HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատարանը վերականգնել է «Հայանտառի» աշխատակցին իր պաշտոնում. ՊՈԱԿ-ի ղեկավարի հրամաններն անվավեր են ճանաչվել

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գործունեության վերլուծության և զարգացման ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ Արթուր Գևորգյանին վերականգնել է իր պաշտոնում։ Այդպիսով, անվավեր ենճանաչել կարգապահական տույժ կիրառելու, աշխատանքային պայմանագիրը միակողմանի լուծելու և աշխատանքից ազատելու «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավարի հրամանները։

Հիշեցնենք, որ արդեն անդրադարձել ենք Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ում կատարվող ազատումներին, մասնավորապես, որ ժամանակավոր պաշտոնակատար Սևակ Մարկոսյանի նշանակումից հետո աշխատակիցներին ստիպում էին ազատման դիմումներ գրել։ Դիմումներ չգրողներին տարբեր պատճառաբանություններով ազատում էին աշխատանքից։ 

Այդպիսի մի դեպք նաև պատահել էր Արթուր Գևորգյանի հետ: Նրան 2022թ. հոկտեմբերի 13-ին աշխատանքից ազատել էին՝  հիմք ընդունելով իրավախորհրդատու Դավիթ Հովսեփյանի եզրակացությունն այն մասին, որ Արթուր Գևորգյանը 2022թ սեպտեմբերի 20-ին` ամբողջ օրը, չի ներկայացել աշխատանքի։ Արթուր Գևորգյանի նկատմամբ կարգապահական տույժ էր կիրառվել, միակողմանի լուծվել էր նրա աշխատանքային պայմանագիրը։ Արթուր Գևորգյանն այդ օրը մորաքրոջ թաղմանն էր մասնակցել և բացակայության մասին զգուշացրել էր բաժնի պատասխանատուին։ Սակայն նրա բանավոր զգուշացումը հարգելի չէր համարվել, քանի որ ղեկավարությանը պետք է եղել նրան որևէ պատրվակով ազատել աշխատանքից: 

Արթուր Գևորգյանը «Հայանտառ»-ում աշխատում էր 2021թ-ից, երկու պատերազմի մասնակից է՝ 2016թ. քառօրյա և 2020թ. 44-օրյա։ 2016-ին Թալիշում է եղել, իսկ 2020-ին` Քարվաճառում: Երկու անչափահաս երեխա ունի: 

Ըստ ՊՈԱԿ-ի ներկայացուցչի՝ դատարանում արված պարզաբանումների՝ մորաքրոջ մահվան հանգամանքը հարգելի չի համարվել, քանի որ վերջինս չի ներկայացրել դրա վերաբերյալ գրավոր ապացույցներ։

Արթուր Գևորգյանը դատարանին ներկայացրել է մորաքրոջ հետ բարեկամական կապն ապացուցող փաստաթղթեր, ինչպես նաև մորաքրոջ մահվան վկայականը։ Դատարանը մորաքրոջ հուղարկավորությանը մասնակցելու պատճառով նրա բացակայությունը հարգելի է համարել և Գևորգյանի հայցը բավարարել է։

Այսպիսով, Արթուր Գևորգյանը դատարանից խնդրել էր կարգապահական տույժ կիրառելու, աշխատանքային պայմանագիրը միակողմանի լուծելու և աշխատանքից ազատելու հրամանն անվավեր ճանաչել, նախկին աշխատանքում վերականգնել, իսկ աշխատանքում վերականգնելու անհնարինության դեպքում` հատուցում տրամադրել։ Դատարանը վերականգնել է նրան նախկին աշխատանքում` անվավեր ճանաչելով նշված հրամանները։

Նկատի ունենալով, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Ս. Մարկոսյանի 13.10.2022 թվականի հրամանը ճանաչվել է անվավեր, և հիմք ընդունելով, որ ՊՈԱԿ-ի վրա էր դրվել նաև հետագա աշխատանքային հարաբերությունները վերականգնելու անհնարինության փաստի ապացուցման պարտականությունը, մինչդեռ վերջինիս կողմից սահմանված ժամկետում չի ներկայացվել որևէ ապացույց, հետևաբար և չի ապացուցվել, որ առկա է գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինություն, ուստի դատարանը գտել է, որ Արթուր Գևորգյանին պետք է վերականգնել նախկին աշխատանքում, «Հայանտառ» ՊՈԱԿ-ին պետք է պարտավորեցնել հաշվարկել և վճարել հարկադիր պարապուրդ, սկսած 13102022 թվականից, մինչև Արթուր Յուրիի Գևորգյանին աշխատանքում փաստացի վերականգնելը:

Ինչ վերաբերում է ՊՈԱԿ-ի ներկայացուցչի այն փաստարկին, որ հայցվորի նախկին հաստիքում աշխատանքի է ընդունվել այլ անձ, ապա դատարանն արձանագրել է, որ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված է աշխատանքային պայմանագրի լուծման հնարավորություն այնպիսի դեպքերի համար, երբ աշխատողը վերականգնվել է նախկին աշխատանքում, այսինքն՝ եթե անգամ Արթուր Գևորգյանի հաստիքում նշանակվել է այլ անձ, ապա դա դեռ չի կարող առաջացնել գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինություն, ուստի դատարանն այդ փաստարկն անհիմն է որակել: 

Արթուր Գևորգյանի` աշխատանքից ազատման մեկ տարին լրացել է հոկտեմբերին: Քանի դեռ դատարանը քննել է նրա հայցը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ը բողոքարկել է, վերջինս հեռացել է Հայաստանից և տեղափոխվել Եվրոպա` իր ընտանիքի հետ միասին: Արթուր Գևորգյանի հետ մեզ հաջողվեց կապ հաստատել: Վերջինիս հետ կարճ զրույցից հասկանալի էր, որ հետպատերազմյան իրավիճակը ավելի մեծ դերակատարություն է ունեցել իր հեռանալու որոշումը կայացնելու հարցում, քան վերջինիս անգործ մնալն էր:

«Ներկա պահին ես ոնց որ նեղացած լինեմ իմ երկրից: Ավելի շատ անձնական հարց է: Անգործ մնալը չէր պատճառը, որ ես հեռացա, ամեն տղամարդ էլ հացի փող կկարողանա աշխատել: Ամեն ինչն էլ կապ ուներ»,- կարճ մեր հարցերին պատասխանեց Արթուր Գևորգյանը:

Գլխավոր լուսանկարում՝ Սևակ Մարկոսյանը և Արթուր Գևորգյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter