HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրագրողական կրթության նոր մագիստրոսական ծրագիր կներդրվի Ամերիկյան համալսարանում

Հայաստանի ամերիկյան համալսարանը և Վաշինգթոնի նահանգային համալսարանն այսօր փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Լրագրողական գերազանցության կենտրոն ստեղծելու և լրագրողական կրթության նոր մագիստրոսական ծրագիր ներդնելու մասին։ Հայտնում է Ամերիկյան համալսարանի մամուլի ծառայությունը:

«Համալսարանական փոխգործակցության այս քառամյա նախաձեռնությունը կյանքի կոչելու համար ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը կհատկացնի 1․3 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորում․ նախաձեռնությունը նպատակ ունի աջակցել Հայաստանի մեդիա ոլորտի կատարելագործմանը։

ԱՄՆ դեսպանության աջակցությամբ ամեն տարի ուսման վարձի 90%-ի չափով կրթաթոշակ կտրվի լրագրողական մագիստրատուրայի 9 ուսանողի, ընդ որում որոշ ուսանողներ մրցութային հիմունքներով հնարավորություն կստանան ամառային պրակտիկա անցնել Միացյալ Նահանգներում և կատարելագործել իրենց լրագրողական հմտություններն ԱՄՆ լրատվական կառույցներում ձեռք բերած գործնական փորձի միջոցով։

«Մենք հպարտ ու երախտապարտ ենք, որ ԱՄՆ դեսպանությունը մեզ է շնորհել այս կարևոր դրամաշնորհը, - ասաց ՀԱՀ նախագահ դ-ր Պողոսյանը, - համալսարանի հիմնադրման օրվանից ԱՄՆ կառավարությունն ԱՄՆ ՄԶԳ Ամերիկյան կրթօջախների ու բուժհաստատությունների (ASHA) ծրագրով տարբեր հարցերում աջակցել է Հայաստանի ամերիկյան համալսարանին, իսկ սա նոր ձեռքբերում է մեր երկարամյա համագործակցության տիրույթում։ Պատրաստ ենք սիրով աշխատել Վաշինգթոնի համալսարանի մեր գործընկերների հետ` կյանքի կոչելու այս նախագիծը և ի վերջո սկսելու լրագրողների ուսուցման մագիստրոսական ծրագիրը։ Վստահ ենք, որ այս նոր ծրագիրը մեծապես շահեկան կլինի Հայաստանի, ինչպես նաև տարածաշրջանի համար»։

Լրագրողական գերազանցության կենտրոնը ծառայելու է որպես լրագրողական կրթության և ոլորտային հետազոտությունների, ուսուցումների, լավագույն փորձի և լավագույն փորձագետների ու քաղաքականություն մշակողների հետ համագործակցության հարթակ, որն ի ցույց կդնի որակյալ լրագրողական աշխատանքի ներուժն ապատեղեկատավությանը հակազդելու ասպարեզում և կօգնի բարելավել մասնագիտական կապերը Հայաստանի լրագրողական էկոհամակարգում։  Կենտրոնը նաև կառաջարկի մասնագիտական կատարելագործման ծրագրեր ընդհանուր մեդիա համայնքին։ 

Այս նոր համալսարանական փոխգործակցության մեկնարկի ազդարարման կապակցությամբ Հայաստան էր ժամանել ԱՄՆ պետքարտուղարության կրթական և մշակութային բյուրոյի քաղաքականության հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Ռաֆիկ Մանսուրը։ Միջոցառմանը ներկա էին նաև դեսպան Քվինը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Հայ-ամերիկյան հարաբերությունների հիմքում ընդհանուր արժեքներն են, այդ թվում՝ մամուլի ազատությունը և կրթության կարևորագույն դերն ամուր, ժողովրդավարական և ապատեղեկատվությանը տուրք չտվող հասարակություն  ձևավորելու հարցում։ Միացյալ Նահանգները հպարտ է իր ներդրմամբ աջակցել  համալսարանական փոխգործակցության այս նախաձեռնությանը, որն իր նպաստ է բերելու Հայաստանի ժողովրդավարական զարգացման և լրագրողների նոր սերնդի կրթության գործում»,- ասաց Մանսուրը։

«Այս նախագծի նպատակն է աջակցել ներկա և ապագա լրագրողներին՝ ձեռք բերելու գիտելիքներ և հմտություններ, որոնք դրական ազդեցություն կունենան լրագրության ոլորտի վրա, ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս», - ասում է Հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի (CHSS) դեկան դոկտոր Յակուբյանը: «Ծրագիրը կնպաստի ֆակուլտետի ակադեմիական բազմազանության ընդլայնմանը և այդպիսով մեզ համար կստեղծի նոր հնարավորություններ պրոֆեսիոնալ առաջնորդներ կրթելու համար։

«Իրապես ոգևորիչ է պաշտոնապես սկսել լրագրողական կրթության ոլորտում այս նոր եզակի փոխգործակցությունը Հայաստան ամերիկյան համալսարանի և Վաշինգթոնի նահանգային համալսարանի միջև։ Սա շրջադարձային քայլ է Հայաստանի մեդիա ոլորտի զարգացման ուղղությամբ և առաջիկա տարիներին այն կնպաստի Հայաստանի լրագրողական համայնքի մասնագիտական կատարելագործմանը», - ասաց Վաշինգթոնի նահանգային համալսարանի հաղորդակցության գծով պրոֆեսոր, դ-ր Լորենս Փինթաքը։

Այս ծրագրից զատ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը նաև Հայաստանի ամերիկյան համալսարանին ֆինանսավորում է տրամադրում լրագրողների համար անգլերենի երկամյա դասընթաց կազմակերպելու նպատակով, որը թույլ կտա լրագրողական համայնքի անդամներին կատարելագործել անգլերենի իմացությունը՝ մասնագիտական կարիքներից բխող դասընթացների միջոցով»,- նշվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter