HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռիսկային ներդրում. ինչպե՞ս է «Սիթի բայք»-ը ներգրավել տասնյակ հազարավոր քաղաքացիների, և ովքե՞ր են ծրագրի հետևում

«Սիթի բայք»-ի տելեգրամյան խմբում ամեն օր մարդիկ հազարավոր նամակներ են գրում։ Ոմանք հարցնում են՝ ինչպես պետք է գրանցվեն, ներդրում կատարեն, արդյո՞ք կարող են առանց ներդրում անելու գումար հանել, ոմանք էլ, դեռևս չգիտակցելով, որ իրենց խաբել են, նշում են, թե չեն կարողանում էջ մուտք գործել, քանի որ իրենց արգելափակել են։ Բոլորին մեկ պատասխան են տալիս՝ «կապվեք ձեր վերադասի հետ»։ Իսկ երբ մարդիկ գրում են «վերադասներին», նրանք չեն պատասխանում նամակներին կամ էլ արգելափակում են։

Ի՞նչ է «Սիթի բայքը»

Արդեն մի քանի ամիս է՝ Հայաստանում «Սիթի բայք» (citibike.am) անվանումով կայքն առաջարկում է ներդրումներ անել եւ գումար վաստակել՝ ներդրումից տոկոսներ ստանալով։ Եթե ներդրողը հրավիրի նաեւ ընկերներին, ու նրանք իր կոդով գրանցվեն, ապա այդ գրանցումներից նույնպես ներդրում կատարողը գումար կստանա։

Ներդրում անողները «Սիթի բայք» կայքի և հավելվածի միջոցով կարող են գրանցվել։ Ընկերությունն էջեր ունի «Ֆեյսբուք»-ում, «Ինստագրամ»-ում, «Տիկտոկ»-ում։ Տելեգրամյան խումբն ունի մոտ 30 000 հետևորդ։ Ըստ «Սիթի բայք ինֆո» տելեգրամյան խմբի՝ ընկերությունը 100 000-ից ավելի անդամ ունի։

Ներկայում գործում է ներդրումների 6 տեսակ, ինչպես նաև՝ խնայողություն բաժինը.

Ընկերությունը ներկայանում է որպես ամերիկյան հայտնի Citi bike հեծանիվների վարձակալությամբ զբաղվող ընկերության հայաստանյան ծրագիր։

Տեղեկատվության անվտանգության մասնագետ Արթուր Պապյանի կարծիքով՝ «Սիթի բայք»-ի գործելաոճը շատ նման է ֆինանսական բուրգի։

«Ֆինանսական բուրգերը տարբեր երկրներում հաջողության են հասնում, որովհետև իրենք երկար ժամանակ հավաքում են մեծ քանակի մարդկանց, բոլորի գումարները կուտակում են և ամենահամապատասխան պահին միանգամից անհետանում են։ Իրավապահ համակարգն էլ մնում է բազմաթիվ, մի քանի տասնյակ հազարավոր բողոքների տակ։ Այդպիսի տեղերում պետք է ներդրում անեք այնքան գումար, որքան պատրաստ եք կորցնել». Արթուր Պապյան

 

Ի՞նչ մեխանիզմով է աշխատում ծրագիրը

Ներկայանալով հաճախորդ՝ այցելեցինք Երեւանի Հարավ-արեւմտյան թաղամասի Րաֆֆու 23/6 հասցեում գտնվող «Սիթի բայք»-ի խանութ։ Ծանոթանալուց հետո ասացինք, որ ուզում ենք ներդրում կատարել իրենց ծրագրում եւ փող աշխատել: Խանութի մենեջեր ներկայացած Ջուլիետան մեզ ներկայացրեց, թե ինչպես է ծրագիրը գործում, ինչու է ինքն անձամբ վստահել։

Ջուլիետան մեզ ցույց տվեց իր ներդրումները, ասաց, որ միայն 1 միլիոն դրամ փոխանցել է ծրագրի «խնայողություններ» բաժնին։ Նրա խոսքով՝ ինքն օրական 46 000 դրամ եկամուտ ունի, որը ձեւավորվում է թե՛ իր ներդրումներից ստացած տոկոսներից, թե՛ այն մարդկանցից, ովքեր գրանցվել են իր կոդով և նույնպես ներդրում արել։

Նա մեզ ցույց տվեց իր աշխատած գումարով գնած ոսկյա զարդերը, ասաց, որ չի զղջա և ոչ մեկին չի մեղադրի, եթե անգամ կորցնի իր ներդրած 1 մլն դրամը, քանի որ ավելի շատ գումար է ստացել, քան ներդրել է։ Ջուլիետայի խոսքով՝ պետք է ռիսկի դիմել և միանգամից ավելի շատ գումար ներդնել, VIP-երը կարելի է մի քանի անգամ գնել։ Ավելացրեց, որ չեն կարող ասել՝ ծրագիրը Հայաստանում ինչքան կմնա, բայց ինքը վստահում է ծրագրին, քանի որ տեսնում է՝ խանութներ են բացվում, մեկն էլ շուտով Մասիս քաղաքում կբացեն։ Բացի այդ, թանկարժեք միջոցառումներ են կազմակերպում, օրինակ՝ վերջերս Գյումրիում տեղի ունեցած միջոցառման ժամանակ մասնակցին վերջին սերնդի Iphone են նվիրել, նաև դրամական պարգևներ են հանձնել։ Այս ամենը իրեն վստահություն է ներշնչում։

Ջուլիետան նշեց, որ երբ ներդրում է կատարվում, ամերիկյան ընկերությունը դա օգտագործում է նոր հեծանիվների համար, որոնք վարձակալության տալով՝ մարդկանց տոկոսներ է տրամադրում։ Սակայն կանխիկացում կատարելիս 20%-ի չափով գումար է գանձվում։

Նա օգնեց մեզ գրանցվել կայքում և նշեց, որ ստացած եկամուտը հնարավոր է կանխիկացնել միայն երբ ներդրում կատարենք։ 

Մեր այն հարցին, թե ե՞րբ հնարավոր կլինի սրահում առկա հեծանիվները վարձակալել, Ջուլիետան ասաց, որ դեռ չգիտի։

Ովքե՞ր են կանգնած ծրագրի հետևում

Րաֆֆու 23/6 տարածքը, որտեղ «Սիթի բայք»-ի խանութն է, 2023թ. հուլիսի 1-ից վարձակալության է հանձնվել Ջուլիետա Մարտիրոսյանին։ Ջուլիետան այս խանութի մենեջերն է, նաև՝ «Սիթի բայք»-ի միջոցառումների կազմակերպիչը։ Բացի այդ, Ջուլիետան անհատ ձեռնարկատեր է, իրավաբանական անձանց պետական ռեգիստրում որպես նրա գործունեության հասցե նշված է Րաֆֆու 23/6-ը, այսինքն՝ հենց այս խանութի հասցեն։ Ըստ Պետական եկամուտների կոմիտեի՝ վերջինիս գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է։

«Սիթի բայք»-ն իր տելեգրամյան պաշտոնական խմբում հրապարակել էր մի փաստաթուղթ, ըստ որի՝ իրենք օրինական են աշխատում, քանի որ գրանցված են։

Այդ փաստաթղթում նշված էր Ալիսա Հովակիմյան ԱՁ անունը, փաստաթուղթը նաև փակցրած էր Րաֆֆու 23/6 փողոցի վրա գտնվող խանութի դռանը։ Պետական ռեգիստրում որպես գործունեության հասցե նշված էր Ալիսայի բնակության վայրը։ Ալիսան որպես անհատ ձեռնարկատեր գրանցվել է 2023թ. օգոստոսի 11-ին, նա նկարահանվել է նաև «Սիթի բայք»-ի մասին պատմող տեսանյութում։

Որպես մենեջեր ներկայացած Ջուլիետան մեզ ասաց, որ «Քաղաքային հեծանիվներ» ՍՊ ընկերություն ունեն և մեզ ցույց տվեց Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից վերցրած մի փաստաթուղթ, որտեղ նշված էր Ասյա Մեհտիի Գասպարյանի անունը՝ իբրեւ ընկերության 100% բաժնետեր։

Ջուլիետան թույլ չտվեց նկարահանել փաստաթուղթը, բայց թույլ տվեց ծանոթանալ դրան։ Մեր հարցին, թե ի՞նչ անունով է գրանցված ընկերությունը, Ջուլիետան պատասխանեց՝ հենց «Սիթի բայք»։ Նշենք, որ Հայաստանում գրանցված է «Սիթի բայք» անվանումով ՍՊԸ, որը զբաղվում է հեծանիվների վաճառքով։ Սակայն այն որևէ առնչություն չունի ներդրումներով աշխատող այս ընկերության հետ։

Ըստ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ ներդրումներով աշխատող ընկերությունը գրանցված է «Քաղաքային հեծանիվներ» անունով, որն, ըստ էության, «Սիթի բայք»-ի հայերեն անվանումն է։ Ընկերությունը գրանցվել է նոյեմբերի 15-ին։

«Սիթի բայք»-ի կայքում վերալիցքավորման բաժնում որպես գումար ստացող նշված է Ժորա Մոսինյանի անունը։ ՀՀ ընտրողների ռեգիստրի տվյալներով՝ Ժորա Մոսինյանը և Ասյա Գասպարյանը հաշվառված են մեկ հասցեում։ Ասյա Գասպարյանը Ժորա Մոսինյանի մայրն է։ Ժորա Մոսինյանի ֆեյսբուքյան էջում նշված է, որ աշխատում է ոստիկանությունում։ Պարզեցինք, որ նա Լոռու մարզի Թումանյանի ոստիկանության բաժնի օպերլիազոր է։

 

Կենտրոնական բանկը զգուշացնում է. «Սիթի Բայք»-ին լիցենզիա չի տրամադրվել

Կենտրոնական բանկն օրեր առաջ հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ «Սիթի բայքին» որևէ տեսակի գործունեության լիցենզիա չի տրամադրվել, և այն գործում է Կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս:

«Կենտրոնական բանկը չի կարող վերահսկել ընկերության գործունեությունից բխող ռիսկերը և ապահովել հաճախորդների շահերի պատշաճ պաշտպանություն, ինչը նշանակում է, որ քաղաքացիները նման կազմակերպություններին իրենց միջոցները վստահելիս գործում են բացառապես սեփական ռիսկով, և կարող է հանգեցնել ֆինանսական վնասների և ծանր սոցիալական հետևանքների»,- ասված էր ԿԲ հաղորդագրությունում։

ԿԲ հաղորդագրությանն ի պատասխան՝ «Սիթի բայք»-ի տելեգրամյան խմբում նշել են, որ իրենք դիմել են ԿԲ-ին լիցենզիա ստանալու համար, սակայն ԿԲ-ն ձգձգում է գործընթացը և չի ուզում լիցենզիա տրամադրել, քանի որ իրենք բանկերին մրցակից են։

«Կենտրոնական բանկը մեզ նախանձում ա։ Սիթի բայքը եթե սենց մնա էլ, մարդիկ բանկերից գումար էլ չեն վերցնի ու Սիթի բայքի հետ երջանիկ կապրենք բոլորս»,- այսպես է արձագանքել ԿԲ հայտարարությանը «Սիթի բայք»-ը։ 

Ամերիկյան Citi Bike ընկերությունը հերքում է, թե Հայաստանում ծառայություններ է մատուցում

«Հետք»-ի ընթերցողներից մեկը դիմել էր ամերիկյան «Սիթի բայք» ընկերությանը՝ ճշտելու՝ արդյոք իրենք Հայաստանում ներդրումներով աշխատող «Սիթի բայք»-ի հետ կապ ունեն։ 

«Ամերիկյան «Սիթի բայք» ընկերությունը որևէ կապ չունի դրա հետ»,- պատասխանել էին ընկերությունից։

Lyft ընկերությունը, որին պատկանում է ամերիկյան Citi Bike-ը, նույնպես հերքել է տեղեկությունը՝ հիշեցնելով, որ իրենք ծառայություններ մատուցում են միայն ԱՄՆ-ի տարածքում։

Շփոթեցնող անուն

Ներդրումային առաջարկներ անող «Սիթի բայք» կայքի անունը կարող է շփոթեցնել մարդկանց, քանի որ Հայաստանում իրականում գործում է «Սիթի բայք» անունով սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որը զբաղվում է հեծանիվների վաճառքով։ Այդ ընկերությունը ևս հերքել է իր կապը այդ կայքի հետ։

«Սիթի բայք»-ի մեկնաբանությունը

Խոսեցինք Ժորա Մոսինյանի հետ, նախ նա հերքեց իր կապը «Սիթի բայք»-ի հետ։ Իսկ երբ նշեցինք, որ իր անունը որպես գումար ստացող է նշված կայքի «վերալիցքավորում» բաժնում, և «Քաղաքային հեծանիվներ» ՍՊ ընկերությունն իր մոր՝ Ասյա Գասպարյանի անունով է, նա ասաց. «Հա ի՞նչ… ինչի՞ մասին եք խոսում։ Ես ձեզ չեմ ճանաչում ու որևէ բան չեմ կարող ձեզ տեղեկացնել»։ 

Մեր այն դիտարկմանը, որ քիչ առաջ ներկայացանք որպես «Հետք»-ի լրագրող, Ժորան պատասխանեց. «Հեռախոսազանգով չեմ կարող որևէ լրագրողի պատասխանել»։

Առաջարկեցինք հանդիպել մեր խմբագրությունում, նա հրաժարվեց։

««Քաղաքային հեծանիվներ» ՍՊԸ հա, կա, գոյություն ունի, մամայիս անունով ա, որը վարձույթով հեծանիվներ ա տալու՝ ոնց քաղաքում կան։ Ինչ վերաբերում է կայքին, դրա հետ որևէ կապ չունի»,-ասաց Ժորա Մոսինյանը։ 

Մեր պարզաբանումից, թե խանութի մենեջերն է մեզ հայտնել, որ ՍՊ ընկերություն են գրանցել և օրինական են աշխատում՝ Ժորա Մոսինյանը վրդովվեց. «Ես հիմա ձեր որևէ հարցի չեմ պատասխանում, «Սիթի բայք»-ի հետ կապ չունենք, դա առանձին ՍՊ ընկերություն ա, և քաղաքում հեծանիվներ են լինելու»։

Մեր այն հարցին՝ արդյոք «Սիթի բայք»-ի հեծանիվներն են լինելու, նա նշեց, որ որևէ տեղեկություն մեզ չի կարող տրամադրել։

Գլխավոր նկարը՝ Նարե Պետրոսյանի

Մեկնաբանություններ (3)

Անի
Ես էլ Սիթի Բայքում ունեմ 8000 եվ ավելի լիցք արած 2անգամ փոքր գումար եմ կանխիկացրել մի անգամ 38.000 եվ ավելի 20% պահումա արել 30.000 կանխիկացնել իսկ ներկա պահին մոտ 92.000 ունեի 50.000 կանխիկացում եմ արել ցույց է տալիս որ եղելա կատարված է բայց քարտիս չի նստում բանկում մութք չի եղել դեռ ունեմ 3 հատ վիպ 2 ակտիվացրած 2 հատ վիպ 1 եվ 1 հատ վիպ 3 ու շատ մարդիկ գրանցված շատ տոկոսներ գումարներ էր գալիս ու ես վաստակում եի կոպեկ կոպեկ հավաքում ունեմ խնայողություն եվ այլն ինչ կլինի ինձ եվս օգնեք որ գումարը ստանամ շատ կարևոր է ես միայնակ եմ երկու երեխա ունեմ մենակ եմ պահում 🤗🤗🤗🤗🥺🥺🥺🥺
Գոհար
Սիթի բայքում ներդրել եմ 334000 դրամ խնդրում եմ ինչվոր կերպ վերադարձնել գումարը
Հասմիկ
Սիթի Բայքում ունեմ 2հատ վիպ1,1հատ վիպ2,1հատ վիպ3,խնայողություն ում 30000դ,վերադաս Ագաթան արգելափակել է էջս,թույլ չի տալիս կանխիկացում անել,կայք քցել եմ ամեն վիպ գնելուց 1000դ,1700դ ,բոլորը միասին 4700դ,սակայն արգելափակել են,թույլ չեն տալիս գումարս կանխիկացնեմ,որոնք իմ վիպերից եկած եկամուտն են։Եթե հնարավոր է ինչ որ կերպ օգնել,խնդրում եմ օգնեք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter