HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետը Հայաստանին կոչ է անում անցումային արդարադատության համապարփակ մեխանիզմներ հիմնել

ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետն այսօր Հայաստանին կոչ է արել անցումային արդարադատության համապարփակ մեխանիզմներ հիմնել՝ խորհրդային իշխանության, ավտոկրատ կառավարությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումներին անդրադառնալու նպատակով։

Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլին հայտարարել է, որ 1991 թվականին ԽՍՀՄ-ից Հայաստանի անկախացումից ի վեր իշխանությունները մի շարք միջոցներ են ձեռնարկել այդ խախտումների հետևանքները վերացնելու ուղղությամբ:

«Թեև այդ միջոցները չեն ներառվել անցումային արդարադատության գործընթացում և պաշտոնապես չեն համարվել նման օրակարգի մաս, քայլեր են ձեռնարկվել ռեպրեսիվ կամ ավտոկրատ ռեժիմների ժառանգությունը վերափոխելու ժողովրդավարական համախմբման, հետաքննելու հակամարտության ընթացքում հայ զինվորների կամ քաղաքացիական հասարակության իրավունքների խախտումները և փոխհատուցելու նրանց կրած վնասները», - այս մասին Սալվիոլին հայտնել է Հայաստան կատարած իր 9-օրյա այցի արդյունքում արված հայտարարության մեջ:

«Սակայն ճշմարտության որոնման, քրեական արդարադատության, մարդու իրավունքների նախկին խախտումների հիշատակման և վնասի հատուցման ուղղությամբ առաջընթացը շարունակական չի եղել», - ասել է նա:

Սալվիոլին Հայաստանի իշխանություններին կոչ է արել անկախ մեխանիզմ ստեղծել՝ այդ խախտումները հետաքննելու և գրանցելու, ինչպես նաև դրանք ներկա և ապագա սերունդներին հասանելի դարձնելու համար։ Նա նաև կոչ է

արել դատախազության և դատական մարմիններին անհապաղ ակտիվացնել այդ խախտումների համար պատասխանատվության ենթարկելու ջանքերը: 

Նա բարձր է գնահատել խորհրդային բռնաճնշումների զոհերի,  հակամարտության ընթացքում զոհված կամ անաշխատունակ դարձած զինվորների, հակամարտության քաղաքացիական զոհերի և 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների զոհերի հարազատներին և տուժածներին փոխհատուցում տրամադրելուն ուղղված ջանքերը, սակայն նշել է, որ մարդու իրավունքների խախտման արդյունքում տուժած այլ անձինք դժվարությունների են բախվել փոխհատուցում ստանալու հարցում: 

«Ես կոչ եմ անում կառավարությանը ձեռնարկել անհրաժեշտ օրենսդրական և վարչական միջոցներ՝ ապահովելու, որ ցույցերի համատեքստում ապօրինի բռնագրավման, պետական բռնաճնշումների և չարաշահումների զոհ դարձած անձանց, ինչպես նաև իրավապահ մարմիններում կամ զինված ուժերում խոշտանգումների ենթարկված և կասկածելի հանգամանքներում մահացած անձանց տրվի մարդու իրավունքների խախտման զոհի հատուկ իրավական կարգավիճակ և, համապատասխանաբար, ապահովվի վնասի ամբողջական փոխհատուցում», - ասել է Սալվիոլին։

Ընդունելով, որ 1990-ականներից ի վեր երկիրը հստակ առաջընթաց է գրանցել ժողովրդավարական ինստիտուտների ստեղծման գործում՝ ՄԱԿ-ի փորձագետը նշել է, որ առաջընթացը գծային չի եղել և մատնանշել է «հսկայական մարտահրավերները»:

Նա հատուկ ընդգծել է ընտրակեղծիքները, դատական իշխանության  անկախության ոչ բավարար մակարդակը, պետական հաստատություններում համատարած կոռուպցիան և անվտանգության ծառայությունների ու զինված ուժերի ռեպրեսիվ գործողությունները:

«Կառավարությունը պետք է հասարակությանը միանշանակ ազդանշան տա,  առ այն, որ հանձն է առել անցումային արդարադատության համապարփակ գործընթաց, որն ուղղված է անցյալի չարաշահումները վերացնելուն, դրանց կրկնությունը կանխելուն և օրենքի գերակայության ամրապնդմանը»,- նշել է Սալվիոլին:

Փորձագետը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին փուլերը՝ 2020 և 2023 թվականներին, հսկայական խնդիրներ են ստեղծել։ «Իմ այցը Հայաստան համընկել է հակամարտության արդյունքում Լեռնային Ղարաբաղից 110,000 հայերի բռնի տեղահանման հետ։ Փախստականներին հյուրընկալող համայնքներում և Երևանում հանդիպել եմ իշխանության ներկայացուցիչների և փախստականների հետ, ականատես եմ եղել տեղահանված բնակչության ցավին ու անհետաձգելի կարիքներին, ինչպես նաև նրանց առաջնային և անհետաձգելի կարիքները բավարարելուն ուղղված իշխանությունների հսկայական ջանքերին»,- ասել է նա։ «Ես սոլիդարություն եմ հայտնում փախստականներին և բարձր եմ գնահատում իշխանությունների՝ նրանց օգնություն ցուցաբերելու ջանքերը», - ասել է նա:

Այցի ընթացքում Սալվիոլին հանդիպել է պետական պաշտոնյաների,  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, փախստականների և տուժածների ընտանիքների, ինչպես նաև միջազգային հանրության ներկայացուցիչների հետ: Նա նաև այցելել է հուշահամալիրներ,  փախստականների ճամբարներ և հակամարտության տարածքներ:

Հատուկ զեկուցողը Մարդու իրավունքների խորհրդին իր այցի վերաբերյալ ամբողջական զեկույց կներկայացնի 2024 թվականին: 

ԱՎԱՐՏ 

Պրն. Ֆաբիան Սալվիոլին (Արգենտինա) ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից 2018 թվականին նշանակվել է Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով հատուկ զեկուցող։ Նա մարդու իրավունքների պաշտպան է և դասախոս։ Ֆաբիան Սալվիոլին Լա Պլատայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում միջազգային իրավունքի և մարդու իրավունքների պրոֆեսոր է: Նա դասախոսություններ է կարդացել Հյուսիսային Ամերիկյան և Հարավային Ամերիկյան, Եվրոպական, Աֆրիկյան և Ասիական բազմաթիվ երկրներում և համալսարաններում: Պարոն Սալվիոլին հեղինակել է մարդու միջազգային իրավունքի վերաբերյալ մի քանի գրքեր և հոդվածներ: 2009-2016 թվականներին նա հանդիսացել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի անդամ,  իսկ 2015-2016 թվականներին՝ նույն կոմիտեի նախագահը։

Հատուկ զեկուցողները Մարդու իրավունքների խորհրդի հատուկ փորձագետների կազմում են։ Հատուկ փորձագետների կազմը՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համակարգում անկախ փորձագետների ամենամեծ մարմինը, Խորհրդի փաստահավաք և մշտադիտարկման անկախ մեխանիզմների ընդհանուր անվանումն է, որն ուղղված է կա՛մ երկրի կոնկրետ իրավիճակներին կա՛մ թեմատիկ խնդիրներին աշխարհի բոլոր մասերում: Հատուկ փորձագետների կազմն աշխատում է կամավոր հիմունքներով. նրանք ՄԱԿ-ի աշխատակիցներ չեն և իրենց աշխատանքի դիմաց աշխատավարձ չեն ստանում։ Նրանք անկախ են որևէ կառավարությունից կամ կազմակերպությունից և ծառայում են որպես անհատ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter