HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանական գործողությունների արդյունքում զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը «Գլոբալացվող աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության ժամանակակից հրամայականները» խորագրով  միջազգային գիտաժողովի շրջանակներում մասնակցել է պանելային քննարկման։

ՄԻՊ աշխատակազմի հաղորդմամբ՝ Պաշտպանը նշել է նման միջոցառումների անցկացման կարևորությունը, քանի որ ևս մեկ անգամ հնարավորություն է ստեղծվում խոսել մարդու իրավունքների պաշտպանության համակարգում առկա մարտահրավերների մասին։

«Ցեղասպանության և էթնիկ զտումների կանխարգելումը թեմայով քննարկմանը Պաշտպանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքներին վերաբերելի հարցեր, ներկայացվել են այս առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի իրականացրած աշխատանքների մանրամասները:

Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ անձամբ իր և ՄԻՊ աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որի ընթացքում ստացվել են ադրբեջանական ագրեսիայի արդյունքում քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ։

«Որպես Մարդու իրավունքների պաշտպան անմիջապես ներգրավվել եմ բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության գործընթացին։ Անձամբ ես և ՄԻՊ աշխատակազմը մեկնել ենք Գորիս, Կոռնիձոր և Վայք՝ տեղում իրականացրել ենք փաստահավաք աշխատանքներ։ Այդ ընթացքում զրուցել ենք հարյուրավոր անձանց հետ։ Փաստահավաք աշխատանքների ժամանակ հետապնդել ենք երկու նպատակ՝ իրականացնել մշտադիտարկում և բացահայտել Հայաստանի Հանրապետությունում նշված անձանց իրավունքների երաշխավորմանը վերաբերելի խնդիրները։ Հաջորդ կարևոր նպատակն էր բացահայտել խոշտանգումների, վատ վերաբերմունքի այլ ձևերի զոհ դարձած անձանց և երաշխավորել նրանց իրավունքների պաշտպանության պատշաճ կառուցակարգերի իրացումը։ Ինձ համար մի բան ակնհայտ էր. ադրբեջանական գործողությունների արդյունքում խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները»,- նշել է Պաշտպանը։

Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքագրված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում։

«Տեղեկությունների իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով զեկույցը ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին։ Շատ կարևոր է, որպեսզի մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցները խնդիրների լուծման առանցքում ունենան մարդու հիմնարար իրավունքները, քանի որ քաղաքական և տարածքային որևէ հանգամանք չի կարող գերակայել մարդու իրավունքներին վերաբերելի արժեքների նկատմամբ»,- ընդգծել է Ա. Մանասյանը։

Նշենք, որ Հայաստանի եվրոպական համալսարանի և Միջազգային կրթական և հետազոտական ալյանսի հետ համատեղ կազմակերպված միջազգային գիտաժողովի նպատակն է նպաստել մարդու իրավունքների պաշտպանության հիմնահարցերի և ցեղասպանության ու էթնիկ զտումների հիմնախնդիրների վերհանմանն ու հաղթահարման ուղիների ձևավորմանը: Որպես բանախոսներ հանդես են եկել միջազգային կազմակերպությունների, եվրոպական կրթական ու հետազոտական կառույցների և պետական մարմինների ներկայացուցիչներ, գիտնականներ, ոլորտային փորձագետներ, հետազոտողներ»,- ասված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter