
Թռչնաբուծությամբ զբաղվող ընկերությունը ամբողջությամբ վերականգնել է պետությունից թաքցված՝ 256 մլն դրամի հարկային պարտավորությունները
Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարութային գործողությունների և Պետական եկամուտների կոմիտեի հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության աշխատակիցների իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել է ենթադրյալ այլ հանցանքի՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք։
ՔԿ հաղորդագրության համաձայն՝ մասնավորապես, քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ թռչնաբուծությամբ և թռչնամսի արտադրությամբ զբաղվող «Ս․․․» ՍՊ ընկերության պատասխանատու անձինք, պակաս հարկեր վճարելու նպատակով, խախտելով ՀՀ հարկային օրենսգրքի 60-րդ, 61-րդ, 104-րդ և 105-րդ հոդվածների պահանջները, 2021 թվականի հունվար ամսից 2022 թվականի հոկտեմբեր ամիսը ներառյալ, թաքցրել են ընկերության շուրջ 658.000.000 ՀՀ դրամի շրջանառությունը, վաճառքներ իրականացնելիս դուրս չեն գրել հարկային հաշիվներ և հարկային մարմին ներկայացված հաշվարկներում մտցրել են խեղաթյուրված տվյալներ։
Կատարված հարկային պարտավորությունների հաշվարկի համաձայն՝ հիշյալ ժամանակահատվածում պետական բյուջե չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ 208․386․752 դրամ ավելացված արժեքի հարկ և շահութահարկ։
Դեպքի առթիվ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քրեական վարույթով ձեռք բերված անհերքելի փաստերի ներքո ՍՊ ընկերության տնօրենը ընդունել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հանգամանքը և ամբողջությամբ պետական բյուջե է վերականգնել նախկինում չվճարված հարկի գումարը և հաշվարկված տույժերը, որը ընդհանուր կազմել է շուրջ 256.500.000 դրամ։
Մեկնաբանել