդքասթում Ռոբ Լին նշում է, որ «Տոկմակի շրջանում Ուկրաինան դեռևս ունի տարածքային հաջողություններ, բայց ոչ մեծ»։ «Հաշվի առնելով ստեղծված պայմանները՝ դժվար է հասնել օրական ավելի քան 100 մետր առաջխաղացման»,- նշում է փորձագետը և շարունակում, որ ռուսական զորքերը հարձակողական գործողություններ են սկսել ռազմաճակատի մյուս հատվածներում, այդ թվում՝ Ավդեևկայի շրջանում և Կուպյանսկի մերձակայքում։ «Բախմուտի շրջանում երկու կողմերն էլ հերթով առաջ են շարժվում»,- հավելել է Լին։ 

Վերջերս Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին Economist պարբերականում հոդված էր հրապարակել, որտեղ ռազմաճակատում առկա իրավիճակը նկարագրել էր որպես պատային (խոսքը շախմատում պատ դիրքի մասին է- խմբ.): Սա հարուցել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի դժգոհությունը։

Քոֆմանը, մեկնաբանելով այս հայտարարությունը, նշել էր. «Ես չեմ կարծում, որ խոսքը ողջ ռազմաճակատում պատային իրավիճակի մասին է։ Ես կարծում եմ, որ նման իրավիճակ է որոշ շրջաններում»։

Արևմտյան փորձագետները խոստովանում են, որ ուկրաինական բանակը զգալի կորուստներ է կրել ամառային հարձակման ժամանակ՝ հավելելով, որ դրանք էլ ավելի շատ կարող էին լինել, եթե ուկրաինական հրամկազմը չխնայեր իր զինվորների կյանքը։ «Ուկրաինական բանակի մարտական ոգին մնում է բարձր, բայց զորքերն ավելի ու ավելի են հոգնում»,- War On The Rocks-ի եթերում ասել է Ֆրանց Սթեֆան Գեդին։ 

«Կորուստներն այնքան մեծ են, որ ուկրաինացիները պետք է զրոյից վերականգնեն որոշ բրիգադներ։ Հատկապես, երբ խոսքը վերաբերում է մեխանիզացված և հետևակային բաղադրիչներին, որոնք ֆիզիկապես հարձակվում են հակառակորդի պաշտպանական գծերի վրա»,- լեհական ռադիոկայանին պատմել է Մուզիկան։ 

Նրա խոսքով՝ ուկրաինական բանակը չի կարողացել հասնել տարածքային զգալի ձեռքբերումների, այդ թվում՝ նաև այն պատճառով, որ օգտագործել է փոքր խմբերով հարձակման մարտավարությունը։ «Եթե ձեր ռազմավարությունն է հասնել Ղրիմ կամ Տոկմակ, այդպիսի փոքր ստորաբաժանումների մարտավարության օգտագործումը պարզապես թույլ չի տա դրան հասնել»,- կարծում է լեհ փորձագետը։

Ինչպես փոխանցում էին արևմտյան ԶԼՄ-ները, Ուկրաինայի զինված ուժերը հակահարձակում էին սկսել Զապորոժիեի մարզում՝ փորձելով միաժամանակ մարտի նետել զգալի թվով զորամիավորումներ՝ ըստ այն մարտավարության, որով նրանց վարժեցրել էին արևմտյան մասնագետները:

Այնուամենայնիվ, ուկրաինացիները հանդիպել էին ռուսների լավ էշելոնացված և ականապատված պաշտպանական գծերին, որոնք, ուկրաինական զինվորականներին հարվածելու համար, ակտիվորեն օգտագործում էին ուղղաթիռներ, հրետանի և անօդաչու թռչող սարքեր: Դրանից հետո Ուկրաինայի ԶՈւ-ն անցավ փոքր խմբերով գրոհների իրենց առավել ծանոթ մարտավարությանը, որն ավելի կայուն արդյունքներ էր բերում և հղի չէր այդքան մեծ կորուստներով։

Փորձագետները եզրակացնում են, որ կարևորագույն գործոններից մեկը, որը թույլ չի տալիս երկու կողմերին հասնել բեկման, պատերազմում հետախուզական անօդաչուների և FPV-դրոնների զանգվածային օգտագործումն է։ Վերջիններս փոքր և էժան հարվածային ապարատներ են, որոնք կարող են տեսանյութեր հեռարձակել օպերատորների հատուկ ակնոցներին:

Ռոբ Լիի խոսքով՝ ռազմաճակատում FPV-դրոնների դերը մեծացել է վերջին երեք ամիսներին, և ռուսական զորքերը դրանց մեծ խմբաքանակ են ստացել։ Ըստ վերլուծաբանների՝ դրանք այնքան շատ են, որ ՌԴ բանակը կարող է այդ դրոնները կիրառել նույնիսկ ուկրաինացի առանձին զինծառայողների դեմ։

Արդյունքում, ռուսները հարվածներ են հասցնում ուկրաինացի զինվորականների ցանկացած կուտակման ուղղությամբ։ «Եթե Ուկրաինան չի կարողանում բավարար չափով կենտրոնացնել զրահատեխնիկան՝ տանկեր, ՀՄՄ և այլն, ապա որևէ արագ բեկման հասնելն ուղղակի անհնար է»,- նշում է Լին:

Քոֆմանի եզրակացությամբ՝ եթե ուկրաինական հակահարձակման առաջին փուլերում ամենակարևոր գործոնը ականներն էին, ապա այժմ առաջին պլան են մղվում հենց դրոնները՝ ինչպես հետախուզական, այնպես էլ հարվածային։

Միևնույն ժամանակ, նա կարծում է, որ ուկրաինական բանակը նաև սովորել է դրոնների օգնությամբ արագ և համակարգված հարձակումների իրականացմանը։

War On The Rocks փոդքասթում Մուզիկան նկարագրում է մի դեպք, որի ականատեսն է եղել ինքը։ «Ուկրաինական դրոնը հայտնաբերել էր ռուս զինվորականների ջոկատ։ Դրանից 30 վայրկյան անց այս ջոկատը հարձակման ենթարկվեց ականանետով։ Իսկ չորս րոպե անց զինվորների այդ խմբին կասետային զինամթերքով հարվածներ հասցվեց։ Ահա և վերջ: Չորս ու կես րոպե, հենց այդքան շարունակվեց այս ամբողջ մարտը»,- նշել է նա։

Ինչպես եզրահանգում է Քոֆմանը, «նման իրավիճակը «հարձակողական գործողություններն առավել դժվար է դարձնում երկու կողմերի համար»։ 

Բոլոր չորս փորձագետներն էլ դեռևս որևէ հստակ եզրակացություն չեն անում այն մասին, թե ինչպես մոտ ապագայում կզարգանա հակամարտության ընթացքը։ Նրանք միայն կանխատեսում են, որ ձմռանն ու գարնանը կշարունակվի դիրքային պատերազմը։ «Ուկրաինան չի դադարեցնի ճնշումը, և Ռուսաստանը նույնպես չի դադարի փորձել իր ձեռքը վերցնել նախաձեռնությունը»,- կարծում է Քոֆմանը։

Արևմտյան վերլուծաբանները հիշեցնում են, որ չնայած դրոնների և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ահռելի դերին, կարևորագույն գործոն են մնում ավանդական սպառազինությունները, այդ թվում հրետանին և զրահատեխնիկան: Հրետանու օգնությամբ հիմնականում հարվածներ են հասցվում հակառակորդին, իսկ զրահատեխնիկան կենսական նշանակություն ունի թշնամու դիրքերը գրավելու և վիրավորներին տարհանելու համար:

Քոֆմանը նշում է, որ այս հակամարտությունում Ուկրաինան որոշակի նորարարական առավելություն ունի Ռուսաստանի նկատմամբ և ակտիվորեն մշակում է դրոնների նոր համակարգեր, սակայն «Ուկրաինայի գլխավոր խնդիրը նման տեխնիկայի մասշտաբների մեծացումն է, զանգվածային արտադրությունը»:

Ռուսաստանն էլ իր հերթին իրավիճակին շատ ավելի դանդաղ է արձագանքում, սակայն նրա պետական մեքենան ի վիճակի է օպերատիվ կերպով սկսել այն ռազմատեխնիկայի զանգվածային արտադրությունը, որոնք ղեկավար կազմը համարում է առավել օգտակար:

Արդյունքում, փորձագետների կարծիքով, վերջին շրջանում Ռուսաստանը առավելություն է ստանում ինչպես հրետանու, այնպես էլ հարվածային անօդաչուների հարցում, սակայն այդ իրավիճակը կարելի է շտկել, եթե Ուկրաինային հաջողվի ստեղծել դրոնների զանգվածային արտադրություն և Արևմուտքից ստանալ արկերի ու զրահատեխնիկայի բավարար ծավալներ:

Լիի խոսքով՝ շատ բան կարող է փոխել նաև ռադիոէլեկտրոնային պայքարի նոր միջոցների տեսականորեն հնարավոր ի հայտ գալը, ինչը թույլ կտար ճնշել անօդաչուների աշխատանքը և ծանր տեխնիկայի համար կստեղծեր «անվտանգության փուչիկներ»։

Գեդին եզրակացնում է, որ շատ դժվար է կանխատեսել, թե ինչպես է զարգանալու պատերազմը, քանի որ երկու կողմերն էլ արագորեն հարմարվում են տեղի ունեցողին: «Երեք ամիս առաջ մենք մի փոքր այլ ռազմաճակատ տեսանք, քան հիմա է»,- նշում է փորձագետը և հավելում, որ անփոփոխ է մնում միայն հակամարտության հիմնական բնույթը. այն հյուծման պատերազմ է։

Լուսանկարը՝ BEN BIRCHALL/POOL/AFP/GETTY IMAGES

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter