HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հուլիսի 3-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեային:

ԱԺ նախագահը փաստել է,  որ վերջին շրջանում զգալիորեն ակտիվացել է Հայաստան-Եվրամիություն գործակցությունը` ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով: Աշխուժացել են բարձր մակարդակի երկկողմ շփումները ինչպես Եվրամիության  կառույցների, այնպես էլ ԵՄ անդամ երկրների հետ: Հովիկ Աբրահամյանը  կարեւորել է Եվրամիություն-Աժ համագործակցությունը` նշելով, որ խորհրդարանը մեծապես շահագրգված է փոխգործակցության խորացմամբ, որը կնպաստի նաեւ երկրում իրականացվող բարեփոխումների հաջող ընթացքին:

Ինչպես հայտնում է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, պարոն Աբրահամյանը հավաստել է Հայաստանը եվրոպական ընտանիքում, ժողովրդավարական երկրների շարքում տեսնելու ՀՀ իշխանությունների քաղաքական կամքն ու ցանկությունը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան նշել է, որ եվրոպական կառույցները բարձր են գնահատում Հայաստանի եւ Ազգային ժողովի հետ համագործակցությունը: Նրա համոզմամբ` Ազգային ժողովը մեծ դերակատարություն ունի երկրում ժողովրդավարական  բարեփոխումների իրականացման հաջողության գործում,  եւ այս համատեքստում բարձր է գնահատել խորհրդարանը բազմակարծության ամբիոն դարձնելու՝ ԱԺ նախագահի ջանքերը: Անդրադառնալով Եվրոպական խորհրդի նախագահի առաջիկա այցին տարածաշրջան` դեսպանը նշել է, որ  Հայաստանը Արեւելյան Գործընկերության երկրներից առաջինն է, որ այցելելու է Հերման Վան Ռոմպոյը: Նրա խոսքով` Եվրոպական խորհրդի նախագահի այցը նշանակում է,  որ Եվրամիությունը բարձր է գնահատում  եւ խրախուսում է Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները եւ ողջունում է այդ ուղղությամբ մեր երկրի առաջընթացը: 
   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter