HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կին»​ ​միջազգային​ 20-րդ ​կինոփառատոնի շրջանակում կներկայացվի 53 ֆիլմ՝ 20 երկրից

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ դեկտեմբերի 1-5-ը Երևանում կանցկացվի «ԿԻՆ» միջազգային կինոփառատոնը, որն այս տարի նշում է իր հոբելյանական 20 ամյակը:

ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության համաձայն՝ փառատոնն իրականացվում է Հայ կինոյի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում:

Հայ կինոյի հիմնադրման 100-ամյակի առթիվ, «Կին» կինոփառատոնը կներկայացնի «Կինը հայ կինոյում» ֆիլմը՝ նվիրված հայ կինոյի այլընտրանքային պատմությանը՝ հայ կին կինոռեժիսորների անցած ճանապարհին։

Ֆիլմը կներկայացվի փառատոնի բացմանը՝ դեկտեմբերի 1-ին, ժամը 19:00-ին, ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում (հասցե՝ Մելիք-Ադամյան 2/2)։ Հայ կինոյի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կցուցադրվեն նաև խորհրդային և հետխորհրդային տարիների ընթացքում աշխատած կին-ռեժիսորների՝ Արշա Օվանեսովայի, Սեդա Պումպյանսկայայի, Ռուզաննա Ֆրանգուլյանի և Մարիա Սահակյանի ֆիլմերը։

Փառատոնի ծրագրերում կներկայացվեն 53 ֆիլմ՝ 20 երկրից։ Մրցութային ծրագրից բացի, առանձին ծրագրում կցուցադրվեն նաև փառատոնի հյուրերի ֆիլմերը։

Այս տարի առաջին անգամ փառատոնի ավարտին կշնորհվեն «Լավագույն խաղարկային ֆիլմ» և «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակները։

Փառատոնին ներկա են լինելու արտերկրից ժամանած մասնակիցներ, որոնց հետ նախատեսվում է հարց ու պատասխան՝ ֆիլմերի ցուցադրություններից հետո։

Փառատոնի ժյուրիի անդամներն են`  Ելենա Կուցենկոն (կինոգետ, Ռուսաստան), Լյուսիան Քերրին (պրոդյուսեր, ԱՄՆ), Արփինե Սիմոնյանը (սցենարիստ-ռեժիսոր, Հայաստան), Ալիսա Տայոժնայան (կինոքննադատ, Ռուսաստան), Աննա Արևշատյանը (կինոռեժիսոր, Հայաստան):

Փառատոնի բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է։ Ֆիլմերը ցուցադրվելու են բնօրինակ լեզվով, հայերեն թարգմանությամբ և անգլերեն ենթագրերով։ Ֆիլմերի ծրագիրը հասանելի է kinfestival.com կայքում:

«Կին» միջազգային կինոփառատոնի հովանավորներ ու գործընկերներն են՝ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և Ֆրանսիական ինստիտուտը, Իսպանիայի դեսպանությունը, Ռուսական տունը, Հայաստանի ազգային կինոկենտրոնը, Հայաստանի կինոգործիչների միությունը: Կինոփառատոնի կազմակերպիչ՝ «Լիզա» իրավական, գենդերային, մշակութային հիմնադրամը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter