HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

10 կգ «մեթամֆետամին»՝ 800 միլիոն դրամ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հայտնաբերել է  ավելի քան 10 կգ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որի շուկայական արժեքը գերազանցում է 800 միլիոն դրամը։

«Օրերս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի Մեղրիի բաժանմունքի և Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները՝  համատեղ իրականացված մաքսային հսկողության ընթացքում, զննման են ենթարկել Իրանից Հայաստան ժամանած  ԻԻՀ  քաղաքացի Ղ.Ա.-ի կողմից շահագործվող ավտոբուսը:

Զննության արդյունքում հայտնաբերվել է շագանակագույն կաշվե պայուսակ, որի կողային պատերը լցված են եղել «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի բյուրեղանման զանգվածներով: Նշված դեպքով, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները ձեռնարկել են «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» և «Վերահսկելի մատակարարում և գնում» անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումները:

Պարզվել է, որ նշված պայուսակը Հայաստանի Հանրապետությունում պետք է ստանա Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության քաղաքացի Լ. Լ.-ն: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում «մետամֆետամին» տեսակի թմրամիջոցի բյուրեղանման զանգվածներով պայուսակի փոխարեն նույնանման փոխարինված զանգվածներով պայուսակը ստանալուց հետո,  ձերբակալվել է Լ. Լ.-ի կինը` ՀՀ քաղաքացի Ս. Խ.-ն: Վերջինս, իր բնակարանում ունեցել է նշված կաշվե պայուսակին նմանվող ևս 3 պայուսակ և դրանք հանձնել է ՊԵԿ աշխատակիցներին: Զննության արդյունքում պարզվել է, որ նշված պայուսակների նույնպես լցված են «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի բյուրեղանման զանգվածներով:

Այնուհետև թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով՝  Կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ձերբակալվել է վարչություն ինքնակամ ներկայացած Չինաստանի  քաղաքացին, որտեղից էլ վերջինս տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն: 

Հիշյալ դեպքով ձեռնարկված միջոցառումների արդյունքում  շրջանառությունից դուրս է բերվել ավելի քան 10 կգ քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որի շուկայական արժեքը գերազանցում է 800 միլիոն ՀՀ դրամը: Դեպքի առթիվ  Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով և 399-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն»,- ասված է ՊԵԿ հաղորդագրության մեջ: 

  ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter