HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ դեսպաններին:

ԱԺ հաղորդագրության համաձայն, հանդիպման բացման ելույթում ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Եվրոպական միությունը շարունակում է մնալ Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգին աջակցող առաջնային գործընկեր:

«Նա շեշտել է, որ ընդլայնվել է իրավապայմանագրային դաշտը, եւ մեր համագործակցությունը համալրվել է նոր ուղղություններով, մասնավորապես, Հայաստան-ԵՄ քաղաքական եւ անվտանգային հարցերով երկխոսությամբ»,- նշված է ԱԺ հաղորդագրության մեջ:

«Հարգելի՛ դիվանագետներ, ես՝ որպես խորհրդարանական, ցանկանում եմ ձեզ փոխանցել իմ ընտրողների մեծամասնության եվրոպական ձգտումները: Հայաստանի եւ Եվրոպայի մերձեցումը պետք է լինի շարունակական եւ ֆունդամենտալ»,- շեշտել է ԱԺ նախագահը:

«Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության շուտափույթ մեկնարկին, Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական համագործակցությանը, մասնավորապես, խորհրդարանական գործընկերության կոմիտեի շրջանակում:

ՀՀ ԱԺ նախագահն ափսոսանք է հայտնել, որ Ադրբեջանը հրաժարվում է մասնակցել ԵՄ կողմից նախաձեռնվող հանդիպումներին՝ հավատարիմ չմնալով Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններին եւ ակնհայտ դարձնելով իր ռազմատենչ ու նվաճողական նկրտումները:

Շնորհակալություն հայտնելով ԵՄ անդամ երկրներին դիտորդներ ուղարկելու համար՝ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել ԵՄ առաքելության տեղակայման որոշումը, որը նշանակալի քայլ է մեր տարածաշրջանում կայունության հաստատման ուղղությամբ:

ԵՄ դեսպաններին է ներկայացվել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի գաղափարը, որը տնտեսական եւ կապուղիների զարգացման հնարավորություններ է տալիս ինչպես հարավկովկասյան տարածաշրջանի, այնպես էլ դրանից դուրս գտնվող երկրների համար:

Պատասխանելով ԼՂ-ից բռնի տեղահանված հայերին առնչվող հարցերին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանի կառավարությունն այս օրերին կենտրոնացած է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների գնահատման եւ նրանց առաջնային խնդիրների լուծման վրա, որն առավել արդյունավետ կարող է լինել միայն միջազգային ուժեղ ներգրավման դեպքում: Նա հավելել է, որ մեր երկիրը մեծապես գնահատում է Եվրոպական միության եւ անդամ պետությունների կողմից արդեն իսկ հատկացված մարդասիրական օգնությունը:

Քննարկմանն անդրադարձ է եղել նաեւ Արդարադատության միջազգային դատարանի՝ նոյեմբերի 17-ի որոշմանը, որով դատարանը Բաքվին պարտավորեցրել է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձն իրենց տներ, այնտեղ մնացածների ու այնտեղից դուրս գալ ցանկացողների անվտանգությունը:

Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները հետաքրքրվել են նաեւ խորհրդարանական ընդդիմության, խորհրդարանում կանանց ներգրավվածության, որոշումների վրա կանանց ազդեցության հարցերով»,- նշված է ԱԺ տարածած հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter