Անչափահաս մեղադրյալների համար տարբերակված վարույթ կլինի
Հայաստանում անչափահասների գործերով մասնագիտացված դատարաններ չկան: Նրանց դատում կամ արդարացնում են ընդհանուր իրավասությունների դատարանում: Արդարադատության նախարարությունը, ընդառաջ գնալով ՄԱԿ-ի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծի վերաբերյալ առաջարկություններին, օրենքում նախատեսում է որոշակի փոփոխություններ անչափահասների հետ կապված:
ՄԱԿ-ի առաջարկությունները վերաբերվում են անչափահաս մեղադրյալին, տուժողին և վկաին:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի ղեկավար Հրայր Ղուկասյանն ասում է, որ անչափահասների գործերով վարույթներում փոփոխությունները կանդրադառնան միայն անչափահաս մեղադրյալներին, իսկ տուժող կամ վկա անչափահասները դատարանում կունենան նույն երաշխիքները, ինչ՝ չափահասները:
Ղուկասյանի խոսքերով՝ օրենքի նախագիծն օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին կներկայացվի կառավարություն: Նախատեսվում են նաև հանրային լսումներ:
Անչափահասների գործերի դեպքում կլինի տարբերակված վարույթ, որի ժամանակ պետք է հաշվի առնվեն որոշ առանձնահատկություններ` անչափահաս մեղադրյալի ապրելու, կրթվելու, դաստիարակվելու պայմանները, վերջիններիս վրա տարիքով մարդկանց ազդեցությունը և այլն:
Նախատեսվում է անչափահասների համար ձերբակալության առավելագույն ժամկետ սահմանել 48 ժամը` 72-ի փոխարեն: Կալանքի ժամկետը չպետք է գերազանցի 6 ամիսը: Հարցաքննությունները 2 ժամից ավելի չպետք է տևեն, մեկ օրվա ընթացքում ոչ ավելի, քան 4 ժամ:
Անչափահասների դատավարության ժամանակ արագացված կարգ չի լինելու, սակայն ողջամտության ժամկետի հարցն ավելի սուր է դրվելու:
Դատարանում մինչև տասնվեց տարեկան մեղադրյալի հետ մանկավարժին կփոխարինի մանկական հոգեբանը կամ սոցիալական աշխատողը:
Առաջարկվել է նաեւ անչափահասների նկատմամբ կիրառել այլընտրանքային պատասխանատվության ձևեր` տնային կալանք կամ կիսաազատություն:
Լուսանկարում՝ Հրայր Ղուկասյանը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել