HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

«Անմարդկային ճշմարտությունը»․ NewsGPT-ն արհեստական բանականության միջոցով շուրջօրյա լրատվություն է ապահովում

«Լարվածությունը մեծանում է Հարավային Կովկասում. աշխարհը հետևում է, թե ինչպես են էթնիկ հայերը փախչում»: Սեպտեմբերի 19-ին Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո միջազգային շատ լրատվամիջոցներում նման վերնագրեր էին պտտվում։ Այս վերնագիրը դեռ երկու ամիս առաջ հայտնվել էր NewsGPT լրատվական կայքում։ Մյուս լրատվամիջոցների նույնաբովանդակ հրապարակումներից այս մեկը տարբերվում էր նրանով, որ ամբողջությամբ ստեղծվել էր արհեստական բանականության միջոցով։

NewsGPT-ն աշխարհում առաջին լրատվական ալիքն է, որը 24/7 ռեժիմով լրատվություն է ապահովում՝ առանց մարդկային ռեսուրս օգտագործելու․ ամբողջ բովանդակությունը ստեղծվում է արհեստական բանականության միջոցով։ Գեներատիվ արհեստական բանականության տեխնոլոգիայով տեքստեր, նկարներ, խոսք է մշակվում, որոնք ուղիղ հեռարձակմամբ նաև օգտագործվում են լրատվական թողարկումներում։ 

Ինչպես նշված է կայքի «Մեր մասին» բաժնում, «ի տարբերություն ավանդական նորությունների աղբյուրների՝ NewsGPT-ն նպատակ ունի ապահովելու անաչառ տեսակետ: Լինելով արհեստական բանականությամբ աշխատող հարթակ՝ հոդվածներ ստեղծելու համար այն հիմնվում է տվյալների և ալգորիթմների վրա, այլ ոչ թե մարդկանց՝ բացառելով անձնական կարծիքները»:

Չնայած այս պնդմանը՝ արհեստական բանականությունը կողմնակալության այլ հարց է առաջ քաշում․ կախված նրանից, թե ինչ տվյալների հիմքով են ալգորիթմները աշխատում՝ վերջնարդյունքը տարբերվում է։

«NewsGPT» անունը կարող է կապվել OpenAI-ի հայտնի ChatGPT լեզվական մոդելի հետ, սակայն սրանք տարբեր նախաձեռնություններ են, և լրատվականը ChatGPT-ի տվյալների հիմքով չի աշխատում։ Կայքում միայն նշվում է, որ «NewsGPT-ն տարբեր աղբյուրներից հսկայական քանակությամբ տեղեկատվություն մշակելու կարողություն ունի», և նրանք օգտվում են սոցիալական ցանցերի, լրատվամիջոցների և պետական կառույցների կայքերի տվյալներից։ Նման աղբյուրներում նաև կեղծ կամ կողմնակալ նյութեր են լինում: Արհեստական բանականությունը հալյուցինացիա (AI hallucination) կարող է առաջացնել՝ ստեղծելով կեղծ կամ անտրամաբանական տեղեկատվություն, որը հիմնված չէ իրական տվյալների կամ իրադարձությունների վրա, բայց ներկայացվում է որպես փաստ։

Ապատեղեկատվության դեմ պայքարելու համար NewsGPT-ի թիմը ընթերցողներին խրախուսում է օգնել արհեստական բանականությանը սովորել։ Յուրաքանչյուր նյութի տակ պատուհան կա, որտեղ հնարավոր է գնահատել լուրի հավաստիությունը։ Ստացվում է՝ եթե մի քանի անգամ ալգորիթմին պնդենք, որ, օրինակ, երկուսին գումարած երկուս հավասար չէ չորսի, գուցե ստացվի համոզել։ Նույնը՝ նորությունների դեպքում։

Դեկտեմբերի 2-ից NewsGPT-ն նոր հաղորդաշար է սկսելու՝ «Վաղվա լուրերն այսօր»։ Nostradamia 7 անունով թվային հաղորդավարը ներկայացնելու է, օրինակ, կիրակի օրվա ֆուտբոլային հանդիպման արդյունքները, որը դեռ չի եղել։

«Մենք բոլորս սովոր ենք եղանակի տեսությանը, որը կանխատեսում է վաղվա եղանակը, բայց պատկերացնու՞մ եք վաղվա նորությունները կանխատեսող լուրերի տեսություն: NewsGPT-ի «Վաղվա լուրերն այսօր» կոչվող նոր հաղորդումը հենց դա կփորձի անել»,- երեկ՝ նոյեմբերի 27-ին, նոր գաղափարը ներկայացրել է NewsGPT-ն:

NewsGPT-ի թիմը զգուշացնում է՝ ճշգրտություն ակնկալել չենք կարող, բայց «կարող ենք հիանալ արհեստական բանականության հնարավորություններով և երազել ապագայի մասին, որտեղ հնարավոր է կանխատեսել անկանխատեսելին»:

Կարդացե՛ք նաև՝

Նկարները՝ NewsGPT-ի կայքից և յութուբյան ալիքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter