Նոր բիզնես նախագիծ` Ջավախքի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման համար
Ջավախքում սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման և աշխատատեղերի ստեղծման նպատակով «Ջավախք» հայրենակցական միությանը ձեռնամուխ է եղել սոցիալ-տնտեսական բիզնես-ծրագրեր իրականացնելու գործընթացին:
Արդեն իսկ բանակցում են ծագումով ջավախքցի գործարարների հետ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում: Նրանց ներկայացվել են կոնկրետ բիզնես ծրագրեր և առաջարկվել ներդրում կատարել Ջավախքում' ստեղծելով աշխատատեղեր և մեղմելով սոցիալ-տնտեսական լարվածությունը:
«Սոցիալ-տնտեսական լարումը Ջավախքում հատկապես իր գագաթնակետին է հասել այն ժամանակ, երբ ռուսական ռազմաբազան 2007-ին դուրս եկավ Ջավախքից, շատ աշխատատեղեր կրճատվեցին, և չնայած Վրաստանի նախագահ Սահակաշվիլին հայտարարել էր, որ հատուցելու են աշխատատեղերի պակասը' բանակի մթերումները հենց Ջավախքից իրականացնելով, սակայն այդպես էլ իրականություն չդարձավ»,- ասում է «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը:
Բիզնես-ծրագրերը վերաբերում են հիմնականում գյուղատնտնեսական ապրանքների մշակմանը, քանի որ Ջավախքը համարվում է էկոլոգիապես մաքուր գյուղմթերքի արտադրության տարածաշրջան:
Շիրակ Թորոսյանը հիշեցնում է, որ խորհրդային տարիներին Ջավախքի մսամթերքն ու կաթնամթերքը հատուկ ուղարկվել են Մոսկվա' կոմունիստական իշխանություններին, իսկ ջավախքյան պանրի տեսակները տիեզերագնացների օրապահիկի մաս է կազմել, հետևաբար իրենք կաթնամթերքի ու մսամթերքի, ինչպես նաև կարտոֆիլի, բնական մաքուր ջրերի արտադրության ու վերամշակման ծրագրեր են առաջարկել: Որոշակի բիզնես-ծրագրեր առաջարկել են նաև շինանյութի արտադրության ոլորտում, քանի որ Ջավախքը հարուստ է, օրինակ, բազալտով, ավազով և պեմզայով:
Ներկայացված առաջարկները շատ գործարարների է հետաքրքրել: Նրանք սկսել են ուսումնասիրել առաջարկները: Այս տարվա աշնանը նախատեսվում է մեծ բիզնես-ֆորում կազմակերպել Ջավախքում ծնունդով ջավախքցի (և ոչ միայն) գործարարների համար, որտեղ վերջնականապես կամփոփվեն բոլոր առաջարկներն ու հետաքրքրությունները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել