HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև վարկային համաձայնագրեր են ստորագրվել

ՀՀ ֆինանսների նախարարությունում այսօր՝ նոյեմբերի 27-ին, ստորագրվել է «Սեյսմիկ անվատանգության բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) միջև: Հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

«Համաձայնագրի ստորագրումը կազմակերպվել է ԱԶԲ նախագահ Մասաթուգու Ասակավայի՝ Հայաստան այցի շրջանակներում: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության տնօրեն Եվգենի Ժուկովը, ԱԶԲ Գործադիր տնօրեն Մեյդ Վիջայան, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: 

Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դոնալդ Լամբերտը:

Ծրագրի իրականացման համաձայնագիրը ստորագրվել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարի միջև:

«Սեյսմիկ անվատանգության բարելավման ծրագիրն» իրականացվում է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2015թ հոկտեմբերի 19-ին կնքված վարկային համաձայնագրի հիման վրա: Ծրագիրը մեկնարկել է 2016թ, որի շրջանակներում ԱԶԲ-ից ներգրավվել են վարկային միջոցներ՝ 88,5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով: 

Ստորագրված համաձայնագրով նախատեսվում է ներգրավել ևս 66,100,000 եվրոյի չափով վարկային միջոցներ՝ ծրագրի ամբողջական իրականացումն ավարտին հասցնելու նպատակով։

Ծրագրի հիմնական և առանցքային ցուցանիշը հանդիսանում է առնվազն 46 դպրոցների կառուցումը կամ ամրացումը սեյսմակայունության ժամանակակից չափանիշներին համապատասխան, այդ կերպ՝ շուրջ 20000 աշակերտի համար անվտանգ կրթական պայմանների ապահովումը:  

Ծրագրի շրջանակներում մինչ այժմ կառուցվել է 16 դպրոց։ Ներկայում ընթանում են 20 դպրոցի շինարարական աշխատանքներ։ 10 դպրոց գտնվում է նախագծային (ավարտական) աշխատնքերի իրականացման տարբեր փուլերում։

Նշյալ ծրագիրն ամբողջովին համահունչ է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրին, որի առաջնահերթ ուղղություններից է դպրոցաշինությունը:  

Վահե Հովհաննիսյանի և Դոնալդ Լամբերտի միջև ստորագրվել է նաև մեկ այլ՝ «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը 60,090,000 եվրո արժողությամբ:  

Ծրագրի նպատակն է զարգացնել քաղաքային ենթակառուցվածքները՝ կառուցելով Իսակով-Արշակունյաց նոր ճանապարհահատվածը, որը կկապի Երևան քաղաքի 3 վարչական շրջանները և էականորեն կնվազեցնի քաղաքային խցանումները: Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել առկա ճանապարհը, քաղաքային խցանումները, ինչպես նաև ստեղծել նոր քաղաքային ենթակառուցվածքներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լուսանկարը՝ Ֆինանսների նախարարության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter