«Հայացք». Տաշքենդը լայնացնում է «մանևրի» դաշտը
Հետխորհրդային տարածքում կարևոր նշանակության վերջին իրադարձությունը Ուզբեկստանի որոշումն էր` ՀԱՊԿ-ում իր անդամակցության կասեցման մասին: Անցած շաբաթ` հունիսի 28-ին, պաշտոնական Տաշքենդը համապատասխան նոտա էր ուղարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարություն և այդպիսով ՀԱՊԿ մյուս 6 երկրներին տեղյակ պահել իր մտադրության մասին: Ու թեպետ խոսքն առայժմ միայն անդամակցության կասեցման և ոչ թե կազմակերպությունից դուրս գալու մասին է, Ռուսաստանի և կենտրոնասիական պետությունների փորձագիտական հանրության մեջ հիմնավոր համոզմունք կա, որ երկրորդ քայլն էլ չի ուշանա:
Ինչ վերաբերում է շարժառիթներին, ապա մեկնաբանություններն այս կապակցությամբ տարբեր են: Ղրղըզական փորձագետները հիմնականում պնդում են, թե Տաշքենդը այսպիսի դեմարշի է դիմում, որովհետև անցած տարի Ղրղըզստանում ազգամիջյան բախումների ժամանակ տուժեցին հիմնականում ուզբեկները, և ՀԱՊԿ-ն որևէ գործուն միջամտություն չունեցավ խաղաղարար առաքելության իրականացման առումով, թեպետ Ղրղըզստանի կողմից պաշտոնական դիմում եղավ:
Ուզբեկստանի այս որոշումից նկատելի ոգևորություն ապրող Տաջիկստանի վերլուծաբանները փորձում են այս քայլը դիտարկել ԱՄՆ ազդեցության ընդլայնման համատեքստում` ըստ այդմ կանխատեսելով, որ Ռուսաստանը այլևս կդադարի հավասարակշռության քաղաքականություն վարել Դուշանբեի ու Տաշքենդի միջև և ուզբեկա-տաջիկական ավելի քան խնդրահարույց հարաբերություններում այլևս միանշանակ կկանգնի ՀԱՊԿ-ում կարևոր հանգույց հանդիսացող Տաջիկստանի թիկունքին:
Ղազախական փորձագետներն ավելի հակված են Ուզբեկստանի որոշումը բացատրել ծերացող Իսլամ Քարիմովի կողմից իշխանության փոխանցման անհրաժեշտությամբ, որն այս պահին փորձում է բոլոր արտաքին ազդեցությունները հասցնել նվազագույնի բացառապես իր որոշմամբ ժառանգորդ ընտրելու համար: Ռուսական փորձագիտական դաշտում ավելի հակված են Տաշքենդի քայլը մեկնաբանել որպես ԱՄՆ հաջողված դավադրություն, մանավանդ որ այդ որոշման մասին հայտարարվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Ուզբեկստան կատարած պաշտոնական այցից անմիջապես հետո, թեպետ ռուսական ԶԼՄ-ներով այցը հիմնականում հաջողված համարվեց:
Թերևս հավանական է, որ վերոնշյալ բոլոր պատճառներից յուրաքանչյուրն իր նշանակությունն է ունեցել Ի.Քարիմովի համար այս շրջադարձը կատարելիս: Ընդ որում` Ուզբեկստանը առաջին անգամ չի դիմում այս քայլին: 1999-ին Տաշքենդը մի անգամ արդեն դադարեցրեց իր անդամակցությունը ԱՊՀ Հավաքական անվտանգության պայմանագրին և կրկին նորացված ՀԱՊԿ վերադառնալու որոշում ընդունեց 2005-ի Անդիջանի դեպքերից հետո, երբ Ի. Քարիմովի հրամանով ճնշվեց հայտնի խռովությունը, և դրա գինը հարյուրավոր (արևմտյան կազմակերպությունների տվյալներով` մինչև 1800) զոհերն էին: Այն ժամանակ Վաշինգտոնը աննախադեպ ճնշում սկսեց գործադրել Տաշքենդի վրա, և Ի. Քարիմովը ստիպված էր ուղղակի պատսպարվել ՀԱՊԿ, այսինքն` ռուսական հովանոցի ներքո:
Թեպետ ՀԱՊԿ-ում իր անդամակցությունը վերականգնելուց հետո էլ Ուզբեկստանը միշտ ձգտել է առանձնակի դիրք ունենալ դաշինքի ներսում և գործնականում չի վավերացրել իր անդամակցությունը ամրապնդող որևէ հիմնարար փաստաթուղթ, հատկապես Կոլեկտիվ արձագանքման օպերատիվ ուժերի (ԽհԿՀ) ստեղծման մասին համաձայնագիրը: Այս պահվածքը սկզբունքորեն միշտ գրգռել է ՀԱՊԿ մյուս անդամներին: Բելառուսի նախագահ Ա.Լուկաշենկոն վերջին երկու տարում մի քանի անգամ հրապարակավ հայտարարել է, որ Ուզբեկստանին պետք է առհասարակ դուրս հանել դաշինքից: Սակայն Մոսկվան մինչև վերջին հնարավոր եզրը չդիմեց այդ քայլին, մինչդեռ Տաշքենդն ինքը որոշում կայացրեց` բավական զգալի հարված հասցնելով Կրեմլի ազդեցությանը և հեղինակությանը տարածաշրջանում:
Ուզբեկստանի այս կեցվածքի մեջ անշուշտ առկա է կենտրոնասիական տարածաշրջանի լիդեր լինելու հավակնությունը:
Եվ այնուհանդերձ, Տաշքենդի այս քայլը թերևս պետք է դիտարկել հենց ԱՄՆ կենտրոնասիական քաղաքականության համատեքստում, և պատահական չէ, որ որոշումը կայացվեց աշխարհաքաղաքական զարգացումների այս փուլում, երբ Ռուսաստանը արդեն Եվրասիական միություն է ձևավորում ՀԱՊԿ անդամ պետություններ Բելառուսի և Ղազախստանի հետ, պոտենցիալ անդամներ են դիտարկվում Ղրղըզստանը և Տաջիկստանը: Այս պայմաններում «ծանրքաշային» Ուզբեկստանին ռուսական ազդեցությունից բացահայտ դուրս բերելը շատ կարևոր է ԱՄՆ-ի համար` Աֆղանստանից զորքերը դուրս բերելուց հետո տարածաշրջանային հենակետ ունենալու համար:
Ըստ ամերիկյան տարբեր փորձագետների` Վաշինգտոնին հազիվ թե հաջողվի պահպանել Ղրղըզստանի տարածքում իր հենակետերը, հատկապես «Մանաս» օդանավակայանը: Ըստ ամենայնի, Բիշքեկը մոտ ապագայում կմիանա Բելառուս-Ռուսաստան-Ղազախստան մաքսային միությանը, հեռանկարում արդեն Եվրասիական միությանը, և ամերիկացիներին դուրս կհրավիրեն «Մանասից»: Վաշինգտոնը, արդեն մեկ-երկու տարի առաջ կանխատեսելով այս իրադրությունը, սկսեց բարելավել հարաբերությունները Ուզբեկստանի հետ` այլևս ուշադրություն չդարձնելով ռեժիմի բացահայտ ավտորիտար բնույթին: Պատահական չէ, որ Աֆղանստանից դուրս բերվող ՆԱՏՕ-ի զինուժի օգտագործված տեխնիկայի մեծ մասը նվերի կարգով տրվելու է Ուզբեկստանին, մասամբ նաև Թուրքմենստանին:
Այս երկու կենտրոնասիական երկրներն են, որ հետաքրքրում են Արևմուտքին ինչպես տարածաշրջանային բազավորման իմաստով, այնպես էլ նավթի ու գազի հարուստ պաշարներով: Հատկապես կարևոր է Թուրքմենստանը, բայց առանց Տաշքենդի աջակցության դժվար կլինի Աշգաբադին հետ պահել ապագա Եվրասիական միության մեջ հայտնվելու հեռանկարից: Այդ պատճառով էլ ԱՄՆ-ը տարածաշրջանում հիմնական «խաղադրույքը» կատարել է Ուզբեկստանի վրա, և առայժմ ռիսկն իրեն արդարացնում է, ու միանգամայն հավանական է, որ կենտրոնասիական այս երկու երկրներին կհաջողվի հետ պահել Ռուսաստանի «եվրասիական» գրկից:
Այս գործընթացը նույն չափով առնչվում է նաև ՀԱՊԿ անդամ Հայաստանին, որի նկատմամբ արևմտյան «զոնդաժը» գնալով նոր, ավելի հետաքրքիր նրբերանգներ է ընդունում: Թեպետ Հայաստանի նախագահի վերջին այցը Բրյուսել առանձնապես հաջողված չէր, եթե նկատի ունենանք, որ խոստացված 1,5 մլրդ եվրոյի օգնության հատկացման հարցը հետաձգվեց նախագահական ընտրություններից հետո:
Դա ինքնին մեծացնում է Երևանին «եվրասիական» ինտեգրացիայի մեջ ընդգրկելու Մոսկվայի հնարավորությունները: Ի տարբերություն Ուզբեկստանի` Հայաստանի մասով խաղն ավարտված չէ:
Վահան Վարդանյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել