HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համաշխարհային բանկը պատրաստ է ընդլայնել էներգախնայողության ծրագրերը

Էներգախնայողության ծրագրերի վերաբերյալ հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանի հետ հանդիպման ընթացքում: Հանդիպմանը մասնակցել է նաև Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Արթուր Կոչնակյանը:

Կարևորելով հիմնադրամի հետ համագործակցությունը` քաղաքապետը ընդգծել է վերջին երկու տարիների ընթացքում էներգախնայողության նպատակով մայրաքաղաքի որոշ դպրոցներում, ինչպես նաև անապահով ընտանիքների համար բնակարանների գազիֆիկացման աշխատանքների տեխնիկական աջակցության շրջանակում իրականացված ծրագրերը:

«Ողջունելի են բոլոր այն ծրագրերն ու գաղափարները, որոնք  ուղղված են քաղաքային տնտեսության զարգացմանն ու բնակչության սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ բաց ու պատրաստակամ ենք քննարկելու բոլոր այն առաջարկները, որոնք կնպաստեն մեր քաղաքի ու մեր բնակիչների հարմարավետության ապահովմանը: Այս դեպքում ևս պատրաստ ենք շարունակել փոխշահավետ գործակցությունը` նոր ծրագրերի իրականացման ուղղությամբ»,- շեշտել է Տարոն Մարգարյանը:

Թամարա Բաբայանը նշել է, որ Համաշխարհային բանկի օժանդակությամբ իրականացվող ծրագրի գլխավոր նպատակը էներգախնայողության ապահովումն է, ինչն իր հերթին բերում է նաև ֆինանսների արդյունավետ կառավարման:

«Հատկապես վերջին ամիսների ընթացքում քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում իրականացվող ծրագրերի արդյունավետությունն ակներև է բոլոր երևանցիների համար, ինչը մեկ անգամ ևս ապացուցում է, որ ֆինանսների արդյունավետ տնօրինումը հնարավորություն կտա ավելի ու ավելի տեսանելի և առարկայական փոփոխություններ կատարել Երևանում: Այս տեսանկյունից, պարոն քաղաքապետ, կարծում եմ կհամաձայնեք, որ էներգախնայողության ծրագիրն իսկապես անհրաժեշտ և կարևոր է: Կարող եմ վստահեցնել, որ մենք շահագրգիռ ենք շարունակելու Ձեզ հետ համագործակցությունը»,-նշել է Թամարա Բաբայանը` հավելելով, որ հիմնադրամը պատրաստակամ է հնարավորին սեղմ ժամկետներում նախաձեռնել փոխշահավետ ծրագրերի իրականացման աշխատանքները:

ՀԲ ներկայացուցիչն իր հերթին հավելել է, որ միջազգային ֆինանսական կառույցը ևս պատրաստակամ է ընդլայնել Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունը: 

Տարոն Մարգարյանը առաջարկել է քաղաքապետարանի համապատասխան օղակների հետ քննարկել համագործակցության հնարավոր ուղղություններն ու ըստ այդմ նախապատրաստել առաջարկների փաթեթ:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև էնեգախնայողության ծրագրերի շրջանակում հանրային ու պատմամշակութային շենքերի, ինչպես նաև այգիների ու պուրակների արտաքին լուսավորության անցկացման շուրջ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter