
Հաստատվել են «Ակթրեյդ Սոֆթ» ՍՊԸ կողմից ծրագրային ապահովում ստացած տնտեսվարող սուբյեկտների իրացման շրջանառությունները թաքցնելու նոր հանգամանքներ
Պետական եկամուտների կոմիտե տեղեկացնում է, որ շարունակվում է դեռևս 2023 թվականի փետրվարին հայտնաբերված «Ակթրեյդ Սոֆթ» ՍՊԸ-ի կողմից սպասարկվող տեղեկատվության շտեմարանի (սերվերի) հետազոտման աշխատանքները, որում արտացոլված է հարկ վճարողների իրական իրացման շրջանառությունները:
Պետական եկամուտների և քննչական կոմիտեներին վերապահված գործառույթների շրջանակում՝ մասնավորապես սերվերում, պարունակվող տեղեկատվության վերծանման, համապատասխան ուսումնասիրությունների, գաղտնի քննչական գործողությունների և համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաստատվել են այլ տնտեսվարող սուբյեկտների կողմից իրացման շրջանառությունները թաքցնելու նոր հանգամանքներ:
2023 թ. հուլիսից մինչև նոյեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում, համալիր հարկային ստուգումների, հարկային վարչարարության և վարույթային գործողությունների արդյունքում առանձին կազմակերպությունների կողմից արդեն իսկ ներկայացվել են ճշտված հարկային հաշվարկներ` հայտարարագրելով նախկինում թաքցրած հարկային պարտավորությունները: Արդյունքում, մասնավորապես «ԱՎԱՄ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի գծով, (ֆիրմային անվանումը «ԲՈՄՈՆԴ»), առաջացել է շուրջ 720 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, իսկ «ՍՊԻՏԱԿԻ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՍՊԸ-ի գծով` 258 մլն ՀՀ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Նշված 978 մլն դրամի չափով գումարներն ամբողջությամբ վերականգնվել են։
Ընդ որում, ամենօրյա լայնածավալ աշխատանքների արդյունքում՝ բացի նշված ընկերություններից, այլ հարկ վճարողների մոտ ևս հայտնաբերվել են չհայտարարագրված շրջանառություններ, ստվերային շրջանառությունը կազմել է շուրջ 18 մլրդ դրամ, իսկ չվճարված հարկերի չափը՝ շուրջ 5 մլրդ դրամ, որից արդեն իսկ շուրջ 600 մլն դրամը վերականգնվել է։
Տեղեկատվության շտեմարանից (սերվերից) վերհանված տեղեկատվության հիման վրա` հարկ վճարողների հարկային պարտավորությունների ճշտման գծով քննչական և ստուգողական վարույթները շարունակվում են:
Մեկնաբանել