HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրային քրեական հետապնդում՝ Բրյուսովի համալսարանի Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի նախկին դեկանի նկատմամբ

Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 30-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել 2018-2022 թվականներին «Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկանի պաշտոնը զբաղեցրած Ցոլակ Ակոպյանի նկատմամբ՝ դիտավորությամբ այնպիսի գործողություններկատարելու համար, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից: Այս մասին հայտնում է դատախազության Հանրային կապերի բաժինը։

«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Ց.Ա.-ն (Ցոլակ Ակոպյանը-խմբ.), զբաղեցնելով ՊՈԱԿ-ի սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկանի պաշտոնը, համատեղության կարգով հանդիսանալով «Փիլիսոփայության և պատմության», «ԲՊՀ հիմնադրամի Յունեսկոյի մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքագիտության» ամբիոնների ավագ դասախոս, ՊՈԱԿ-ի ռեկտորի հրամաններով հանձնաժողովների կազմում ընդգրկված չլինելու պայմաններում, դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից: 

Մասնավորապես՝ 2019-2022 թվականների ընթացքում անգլերեն առարկայից անբավարար գնահատականներ ստացած ուսանողներից՝ Ռ.Ն.-ից, Հ.Ս.-ից, Մ.Ա.-ից, Մ.Ծ.-ից, Ս.Ա.-ից, Վ.Մ.-ից և Ն.Պ.-ից, ընդունել է «1-ին օտար լեզու (անգլերեն) 4», «Գրավոր խոսք (անգլերեն)», «Գրավոր խոսք (անգլերեն) 2», «Բանավոր խոսք (անգլերեն) 3» առարկաների լուծարային քննություններն ու նշանակել դրական` «60» գնահատականներ՝ քննական տեղեկագրում հանձնաժողովի անդամի փոխարեն դնելով իր ստորագրությունը:

Հանրային քրեական հետապնդումը հարուցվել է 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը) (4 դրվագ) և գործող Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից լիազորություններն անցնելը) (3 դրվագ)»,- ասված է դատախազության հաղորդագրության մեջ:

Լուսանկարը՝ Ցոլակ Ակոպյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter