HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Փնտրվում է ուսուցիչ. ինչպես է դպրոցներում ուսուցիչների թափուր հաստիքների պատկերը փոխվել վերջին ամսում

Հոկտեմբերի 16-ին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը գործարկեց Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության հարթակը, որտեղ ներկայացված են ՀՀ մարզերի դպրոցներում ուսուցիչների թափուր հաստիքները։ Ըստ նախարարության՝ հարթակի գործարկման պահին ուսուցիչների թափուր հաստիքների թիվը կազմել է 1422։ Գործարկումից մեկ ամիս անց թափուր հաստիքների թիվը, ըստ հարթակում ներկայացված տվյալների, կրճատվել է։

ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը «Հետքին» հայտնեց, որ վերջին տվյալներով՝ 125 ուսուցիչ հարթակի միջոցով դիմել ու նախարարությունից ստացել է ուղեգիր, նրանց պայմանագրերն արդեն կնքված են կամ ընթացքի մեջ են։

Հարթակի գործարկման պահից նախարարությունը 200-ից ավելի դիմում է ստացել։ Թամարա Սարգսյանի խոսքով՝ տարբեր պատճառներով մոտ 50 հոգի հրաժարվել է, 40 ուսուցիչ նոր է դիմել, նրանց դիմումները դեռ դիտարկվում են։

Հարցին, թե ինչպես է այդ դեպքում թափուր տեղերի թիվը 1422-ից դարձել 723, հանրակրթության վարչության պետը պատասխանեց՝ հոկտեմբերի վերջին տվյալները երկրորդ փուլով զտվել, թարմացվել են։

«Նախնական տվյալների մեջ կային նաև այն հաստիքները, որոնց վերաբերյալ արդեն մրցույթներ էին հայտարարվել ու անցկացվել, որոշ տեղերում արդեն նշանակումներ էին արվել։ Մենք երկրորդ փուլով մաքրեցինք այդ տվյալները, մոտ 1000 հաստիք մնաց»,- նշեց Թամարա Սարգսյանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հոկտեմբերի 17-ին հայտարարել էր, որ նախարարությունը Արցախից բռնի տեղահանված շուրջ 400 ուսուցիչներից դիմումներ է ստացել, հավաքագրվել են նրանց տվյալները, և ստեղծվել է բազա։

«Մեր ունեցած տեղեկություններով՝ ԼՂ-ում աշխատում էին շուրջ 1500 ուսուցիչներ: Ունենք տեղեկատվություն, որ հանրապետության տարբեր մարզերում շուրջ 100 ուսուցիչներ` նախքան օժանդակության ծրագրի հաստատումը, իրենց նախաձեռնությամբ արդեն դիմել էին իրենց բնակավայրերի դպրոցներ և անցել աշխատանքի»,- նախորդ ամիս ասել էր փոխնախարարը:

Նախարարությունը նոյեմբերի 20-ի դրությամբ տվյալներ չունի, թե Արցախից բռնի տեղահանված քանի ուսուցիչ է հիմա աշխատում Հայաստանի ուսումնական հաստատություններում․ հարթակի միջոցով դիմում ներկայացնելու դեպքում ուսուցիչները հեշտացված կարգով են աշխատանքի անցնում՝ առանց մրցույթի, սակայն Սարգսյանի խոսքով՝ հնարավոր է, որ շատերը մրցութային կարգով են անցել, ինչի վերաբերյալ տեղեկատվություն չի հավաքագրվում։

Թվերը չեն համապատասխանում

Հոկտեմբերի 4-ի ասուլիսի ժամանակ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ներկայացրել էր ԿԳՄՍՆ-ից ստացված տվյալները, թե որ մարզում ուսուցչի քանի թափուր հաստիք կա: Ըստ այդմ՝ ընդհանուր առմամբ Հայաստանում ուսուցչի 1035 թափուր հաստիք կար: Նույն օրը՝ երեկոյան, նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց, որ հավաքագրված տվյալների համաձայն՝ ուսուցչի 1450 թափուր տեղ կա։

«Հետքը» Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության հարթակի գործարկման օրը՝ հոկտեմբերի 16-ին, ուսումնասիրել է թափուր հաստիքների ցանկը։ Երեկոյան կարողացել ենք 1458 տվյալ հանել։ 

Ըստ էության, ցուցանիշները հիմնականում չեն համապատասխանում։ Մի քանի մարզում շեղումը շատ մեծ է։ Օրինակ՝ Սյունիքի մարզում, ըստ Նազելի Բաղդասարյանի ներկայացրած տվյալների, հոկտեմբերի 4-ի դրությամբ ուսուցչի 7 թափուր հաստիք է եղել, ըստ կայքի՝ հոկտեմբերի 16-ին այս թիվը դարձել է 113։ Արագածոտնի մարզում նախապես հայտարարված 48 հաստիքի փոխարեն կայքում հասանելի է եղել 246-ը, Շիրակում՝ 26-ի փոխարեն՝ 114-ը։

ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը մեկնաբանում է՝ հոկտեմբերի 4-ի դրությամբ ամբողջական ցանկը չի եղել․ որոշ մարզեր, օրինակ՝ Տավուշն ու Շիրակը, ավելի ուշ են տրամադրել տվյալները։

«Երբ այս ծրագիրը իրականացնելու որոշում է կայացվել, բոլոր մարզերից հավաքվել է տեղեկատվություն՝ ոչ պաշտոնական, որպեսզի արագ ստացվի։ Այդ պահին ունեցած տվյալները փոխանցվել են, մենք փորձել ենք համակարգել։ Հետո ամենօրյա ռեժիմով ցանկերը վերանայվել են»,- ասաց Սարգսյանը։

Չնայած այս պնդմանը՝ նույն հոկտեմբերի 4-ին նախարարը, այնուամենայնիվ, ներկայացրել էր 1450 թիվը, որը մոտ էր հարթակում ներկայացված թափուր հաստիքների թվին։

Ամենաշատը որտեղ և որ առարկայի ուսուցչի պակաս կա

Ներկայացված բոլոր տվյալների համաձայն՝ Հայաստանում ուսուցչի ամենաշատ թափուր հաստիքները Լոռու մարզում են, ապա՝ Արմավիրում։ Ըստ Նազելի Բաղդասարյանի ներկայացրած տվյալների՝ Լոռիում խոսքը 449 հաստիքի մասին է, կայքի գործարկման օրը 406 հաստիք է եղել, նոյեմբերի 16-ին այս թիվը նվազել է՝ դառնալով 186։ 

Արմավիրում Բաղդասարյանի և կայքի գործարկման օրը եղած տվյալները մեկով են տարբերվել՝ համապատասխանաբար 258 և 257 հաստիք։ Մեկ ամիս անց թիվը դարձել է 149:

Երրորդ հորիզոնականը տարբերվում է բոլոր տեղերում։ Ըստ վարչապետի մամուլի խոսնակի՝ 132 թափուր հաստիքով հաջորդում է Արարատի մարզը։ Հոկտեմբերի 16-ին երրորդ ամենամեծ թիվը կայքում Արագածոտնի մարզում է եղել՝ 246, հաջորդ ամիս՝ Սյունիքում՝ 147։

Ըստ աջակցության հարթակում ներկայացված տվյալների՝ ամենաշատ թափուր հաստիքը գործարկման օրը և դրանից մեկ ամիս անց եղել է «Տեխնոլոգիա» առարկայից։ Եթե հոկտեմբերի 16-ին կայքում «Տեխնոլոգիա» առարկայի ուսուցչի 152 թափուր հաստիք է եղել, ապա նոյեմբերի 16-ին այս թիվը նվազել է՝ դառնալով 114։ Ազատ հաստիքներով աչքի են ընկնում «Ֆիզկուլտուրա» և «Կերպարվեստ» առարկաները։ 

Էականորեն նվազել է «Մաթեմատիկա» առարկայի ուսուցիչների թափուր հաստիքների թիվը․ հոկտեմբերի 101 թափուր հաստիքի փոխարեն կայքում նոյեմբերին 44-ն է եղել։

Գլխավոր նկարը ստեղծվել է DALL·E 3-ի միջոցով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter