HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ազդարարման համակարգը չի գոհացնում իրավասու մարմիններին. իրազեկման արշավ է սկսվում

Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարությունը սկսում է ազդարարման համակարգի վերաբերյալ հաղորդակցման գործողությունների իրազեկման ծրագիր և լայնամասշտաբ իրազեկման արշավ: Ծրագիրն ունի «Ինչպես խթանել և ակտիվ օգտագործել Ազդարարման համակարգը» անվանումը: Նախարարությունն այսօր 7 հասարակական կազմակերպությունների հետ ստորագրեց համագործակցության հուշագիր:

Հուշագիրը ստորագրել են «Իրավաբանների հայկական ասոցիացիան», «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամը, «Հաշմանդամություն ունեցող անձանց օրակարգ», «ՀԿ կենտրոն» քաղաքացիական զարգացման, «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն», «Ռեստարտ Իջևան» գիտակրթական և «Ռեստարտ Գյումրի» երիտասարդական քաղաքացիական ՀԿ-ները:

Հուշագրի ստորագրումից հետո կազմակերպվել էր պանելային քննարկում: Մասնակիցներից արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ասաց, որ ազդարարման ինստիտուտի ներդրման առաջին քայլերն իրականացվել են 2018թ․-ին, երբ ուժի մեջ մտավ Ազդարարման համակարգի մասին օրենքը, իսկ դրանից մեկ տարի անց գործարկվեց էլեկտրոնային հարթակը:

Նշենք, որ ըստ այդ օրենքի՝ ազդարարումը ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև կազմակերպություններում կոռուպցիոն բնույթի դեպքի, շահերի բախման, վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների, հայտարարագրման հետ կապված խախտման, հանրային շահերին ուղղված այլ վնասի, դրանց սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունների գրավոր, բանավոր հաղորդումն է՝ իրավասու անձին կամ մարմին:

Կարեն Կարապետյանը նշեց, որ «Ազդարարման համակարգի մասին» օրենքի ընդունումից հետո ցուցանիշները գոհացուցիչ չեն, ինչն էլ դարձել է հանրությանը իրազեկելու արշավի մեկնարկի պատճառ: Մեկնարկից ի վեր, իրականացվել է 560 ազդարարում, որոնց 15%-ը չի վերաբերում կոռուպցիոն դրսևորումներին: Այս հանգամանքը ևս վկայում է, որ հանրության մոտ իրազեկման բաց կա, ճիշտ չեն ընկալում ուղղությունները:

Նախարարի տեղակալն ասաց, որ մեկ տարի անց կամփոփեն արդյունքները և հույս ունեն, որ կարձանագրեն կոռուպցիայի դեմ պայքարում հանրության լայն զանգվածների թվի աճ, ինչն էլ կլինի կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության օրինակ:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Մուշեղ Բաբայանն էլ ասաց, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քաղաքացիների հաղորդումների թիվն աճել է:

Մուշեղ Բաբայանը կարևորեց ազդարարման համակարգի վերաբերյալ լայնամասշտաբ իրազեկման ծրագրի մեկնարկը, քանի որ, նրա խոսքերով, միայն կոռուպցիայի դեմ պայքարի շղթայում ընդգրկված մարմինների ռեսուրսները բավարար չեն, և անհրաժեշտ է քաղաքացիների ներգրավումը:

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի նախագահ Գայանե Աբրահամյանը կարևորեց հանրության վերաբերմունքը կոռուպցիայի նկատմամբ: Նաև հիմքում պետք է դնել այն գաղափարը, որ կոռուպցիան ուղիղ ազդեցություն ունի երկրի անվտանգության վրա:

Գայանե Աբրահամյանը խոսեց նաև միջազգային պրակտիկայի մասին: ՀԿ նախագահը նշեց, որ ազդարարման համակարգը գործում է, եթե գործում են նաև խրախուսման մեխանիզմները: Օրինակ՝ ազդարարման արդյունքում բացահայտված կոռուպցիոն հանցագործության քննության արդյունքում բռնագանձման ենթակա գումարների որոշ տոկոս հատկացնել ազդարարողին:

Այս միտքը քննարկման մասնակիցների «սրտով» չէր, քանի որ կարծում են՝ դրանով վնասում և հեղինակազրկում են ազդարարման ինստիտուտը:

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցության կենտրոն ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ նմանատիպ խրախուսման մեխանիզմները շուկայական հարաբերություններ են ստեղծում, ինչը բացասական ազդեցություն է ունենալու:

Խուրշուդյանը նշեց, որ շատ փոքր թիվ է կազմում ազդարարման համակարգի միջոցով ստացված հաղորդումների հիման վրա հարուցված քրեական գործերի թիվը: Բանախոսի խոսքերով՝ պետք է օրենքում փոփոխություն կատարել և ակտիվացնել իրավապահ մարմիններին: Առաջարկեց հրապարակվող նյութերը ևս պարտադիր քննության առարկա դարձնել, ինչպես լինում է ազդարարման համակարգով ստացված հաղորդումների դեպքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter