HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելը Գազայի հատվածում վերսկսել է ռազմական գործողությունները

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ Գազայի հատվածում վերսկսում է ռազմական գործողությունները՝ «պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման սադրանքներից հետո»: Երևանի ժամանակով ժամը 07:54-ին ՑԱԽԱԼ-ը հայտնել է, որ ՀՕՊ ուժերը խոցել են Գազայի հատվածից արձակված հրթիռը:

«ՀԱՄԱՍ-ը խախտել է օպերատիվ դադարը և կրակ բացել իսրայելական տարածքի ուղղությամբ։ Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում վերսկսել է ռազմական գործողությունները՝ ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության դեմ»,- ասված է Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ, որը տարածվել է բանակի տելեգրամյան ալիքում։

Գազայի հատվածից հրթիռային արձակումների մասին նախազգուշացնող ազդանշանները հնչել էին տեղի ժամանակով առավոտյան մոտ ժամը 6-ին և 7-ին:

Դեռ այս գիշեր The Wall Street Journal թերթը, հղում անելով եգիպտացի պաշտոնյաներին, պնդում էր, որ Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են ևս մեկ օրով երկարաձգել հրադադարի ռեժիմը: Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ պայմանավորվածության շրջանակներում պետք է ազատ արձակվեր ևս 10 պատանդ՝ հիմնականում կանայք և երեխաներ:

Հիշեցնենք, որ ժամանակավոր հրադադարի պայմանավորվածությունը ուժի մեջ էր մտել անցած ուրբաթ: Այն ձեռք էր բերվել Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդությամբ։ Պայմանավորվածությունը ներառում էր Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումը և իսրայելցի պատանդների փոխանակումը պաղեստինցի բանտարկյալների հետ՝ «երեք բանտարկյալ մեկ պատանդի դիմաց» սկզբունքով: Նախնական պայմանավորվածությունը ենթադրում էր քառօրյա հրադադար։ Դրանից հետո պայմանավորվածությունը երկարաձգվեց ևս 2 օրով, իսկ հետո՝ 1-ով։

Հրադադարի յուրաքանչյուր լրացուցիչ օրվա պայմանը ևս 10-ը պատանդների վերադարձն էր։ Նախօրեին ՀԱՄԱՍ-ը ազատ էր արձակել ընդամենը 8 մարդու, սակայն Իսրայելը համաձայնել էր երկարաձգել հրադադարը: Ենթադրվում էր, որ հրադադարի ռեժիմը կերկարաձգվի ևս մի քանի օրով։ Այդ ուղղությամբ աշխատում էին միջազգային միջնորդները, այդ թվում՝ նախօրեին Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Հրադադարի մեկ շաբաթվա ընթացքում ազատ է արձակվել իսրայելցի 81 պատանդ: Գերության մեջ շարունակում է մնալ ևս 137-ը։ ՀԱՄԱՍ-ը պնդում է, որ նրանցից մի քանիսը ողջ չեն։

Լուսանկարը՝ Fatima Shbair/AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter