HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Մինսկի գագաթնաժողովից հետո կայցելի Երևան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Մինսկում միավորման անդամ երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով կայցելի Երևան և ստորագրված փաստաթղթերը կփոխանցի հայկական կողմին: Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ լրագրողներին հայտնել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկը։

«Մենք պայմանավորվել ենք, որ գագաթնաժողովի արդյունքներով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Երևան և բոլոր որոշումները, որոնք վերջնական լրամշակման են ենթարկվել համաձայնեցման հանձնաժողովի շրջանակներում, կփոխանցենք մեր հայ գործընկերներին և հույս ունենք, որ նրանք կմիանան դրանց»,- ասել է Բելառուսի ԱԳ նախարարը։

Պատասխանելով ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի ներկայացուցիչների բացակայության մասին հարցին՝ Օլեյնիկն առաջարկել է դրան «հանգիստ» վերաբերվել։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ի խնդիրը անդամ բոլոր երկրների համերաշխության պահպանումն է։

«Այսօր ամենակարևորը կազմակերպության բոլոր անդամների համերաշխությունն ու միասնությունն է։ Դա այն է, ինչ մենք, ըստ էության, երեկ ցուցադրեցինք ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստի ժամանակ»,- ասել է բելառուսցի նախարարը։

Ալեյնիկը նշել է, որ նախօրեին կայացած նիստում կողմերը «արձանագրել են շատ բարդ աշխարհաքաղաքական ժամանակաշրջան, եվրասիական անվտանգության ճարտարապետության դեգրադացիա, սպառազինությունների և զինաթափման վերահսկողության մեխանիզմների արժեզրկում, լարվածության օջախներ ինչպես արևմտյան, այնպես էլ հարավային սահմաններին, ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտիներով»: «Ուստի այս պայմաններում, իհարկե, առաջին պլան են մղվում մեր կազմակերպության անդամ երկրների համերաշխությունն ու համագործակցությունը, ռազմաքաղաքական համագործակցությունն ու քաղաքական միասնությունը»,- ընդգծել է Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

«Մենք աշխատում ենք միասնության վրա։ Մենք փնտրում ենք փոխընդունելի հանգուցալուծումներ։ Բնականաբար, ոչ բոլոր խնդիրներն են լուծվում»,- նշել է Բելառուսի ԱԳ նախարարը։

Ալեյնիկն ընդգծել է, որ բոլոր որոշումները, որոնք կընդունվեն գագաթնաժողովում Հայաստանի ներկայացուցիչների բացակայության պայմաններում, «բացարձակ լեգիտիմ են»: «Դրանք ընդունվում են կոնսենսուսով։ Եվ ես հեռախոսազրույց եմ ունեցել իմ հայ գործընկեր Արարատ Սամվելի Միրզոյանի հետ։ Մենք քննարկել ենք նաև այդ հարցերը և որոշումների կայացման մեխանիզմները», - նշել է նախարարը։

Հիշեցնենք, որ այսօր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթանում էր ՀԱՊԿ գագաթնաժողովը, որին մասնակցում էին անդամ երկրների առաջնորդները, բացառությամբ Հայաստանի։ ՀԱՊԿ գագաթնաժողովին Բելառուսի մայրաքաղաք էին ժամանել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը: Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ չի մասնակցի ՀԱՊԿ առաջնորդների այս հանդիպմանը։

Լուսանկարը՝ Sputnik գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter