HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջավախքյան կազմակերպությունները Հասմիկ Պողոսյանին առաջարկում են Տերյանի և Ջիվանու տոները մտցնել պետական տոների մեջ

Օրերս «Ջավախք» հայրենակցական միությանը, 5 կազմակերպության հետ համատեղ, նամակ է ուղարկել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին' առաջարկելով Ջավախքում անցկացվող Տերյանի պոեզիայի և Ջիվանու երգի տոնակատարությունները ներառել պետության կողմից կազմակերպվող մշակութային միջոցառումների ծրագրի մեջ և այս հարցով բանակցել Վրաստանի գործընկերոջ հետ:

Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը' նշելով, որ իրենց պահանջը կառուցված է կառավարության ծրագրի դրույթի հիման վրա:

Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ ԱԺ-ն հաստատեց կառավարության ծրագիրը, որտեղ ամրագրված է, որ «կառավարությունը շարունակելու է վիրահայության, այդ թվում Ջավախքի հայկական համայնքների հայապահպանությանը, մայրենի լեզվի պահպանության աջակցության ծրագրերի իրականացումը»: Այս կետը «Ջավախք» հայրենակցական միության նախագահը լուրջ քայլ է համարում:

«Թերևս առաջին անգամ Հայաստանի կառավարության ծրագրերում առանձին կետով Ջավախքի կրթամշակութային ոլորտի աջակցմանը միտված կետ կա, և ես կարծում եմ, որ այս կետը մենք պետք է բացենք և իր առավելագույն հնարավորություններով օգտագործենք Ջավախքի կրթամշակութային կյանքի կազմակերպման համար»,- ասաց Շիրակ Թորոսյանը:

Ջավախքում բազմաթիվ կրթամշակութային միջոցառումների կազմեկերպումը կապված են ջավախքցի մեծանուն գործիչների անվան հետ: Դրանց շարքում են նաև Տերյանի պոեզիայի և Ջիվանու երգի տոնները: Չնայած ամեն տարի էլ Ջավախքում նշվում են այս տոները, այնուամենայնիվ, Շիրակ Թորոսյանը կարծում է, որ դրանք մնում են հասարակական մակարդակի վրա, մինչդեռ անհրաժեշտ է պետական լուրջ մոտեցում և պետության կողմից աջակցություն նմանատիպ ծրագրերին:

Պատգամավորի խոսքով, մշակութային միջոցառումները նպաստելու են թե հայերենի, թե մշակութային կյանքի պահպանմանն ու զարգացմանը և թե հայապահպանությանն ընդհանրապես: Շիրակ Թորսյանը նշեց, որ անցյալ տարի տերյանական միջոցառումը իրականացվել է ռուսերենով, ինչը կապված է Ջավախքում գոյություն ունեցող լեզվական խնդրի հետ:

«Վրաստանում ռուսերենը կարելի է ասել կիսապաշտոնապես արգելված լեզու է, բայց ռուսերենով է վարվում մի միջոցառում, որը նվիրված է հայ մեծանուն պոետին. պոետ, ում բանաստեղծություններն ու պոեզիան հայոց ոսկեղենիկ լեզվին մեծ հարստություն են ավելացրել»,- ասաց Շ. Թորոսյանը:

Շիրակ Թորոսյանը հիշում է Տերյանի ծննդավայր Գանձայում (որը նաև պատգամավորի ծննդավայրն է) կազմակերպված տերյանական օրը, երբ բարձր մակարդակի պատվիրակություն էր ժամանում Թբիլիսիից ու Երևանից: «Սա շատ կարևոր է Ջավախքի ժողովրդի համար, որ նրանք տեսնեն, որ այն բարձրագոչ հայտարարությունները հայ-վրացական ջերմ բարեկամության, գործընկերության վերաբերյալ առարկայական բնույթ են ստանում այն ժամանակ, երբ այդ երկրների բարձրաստիճան ղեկավարները միասին ներկա են լինում Ջավախքում անցկացվող տոնակատարություններին, և ոչ միայն ներկա են լինում, այլ հանդես են գալիս կազմակերպչի դերում»,- ամփոփեց Շիրակ Թորոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter