
Ինչու են «Հարսնաքարում» լինում խնջույք ու հրավառություն
«Հարսնաքար» ռեստորանում ծեծված բժիշկ Վահե Ավետյանի մահից ժամեր անց «Հարսնաքարում» հրավառություն, իսկ ավելի ուժ խնջույք անելու պատճառն այն է, որ մարդու արժեհամակարգը խախտված է: Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսում ասացին «Կենաց տուն» մշակութային ՀԿ-ի նախագահ, «Ազգային բաց նախագիծ» խմբի համակարգող, ՀՀ ժող. վարպետ Վանո Դադոյանը և փորձագետ ու վերլուծաբան Վարդան Հայկազյանը:
«Որովհետև մարդուն գազան դաստիարակեցին: Դուք երբևիցե լսե՞լ եք, որ մեկնումեկը գնա, գերեզմանոցում հարսանիք անի: Դա ուղղակի աննորմալություն է: Մենք պատմությունից, ազգագրությունից գիտենք՝ գյուղում հարևանի տանը հարսանիք պիտի լինի, էս մի հարևանի տանն էլ մահացություն է եղել: Հիմա ի՞նչ են անում գյուղացիները: Քանի որ նրանք միասնական են, ո՞նց կարող է հարսանիք անել կողքի հարևանը, երբ իր կողքի հարևանը մահացած է»,- ասաց Վանո Դադոյանը:
Իսկ Վարդան Հայկազյանն էլ հավելեց, որ այժմ Հայաստանում նույն շենքի մի մուտքում կարող է լինել հարսանիք, մյուսում՝ թաղում:
«Այսօր ամբողջ Եվրոպան բազմաբնակարանային շինարարությունը համարում է մարդկության չարիք: Էսօր մեր Երևան բերեցին էդ մարդկության չարիքը՝ հաշվի չառնելով մեր ազգային ավանդույթները, մեր ազգային ճարտարապետությունը, և մեր երեխան, կտրված լինելով բակից, ծառից, միջավայրից, ի՞նչ պիտի դառնա»,- ասաց Վանո Դադոյանը:
«Միացյալ Նահանգները 100 տարի շարունակ, ի վնաս իր գյուղատնտեսության, պահպանել է իր գյուղաշխարհը, որպեսզի արժեքները չկորչեն: Եվ հիմա մենք կանգնած ենք փորձությունների առջև: Գյուղը պիտի դատարկվի, բայց ոչ սահմանային գյուղերը և ոչ հիմա: Չի կարող բնակչության 1/3-ը զբաղված լինել գյուղատնտեսությամբ: Զարգացած երկիրը նման բան իրեն թույլ չի կարող տալ: Բայց միևնույն ժամանակ մեր գյուղաշխարհը պիտի պահպանվի, որովհետև էնտեղ բարքերը դեռ, փառք Աստծու, շատ ավելի լավն են, քան քաղաքում»,- ասաց Վարդան Հայկազյանը:
Անդրադառնալով «Հարսնաքարի» հանցագործության պատճառներին՝ Վանո Դադոյանն ասաց, որ ընդհանուր դաշտն է այդպիսին: Մարդու միջի հագևոր բաղադրիչը բաց է թողնված: Հեռուստատեսությունը քարոզում է ծեծ ու ջարդ:
«Այդ երևույթը ուղիղ գծով կապ ունի այսօրվա մեր հանրության մտածողության հետ: Ես իմ տղային մի 3 օր առաջ ուղարկել եմ բանակ: Իմ շրջապատի բոլոր մարդիկ ասում են՝ դու էդքան կապեր, հնարավորություններ ունես, ինչո՞ւ քո տղային չազատեցիր բանակից: Հասարակությունը մտածում է սխալ: Իսկ ո՞վ պիտի պաշտպանի մեր հողերը: Իսկ ո՞վ պիտի օրենքները պաշտպանի: Մարդը պիտի պաշտպանի, չէ՞: Բայց մենք մարդ չենք դաստիարակում»,- ասաց Վանո Դադոյանը:
Նրա խոսքերով՝ արժեհամակարգը նշանակում է մարդու զարգացում և օրենքներ, որոնք բոլոր մարդկանց համար գործում են նույնական: Իսկ այսօր հայաստանյան հասարակության մեջ օրենքները գործում են ոչ նույնական:
«Մեզ մոտ կառույցը դարձել է հիերարխիկ, խմբային շահ հետապնդող: Ամեն օր խեղաթյուրվում է մարդը: Սա չարիք է, և մասնավորաբար, ինչո՞ւ պիտի ծեծեն այն աստիճան, որ մահանա: Մահանալը վերջն է, բայց մենք պիտի խոսենք՝ ինչու պիտի ծեծեն: Ցանկացած պարագայում, անկախ մարդը մեղավոր է, թե ոչ, Լինչի դատաստան անելը հանցագործություն է: Եթե երկիրը պետություն է, չի կարող մեկնումեկը լուծել ինչ-որ մեկի սխալ լինելու հարցը: Տար Աստված, չմահանար. մենք չէի՞նք խոսելու դրա մասին: Հենց սա է մեր հասարակության դժբախտությունը, որ սպասում է մինչև վերջին լարը կտրվի»,- ասաց Վանո Դադոյանը:
Նա և Վարդան Հայկազյանը կատարվածի մեջ որոշ չափով տեսնում են նաև հայկական սերիալների մեղքի բաժինը: Սերիալների հերոսներն անընդհատ խոսում են որևէ մեկին սպանելու կամ առևանգելու մասին:
«Ինչո՞ւ եք նայում: Ես, օրինակ, 2-3 վայրկյանից ավելի չեմ կարողանում նայել: Ոչ մեկը իրավունք չունի կարգը խախտողին կարգը խախտելով խելք սովորեցնել: Եթե ես սխալ եմ, իմ դիմացինը ինքը սխալ անելով փորձում է ինձ համոզել, ապա մենք ոչ մի բանով չենք տարբերվում իրարից: Սխալի դիմաց դու պիտի ճիշտ լինես և հետևողական պիտի ճիշտ լինես, որպեսզի դու հաղթես»,- ասաց Վարդան Հայկազյանը:
Նրա խոսքերով՝ մեր շուրջը կատարվող երևույթների մեջ կա նաև մեր մեղքը:
Մեկնաբանել