Ադրբեջանում պահվում է 135 հայ, որից 80-ի ճակատագիրն անհայտ է. իրավապաշտպան
Միջազգային իրավունքի մասնագետ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը «Գերիների հնարավոր վերադարձ․ միջազգային իրավունք և արդարադատություն» խորագրով նոյեմբերի 30-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնել է, որ ըստ պաշտոնական տվյալների՝ Բաքվում պահվում է 55 հայ, իսկ ևս 80-ի վերաբերյալ տեղեկություններ չկան։
«Նրանց մեջ մենք ունենք քաղաքացիական, ռազմական գերիներ, ինչպես նաև՝ քաղաքական հետապնդման ենթարկվող բանտարկյալներ: Մենք ունենք 6 քաղաքացիական անձ, 41 ռազմագերի և 8 նախկին բարձրաստիճան քաղաքական և զինվորական գործիչներ, ովքեր համարվում են քաղբանտարկյալներ»,-ասել է Սահակյանը։
Ըստ իրավապաշտպանի, սա ռազմագերիների միայն պաշտոնական թիվն է՝ «…սրանից զատ նաև գերեվարվել են առնվազն 80 քաղաքացիական և ռազմական անձինք, որոնց ճակատագրերի պարզման ուղղությամբ որևէ քայլ չի իրականացվում»։
Մասնագետի պնդմամբ, 55 գերիների խումբը գտնվում է պաշտպանվածության ավելի բարձր աստիճանում, քանի որ գերեվարման հանգամանքները հաստատվել են։
«Դեռևս 2021 թվականի գարնանից չի եղել դեպք, երբ Ադրբեջանը պաշտոնականացնի 44-օրյա պատերազմի ընթացքում գերեվարված անձանց»,-ասել է Սահակյանը։
Ճշմարտության և արդարադատության կենտրոնի` «Ադրբեջանը պետք է ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին, պատանդներին և գերիներին» զեկույցում նշվում է՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր քաղբանտարկյալները, ռազմագերիները և պատանդները պետք է անհապաղ ազատ արձակվեն միջազգային իրավունքի համաձայն։
«2020 և 2023 թվականների՝ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմների ընթացքում Ադրբեջանի իշխանությունները գերեվարել են շուրջ 200 հայ քաղաքացիական և զինվորական անձանց։ ․․․Տասնյակ մարդիկ ապօրինաբար շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում, ոմանք սպասում են դատավարությունների, իսկ մյուսներն ապօրինաբար դատապարտվել են երկարաժամկետ ազատազրկման»,- նշված է զեկույցում:
Մեկնաբանել