HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆիրդուսի թաղամասը կառուցապատող 2 ընկերության սեփականատերը Ուկրաինայի քաղաքացի Յուրի Գրուվերն է

2018թ․-ին Կառավարության որոշմամբ «Ֆիրդուս 33» թաղամասի՝ գերակա հանրային շահ ճանաչված տարածքները բաժանվեցին 18 լոտի և հանձնվեցին տարբեր ընկերությունների։

Այս ընկերություններից երկուսին՝ «Զեյթուն քոնսթրաքշն» և «Բաբերդ քոնսթրաքշն» ՍՊԸ-ներին, իրավունք է տրվել կառուցապատել և իրացնել 2 լոտ, ընդհանուր առմամբ շուրջ 6500 քմ տարածք։ Երկու լոտերն էլ գտնվում են Խանջյան փողոցի հետնամասում։

«Զեյթուն քոնսթրաքշն» և «Բաբերդ քոնսթրաքշն» ընկերությունները ներկայացրել են իրական շահառուների (ԻՇ) մասին հայտարարագրեր, որոնցում տեսնում ենք, որ երկու ընկերության իրական շահառուն Ուկրաինայի քաղաքացի Յուրի Գրուվերն է։

Մինչ Յուրի Գրուվերին անդրադառնալը, պետք է նշենք, որ հայտարարագրերում նշված բոլոր ընկերությունները փոխկապակցված են։

Այսպես, և՛ «Զեյթուն քոնսթրաքշն»-ի և «Բաբերդ քոնսթրաքշն»-ի ԻՇ հայտարարագրերում նշված է Կիպրոսում գրանցված «Lunera Investments» ընկերությունը։ Ըստ Կիպրոսի պետռեգիստրում առկա տվյալների՝ ընկերությունը պատկանում է Յուրի Գրուվերին։ Նա այն հիմնել է 2018-ին։ Հայտարարագրերում կա նշված ևս մեկ ընկերություն՝ Հայաստանում հիմնված «Սան Օիլ Թրեյդինգ» ՍՊԸ-ն, որի 99% բաժնեմասը պատկանում է «Lunera Investments»-ին։

Ո՞վ է Յուրի Գրուվերը

53-ամյա Յուրի Գրուվերը Ուկրաինայի քաղաքացի է, նա Ուկրաինայում ավելի հայտնի է որպես «Sun Oil Group»-ի ղեկավար։ «Sun Oil Group»-ը Ուկրաինայում ունի բենզալցակայանների ցանց։ Ընկերությունը իր բենզալցակայանների քանակով մինչև վերջերս մտնում էր Ուկրաինայում խոշորագույն բենզալցակայանների տասնյակի մեջ։ Ընկերությունն ուներ մոտ 140 բենզալցակայան, որի հիմքը «Vesta» գազալցակայանների ցանցն է։ «Vesta»-ն պատկանում էր Օդեսայից ազգությամբ հայ գործարար Սուրեն Սարդարյանին։

«Sun Oil Group»-ում ղեկավար պաշտոն է զբաղեցնում նաև Լեոնիդ Կոսյանչուկը, որը ծանրակշիռ դեր ունի ուկրաինական նաֆթային բիզնեսի մեջ. նա «Ուկրաինայի նավթամթերքների շուկայի օպերատորների ասոցիացիա»-ի նախագահն է։

«Sun Oil»-ի գործերը, ըստ երևույթին, այդքան էլ լավ չեն։ Անցած տարի ընկերությունը հայտարարել էր իր ապրանքանիշի տակ գործող շուրջ 120 բենզալցակայանի փակման մասին՝ «Vesta»-ի վարձակալության պայմանագրի վաղաժամկետ դադարեցման պատճառով։

Բացի բիզնեսից, Յուրի Գրուվերը զբաղվում է նաև քաղաքականությամբ: Նա իր քաղաքական ուղին սկսել է Ուկրաինայի Գերագույն ռադայում։ Որպես պատգամավորի օգնական սկզբից աշխատել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից պատգամավոր Վոլոդիմիր Նեչիպորուկի, այնուհետև «Ռեգիոնների կուսակցությունից» բիզնեսմեն և քաղաքական գործիչ, միլիոնատեր Յուրի Իվանյուշենկոյի մոտ։ Վերջինս, ըստ ուկրաինական մամուլի, հայտնի քրեական հեղինակություն է՝ «Յուրա Ենակիևսկի» մականունով, նա Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի մտերիմներից մեկն էր։

Գրուվերը 2020-ին իր թեկնածությունն է դրել Խարկովի 8-րդ գումարման մարզային խորհրդի (Ռադայի) ընտրություններին՝ «Ընդդիմադիր հարթակ-կյանքի համար» (Опозиційна платформа - За життя) կուսակցությունից։ Չնայած նրան, որ կուսակցությունը ստացել է ձայների 21%-ը՝ Գրուվերը չի ընտրվել։ Հետագայում՝ 2021-ին, Խարկովի շրջանային վարչակազմի ղեկավար Այնա Տիմչուկը Գրուվերին նշանակել է իր խորհրդական։

Ի՞նչ կապ ունի Գրուվերը Հայաստանի հետ

Ինչ կապ ունի Յուրի Գրուվերը Հայաստանի հետ և ինչու է որոշել ներդրումներ անել հայաստանյան անշարժ գույքի շուկայում։

2019-ին Հայաստանում հիմնադրված «Սան Օիլ Թրեյդինգ» ՍՊԸ-ի անվանումը նույնիսկ հուշում է, որ ընկերությունը կապված է Գրուվերի հետ։ Հատկանշական է, որ և՛ «Սան Օիլ Թրեյդինգ»-ի, և՛ «Զեյթուն քոնսթրաքշն»-ի ու «Բաբերդ քոնսթրաքշն»-ի տնօրենը Դավիթ Չոբանյանն է։

Քանի որ հենց Գրուվերն անհասանելի է, փորձեցինք Դավիթ Չոբանյանից պարզել, թե Գրուվերը ինչ կապ ունի նրա և, ընդհանրապես, Հայաստանի հետ, ո՞րն է եղել Երևանի 33-րդ թաղամասում ներդրումներ իրականացնող ընկերությունը ձեռք բերելու շարժառիթը, ի՞նչ միջոցներով է դա անում Գրուվերը։

«Հետքի» հարցերին Դավիթ Չոբանյանը պատասխանեց հետևյալը՝ «Պարոն Գրուվերին անձամբ չեմ ճանաչում, մոտիկից ճանաչում եմ նրա գործընկերոջը՝ Պասկալ Ֆեյդտին, ով ներկայացնում է պարոն Գրուվերին։ Ես ու Պասկալը ունենք երկարամյա անձնական մտերիմ հարաբերություններ, անձնական փոխադարձ վստահություն ու հենց դրանով էլ պայմանավորված՝ Պասկալի առաջարկով ներգրավվել էի Ֆիրդուսի քաղաքաշինական ծրագրերում։ Իսկ Ֆիրդուսի քաղաքաշինական ծրագրերի մասին թե ինչպես են իմացել պարոն Գրուվերը կամ Պասկալը, դրա մասին ինֆորմացիա չունեմ»։

Բնակիչները բողոքում են

«Հետքի»-ին դիմել են Խանջյան փողոցի 1-ին նրբանցքի բնակիչները, որոնց սեփականությունը ընդգրկվել է «Զեյթուն քոնսթրաշքն»-ին տրված լոտի մեջ։ Նշենք, որ ըստ օրենքի, կառուցապատողը պետք է փոխհատուցում տրամադրի այն սեփականատերերին, որոնց անշարժ գույքը հանրային գերակա շահով ենթակա է օտարման։

Բնակիչները բողոքում են, որ արդեն տարիներ տևող գործընթացում օրենքի տասնյակ խախտում են թույլ տվել և՛ կառուցապատողները, որոնք պետք է բնակիչների հետ բանակցեին, և՛ այս գործընթացում քաղաքացիների և ընկերությունների միջև հարաբերությունները կարգավորող միջանկյալ օղակը՝ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման» ՀՈԱԿ-ը։

Բնակիչները պնդում են, որ ամբողջ համակարգն աշխատում է ի շահ կառուցապատողի, իսկ իրենց իրավունքները շարունակաբար ոտնահարվում են։

Օրինակ՝ բնակիչներն այս տարվա ապրիլի 9-ին ՀՈԱԿ-ից ստացել են գրություններ և կառուցապատողի հետ կնքվելիք պայմանագրերի օրինակները։ Նշենք, որ սեփականության օտարման գործընթացի վերջնաժամկետը համարվել է 2023-ի ապրիլի 16-ը։

Բնակիչները պնդում են, որ ՀՈԱԿ-ը ոչ տեղին է կիրառել օրենքի պահանջները, ուշ և ոչ պատշաճ կերպով  է տեղեկացրել իրենց, և ընդհանրապես, ՀՈԱԿ-ը չի համարվում օտարվող սեփականության ձեռք բերող, ուստի իրավունք չուներ սեփականության օտարման պայմանագրի նախագիծը ուղարկել։ Բնակիչները կարծում են, որ դա պետք է աներ հենց ձեռք բերողը՝ «Զեյթուն քոնսթրաքշնը»։

ՀՈԱԿ-ը բնակիչների գրավոր առարկությունների վերաբերյալ հայտնել է, որ ձեռք բերող ընկերության և ՀՈԱԿ-ի միջև կնքվել է հանձնարարության պայմանագիր և լիազորագիր։

Պարոն Չոբանյանը հաստատեց այս տեղեկատվությունը՝ ասելով, որ կառուցապատող ընկերությունների և ՀՈԱԿ-ի միջև կնքվել են «կառուցապատման ծրագրի լոտերի տարածքում այլ անձանց պատկանող գույքային միավորների իրացման գործընթացի հանձնարարության /պատվիրակման/ լիազորություններով պայմանագրեր, որոնց շրջանակներում համապատասխան լոտերի կառուցապատողները ֆինանսավորում են ՀՈԱԿ-ին, իսկ ՀՈԱԿ-ն էլ իրականացնում է իրացման գործընթացը, դատական գործընթացների մեկնարկը, դատարանների դեպոզիտ հաշիվներին դրամական միջոցների սառեցումը՝  հօգուտ վեճի կողմ իրացվող գույքային միավորի սեփականատերերի։ Այսինքն, ՀՈԱԿ- ը կատարում է իր ստանձնած պայմանագրային պարտավորությունները»։

Բնակիչները պնդում են, որ ՀՈԱԿ-ի և կառուցապատող ընկերությունների միջև կնքած պայմանագրերը ցույց են տալիս, որ ՀՈԱԿ-ը զբաղված է կառուցապատողի շահերը պաշտպանելով։ Նրանք հավատացած են, որ, ըստ օրենքի, ՀՈԱԿ-ը չի կարող հանդես գալ միևնույն ժամանակ որպես կարգավորող մարմին և որպես մի կողմի՝ «Զեյթուն քոնսթրաքշնի» լիազոր ներկայացուցիչ և շահերի պաշտպան։

Գույքի գնահատման գործընթացը, ըստ բնակիչների, նույնպես իրենց դեմ է աշխատում։ Մասնավորապես, նրանք պնդում են, որ բաց մրցակցային շուկայական պայմաններում գույքի գնահատում անելն ու պահանջելն անտեղին է և ցանկանում են ձեռք բերողի հետ ուղիղ բանակցությունների միջոցով պայմանավորվել գույքի գնի վերաբերյալ։

Նշենք, որ կառուցապատողն ու ՀՈԱԿ-ը բնակիչներից օտարման ենթակա գույքն արդեն գնահատել են, և, ըստ բնակիչների, ներկայում գործող շուկայական գնից բավականին ցածր։

Այսպես, Աննա Բախշյանի ընտանիքին պատկանող Խանջյան փողոցի 1-ին նրբանցքի 10/2 հասցեում գտնվող սեփական տունը գնահատվել է 91 միլիոն 540 հազար դրամ, իսկ 10/3 հասցեում գտնվող տնակը՝ 104 միլիոն 765 հազար դրամ։ Ընդհանուր առմամբ սա կազմում է շուրջ 480 հազար ԱՄՆ դոլար։ Ըստ Կադաստրի՝ սեփական տան շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 42 միլիոն 250 հազար դրամ։

Աննա Բախշյանի ընտանիքը հավատացած է, որ այս գնահատումն արդարացի չէ և չի համապատասխանում իրենց սեփականության իրական արժեքին։ Ըստ բնակչի՝ խնդիրը նրանում չէ, որ այս գումարով նա չի կարողանա տուն գնել, այլ նրանում է, որ համարժեք և արդարացի փոխհատուցում չի առաջարկում կառուցապատողը։

«Էսքան տարի ոչ մեկ ձեռք բերող ընկերությունից չեկավ, մեզ հետ նորմալ չբանակցեց, վերջնաժամկետից մի քանի օր առաջ ՀՈԱԿ-ն ուղարկեց պայմանագրի օրինակը, նույնիսկ դրա մեջ կոպիտ սխալներ կային»,- «Հետք»-ին պատմել է Աննա Բախշյանը։

Բնակիչների մտահոգությունները փոխանցեցինք պրն Չոբանյանին։ Նա ասաց, որ յուրաքանչյուր բնակչի հետ, որը ունեցել է անհամաձայնություն իր գույքի գնահատման և դրա արժեքի վերաբերյալ, կազմակերպվել են անհատական բանակցություններ։

«Առ այս պահը այն բնակիչները, որոնց հետ կազմակերպվել են հանդիպումներ և քննարկումներ, ստացել են իրենց խնդրի լուծումը և նրանց փոխհատուցվել է ավելի շատ գումար, քան նրանց գույքի գնահատված արժեքն է եղել։ Այն բնակիչները, որոնք այս պահին ունեն բողոքներ կամ անհանգստություններ, նրանց հետ դեռևս հանդիպումներ քննարկումներ չեն եղել, բողոքներ ունեցող բնակիչների հետ հերթականությամբ կազմակերպվում են հանդիպումներ, քննարկումներ, բանակցություններ»,- «Հետքին» փոխանցել է պրն Չոբանյանը։ 

Գործը դատարանում է

Քանի որ որոշ բնակիչներ և «Զեյթուն քոնսթրաքշն»-ը սեփականության օտարման շուրջ որևէ պայմանավորվածություն ձեռք չեն բերել, ընկերությունը այս տարվա սեպտեմբերին շուրջ 20 դատական հայց է ներկայացրել Երևանի քաղաքացիական դատարան։ Ի տարբերություն «Զեյթուն քոնսթրաքշն»-ի, «Բաբերդ քոնսթրաքշն»ը ընդամենը 2 դատական հայց է ներկայացրել իր լոտում օտարման ենթակա տարածքների սեփականատերերի դեմ։

Գործերն ընդունվել են վարույթ, և այժմ դատարանը պետք է որոշի գույքերի օտարման գործընթացի ապագան։ Նշենք, որ դատական գործը պարտվելու դեպքում բնակիչները իրենց սեփականության դիմաց կստանան այնքան գումար, որքան իրենց սեփականությունը գնահատել է կառուցապատող ընկերության վարձած գնահատող մարմինը։

Ի դեպ, Դավիթ Չոբանյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ և՛ «Բաբերդ քոնսթրաքշնի» և՛ «Զեյթուն քոնսթրաքշնի» (ինչպես նաև «Ֆիրդուս 33» թաղամասում այլ լոտերի կառուցապատող «Մանազկերտ քոնսթրաքշն» և «Սասուն քոնսթրաքշն» ՍՊԸ-ների) կառավարումը հանձնվել է «Լոգիկոն դիվելփմենթ» ՍՊԸ-ին։ Այս ընկերության հիմնադիրը Վահե Պետրոսյանն է, նրան պատկանում է ՍՊԸ-ի 57 տոկոս բաժնեմասը։ Պետրոսյանը բաժնետեր է նաև մի քանի կառուցապատող ընկերություններում, որոնք կառուցում են բնակելի շենքեր։ Նա մինչև 2020 թվականը եղել է «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ղեկավարը։ 

Արդեն շուրջ 15 տարի է, ինչ Կառավարությունը Ֆիրդուսի թաղամասի տարածքը ճանաչել է գերակա հանրային շահ։ Տարածքը օտարվել էր «Սիթի սենթըր դիվելըփմենթ» ընկերությանը, որն էլ հանդիսանում է նոր ընկերությունների իրավանախորդը։ Բազմաթիվ գործընթացներից հետո տարածքի մի մասը սկսել են կառուցապատել միայն վերջերս։

Մեկնաբանություններ (1)

Արմեն Պողոսյան
Տվյալ կառուցապատողը ունի կռիշ մեր ղեկավարների հետ թե քաղաքապետարան թե կառավարության որովհետև եսքամ բողոքներին ոչմի ռեակցյա չեն տալիս բնակիչնեչին և ոնցոր շուկայում լինեն ում ոնց կարողանում իրանց տներից հանում են իրանց բիզնեսն են ստեղձում անունով դնելով գերակա շահ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter